Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ փաստաբանը միջնորդել է վերսկսել զինծառայողի մահվան գործով կասեցված վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել

February 3, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

2020 թ․ հունվարի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է վերսկսել 2018-ին մահացած զինծառայող Մարտին Խաչատրյանի գործով վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել։

 

Մ․ Խաչատրյանը մահացել էր 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Նույն օրը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), իսկ 2019-ի հոկտեմբերի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։

 

ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել է տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

 

ՀՀ  քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Հ․Ավետիսյանին ներկայացված միջնորդությամբ Ա․ Զալյանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացվել է թերի, առկա են հակասություններ (այդ թվում՝ քրեական գործը կասեցնելու որոշման և իրականացված փորձաքննությունների եզրակացությունների միջև) ու պարզաբանման ենթակա հարցեր, որի համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու իրականացնել դրանց պարզաբանմանն ուղղված քննչական գործողություններ։

 

Թերություններ կան նաև մյուս հետազոտություններում. ինքնաձիգի ձգան-բռնակից վերցված  քսվածքից փորձաքննությունն արձանագրել է, Մ․ Խաչատրյանից բացի, ևս մեկ անձի առկայություն, բայց վարույթն իրականացնող մարմինը չի փորձել պարզել՝ ով է այդ երկրորդը։

 

Պատշաճ չի հետազոտվել Մարտին Խաչատրյանի հեռախոսի տեղեկատվությունը, չեն վերծանվել զանգերը, որը էական նշանակություն կարող էր ունենալ։ Չեն վերծանվել նաև գործով իրավական կարգավիճակ ունեցող և նույն մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած անձանց զանգերը։

 

Ուշագրավ է, որ ինքնասպանություն որակված գործով չեն իրականացվել դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ՝ պարզելու նրա բարոյահոգեբանական վիճակը։ 

 

Էական հակասություններ կան դատաբժշկական փորձաքննության ու քրեական գործի վարույթը կասեցնելու որոշման միջև․ չնայած փորձաքննությամբ արձանագրվել է, որ կրակոցը կարող է արձակված լինել ընդհուպից մինչև 25-30 սմ հեռավորությունից՝ վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել փորձագետի եզրակացության մի մասը և արձանագրել, որ կրակոցն արձակվել է ընդհուպ հեռավորությունից։ Մինչդեռ մյուս հավանական հեռավորությունը հիմք ընդունելու դեպքում այլ հարցեր են առաջ գալիս, մասնավորապես՝ թե ինչպես է հնարավոր ինքնասպանություն գործել՝ ձեռքը հասցնելով ձգանին և միևնույն ժամանակ զենքը պահել 25-30 սմ հեռավորության վրա։ Խնդրահարույց են նաև զենքը պահելու դիրքի մասին քրեական գործի նյութերում առկա տվյալները։

 

ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը միջնորդությամբ արձանագրել է, որ այս հարցերին սպառիչ և հիմնավորված պատասխաններ տալու համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ։

Դիտումներ՝ 914

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????