Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով արդար քննություն ապահովելու համար գործի վարույթը ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից պետք է տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն: Այս կարծիքին է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ այս գործով ԱԱԾ տնօրենի հայտարարություններն անթույլատրելի են, քանի որ կարող են ազդել և՛ քննության, և՛ դատավարության վրա:
«ԱԱԾ տնօրենի այն հայտարարությունը, թե գործը կուղարկվի դատարան, և ամեն ինչ կպարզվի, արդեն իսկ իր լիազորությունների գերազանցում է: Դրանով նա կանխորոշում է նախաքննության մարմնի որոշումը, այսինքն՝ ասվում է, որ քննությունն անպայման պետք է ավարտվի ոչ միայն նախաքննության մարմնի մասով, այլ նաև կանխորոշվում է գլխավոր դատախազի կողմից մեղադրանքի հաստատման որոշումը: Այսինքն՝ թե՛ քննիչի, թե՛ դատախազի գործողությունները կամ նրանց կողմից իրականացվելիք գործողություններն արդեն կանխորոշվում են»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ դա արդեն իսկ բավարար հիմք է, որ նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն: Բայց, իրավապաշտպանի խոսքով, գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրա հիմքերը չի տեսնում:
«Ես գտնում եմ, որ գլխավոր դատախազի այդ որոշումը տեղին չէ»,- հավելում է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել էր գլխավոր դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղափոխել հատուկ քննչական ծառայություն: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե խնդիր չի տեսնում, որ գործը տեղափոխվի ՀՔԾ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, ասել էր, որ դրա համար հիմքեր պետք է լինեն:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանն օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Դավիթ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Եթե իմ կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տեսանյութ լինի, ես ձեռքս կկտրեմ»,- ապրիլի 30-ին հրավիրած ասուլիսում ասել է նա:
Սանասարյանը նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորել է այս գործով ընդհանրապես չխոսել, չխառնվել, քանի որ դա կարող է դիտարկվել որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Սանասարյանի գործի մեղադրանքն ամողջությամբ հիմնավորված է: Հակադարձելով Սանասարյանի փաստաբանների այն պնդումներին, թե ԱԱԾ-ն գործ է «կարում» Սանասարյանի վրա, Արթուր Վանեցյանը պատասխանել էր. «Մեղադրանքն ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այս գործով կարևոր հանգմանք է այն, որ ԱԱԾ տնօրենը պետք է զերծ մնա այս գործով հայտարարություններից, որպեսզի դա չդիտարկվի նախաքննության մարմնի նկատմամբ ճնշում կամ ուղղորդում:
«Ես գտնում եմ, որ նախաքննություն իրականացնող մարմնի, որն ԱԱԾ ենթակայության տակ է, անաչառությունն արդեն իսկ ԱԱԾ տնօրենի հայտարարությունից հետո մի քիչ կասկածելի: Եվ արդար դատաքննության իրավունքի առումով կան խնդիրներ, և որպեսզի այդ գործի նկատմամբ որևէ կասկած չլինի, պետք է գործն անհապաղ տեղափոխել հատուկ քննչական ծառայություն»,- հավելեց Սաքունցը:
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հայտարարություններին, որ ինքը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ չէր կարող կոռուպցիոն գործընթացներում ներգրավվել, Արթուր Սաքունցը նշում է, որ այդ հայտարարությունները նա կատարում է՝ ելնելով անմեղության կանխավարկածից և այն համոզմունքից, որ չկա որևէ հիմք՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրելու:
«Սա լուրջ հայտարարություն է այն առումով, որ դա ոչ թե ինքնապաշտպանության տեսանկյունից է արվում, այլ համոզվածությամբ, որ քրեական հետապնդումը հիմքեր չունի: Հետևաբար, պետք է անաչառ քննություն ապահովվի»,- ասում է նա:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս մտահոգիչ համարում ԱԱԾ տնօրենի հայտարարությունը:
«ԱԱԾ տնօրենն ընդհանրապես պետք է նման հայտարարություններ չաներ, որովհետև նա բարձրաստիճան պաշտոնյա է, և բնական է, որ նրա հրապարակային հայտարարությունները կարող են ազդել և նախաքննական մարմնի վրա, կողմնորոշել նրան և ապագայում կարող են ազդեցություն ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ պետք է սպասել նախաքննության ավարտին: Լինելու է դատական գործընթաց, այդ փուլում պարզ կլինի, թե ի՛նչ խնդիրներ են եղել: Նրա խոսքով՝ այս գործով պետական բոլոր մարմիններն պետք է լռեն, միայն լրագրողները, փաստաբաններն ու իրավապաշտպանները կարող են այս փուլում մեկնաբանություններ անել:
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի փաստաբանների այն պնդումներին, թե գործը «կարված» է, Վարդան Հարությունյանն ասում է, որ աշխարհի բոլոր երկրներում՝ թե՛ լավ, թե՛ վատ, հնարավոր է «գործ սարքել»:
«Այդ թվում՝ դա հնարավոր է Հայաստանում: Մնում է, որ Հայաստանի արդարադատությունը, երկրում եղած դատական համակարգն այնպիսին լինի, որ բացահայտի գործ սարքելու և՛ միտումը, և՛ ընթացքը, և՛ մեղավորներին ապագայում պատժի»,- ընդգծում է Հարությունյանը: