Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԶՈՒ գեներալները շարունակում են քաղաքական հայտարարություններ անել․ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ կասեցնելու նման վարքագիծը»․ Սաքունց

March 12, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, Օնիկ Գասպարյանն ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Նա ասել է, որ կդիմի վարչական դատարան։ Դուք նկատել էիք, որ ի հեճուկս ներքաղաքական հարցերում ներքաշելու փորձերի, Օնիկ Գասպարյանը ցուցաբերեց բացառիկ պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխեց բացառապես իրավական դաշտ։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

 

– Մենք ժամանակին հստակ դիրքորոշում ենք արտահայտել, որ զինված ուժերը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն։ Սա սահմանադրական սկզբունք է և հիմնված է տարբեր պետությունների փորձի վրա։

 

Երբ զինված ուժերը մասնակցություն են ունենում քաղաքական խնդիրների լուծմանը, ապա դա անխուսափելիորեն հանգեցնում է արյունահեղության, մարդկային զոհերի, պետությունը տարիներով հետ է ընկնում։

 

Եվ Օնիկ Գասպարյանի որոշումը՝ դիմելու դատարան, ամրագրեց, որ ինքը հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ։ Կապ չունի, թե ինչ ընթացք է ստանալու, ինչ լուծում է լինելու դատաքննության արդյունքում։

 

Խնդիրն այն է, որ սա օրինակ է, որ եթե կա ինչ-որ հարց, անհամաձայնություն, գլխավոր շտաբի նախկին պետը օրինակ ցույց տվեց, որ դա կարող է բողոքարկվել իրավական ճանապարհով՝ դատարանում։

 

Սա նախադեպ է, որովհետև նման դեպք չի եղել, երբ որևէ ենթակա, որին հրաման է տրվում զինվորական ծառայության շրջանակում, կատարի հրամանը, բայց հետո որոշի բողոքարկել այն, եթե գտնում է, որ այդ հրամանն ապօրինի է կամ անհիմն։

 

Ես նկատեցի, որ ԶՈՒ գեներալները դեռևս շարունակում են քաղաքական հայտարարություններ անել, ինչը, իմ համոզմամբ, անթույլատրելի է։

 

Եվ պետք է լրջորեն միջոցներ ձեռնարկվեն՝ կասեցնելու նման վարքագիծը, որովհետև, երբ այսպես կոչված քաղաքական ընդդիմադիրները կամ որևէ քաղաքական ուժ փորձում են իրենց նպատակների համար նման վարքագիծը խրախուսել, ապա պետք է հասկանան, որ դա ոչ միայն կարող է հանգեցնել արյունահեղության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այլ նաև ինքնին կազմաքանդում է զինված ուժերը։

 

Դա վատ օրինակ է, երբ զինվորական ծառայության հիերարխիայի տրամաբանությունը կարող է խախտվել, այսինքն՝ որևէ ենթակա իր հրամանատարին չենթարկվել և ասել՝ «ես պահանջում եմ, որ դու հրաժարական տաս»։ Ենթադրենք՝ վաշտի հրամանատարը պահանջում է գումարտակի հրամանատարից հրաժարական տալ ու ասում՝ ես ձեր հրամանը չեն կատարում։

 

Պետք է հասկանալ, որ սա ուղղակի խայտառակ իրավիճակ կարող է ստեղծել։ Եվ երբ «մտահոգները» խոսում են զինված ուժերի հեղինակության կամ զինված ուժերի՝ որպես երկրի անվտանգության կարևոր ինստիտուտի մասին, ապա իրենց այդ վարքագծով ու նման մոտեցումներով, երբ խրախուսում են զինվորականներին չենթարկվել այդ հրամանատարին, կազմաքանդում և ամենամեծ վնասն են հասցնում զինված ուժերին։

 

– Տեսակետներ են հնչում իրավունքի ոլորտի մասնագետներից, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը հակասահմանադրական գործընթաց էր։

 

– Անհատական իրավական ակտերի հակասահմանադրական լինելու տրամաբանությունը չեմ հասկանում, որովհետև անձին պաշտոնի նշանակելու հետ կապված գոյություն ունի հստակ մեկ սկզբունք՝ ինչքանո՞վ է անձը համապատասխանում այդ պաշտոնին։

 

Եվ եթե անձն ազատվում է պաշտոնից, նմանապես նույն հիմնավորումները պետք է լինեն։ Այսինքն՝ այստեղ հարցը Սահմանադրության ո՞ր հոդվածի հետ է կապված, ո՞ր նորմերն են խախտվում։

 

Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ ԳՇ պետին պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկով։ Եվ, բնականաբար, ով նշանակում է, նա էլ ազատում է։

 

Մինչ այս, նույն Արմեն Սարգսյանին՝ որպես Հանրապետության նախագահի բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվել վարչապետի կողմից՝ պաշտոնի առաջադրելու ու պաշտոնից ազատելու մասին։

 

Եվ ոչ մի անգամ նա առարկություններ չի ունեցել։ Հիմա ինձ մոտ հիմնավոր կասկած է ձևավորվում, որ այդ մոտեցումներն ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեն։ Ո՞րն է պատճառը, որ այս ներքաղաքական իրադարձությունների ժամանակ դու հանկարծ որոշեցիր, որ այդտեղ կան առարկություններ, մեկ այլ իրավիճակում առարկություններ չունեիր։

 

Սահմանադրական մարմինների միջև խնդիրները պետք է լուծել Սահմանադրության շրջանակներում, հիմա տրամաբանությունը հուշում է, որ դու փորձում ես քո լիազորություններն օգտագործել՝ ներքաղաքական իրավիճակից ելնելով։ 

 

Կրկնում եմ՝ այս առումով Օնիկ Գասպարյանը եզակի պատասխանատու վարքագիծ դրսևորեց և ընտրեց իրավական ճանապարհը, այսինքն՝ գտնվեց սահմանադրական և իրավական հարթության վրա։

 

medialab.am

Դիտումներ՝ 65

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????