Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ամենածայրահեղ կարծիքը, նույնիսկ վիրավորական ՝ պաշտպանված են կարծիքի և խոսքի ազատության իրավունքով». Արթուր Սաքունց

March 14, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում էՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, հրապարակվել է տեսանյութ, որում այսպես կոչված «հեղափոխության պահապանները» ստիպում են մեկ այլ տղամարդու ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից՝ նրան հայհոյելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում։ Սա իշխանությանը դե՞մ, թե՞ իշխանության համար արված գործողություն է։

 

– Անկախ նրանից, թե քաղաքացին ինչ է խոսել, տվյալ դեպքում մենք գործ ունենք քաղաքացու կարծիքի հիման վրա նրա նկատմամբ ճնշման գործողության փաստի հետ, որը նպատակ է հետապնդում ստիպելու մարդուն փոխել իր կարծիքը։ 

 

Ավելին, կարծիքի համար նույնիսկ ներողություն խնդրել։ Սա կարող է լինել թե՛ իշխանության օգտին, թե՛ ցանկացած որևէ քաղաքական ուժին, կամ թեկուզ որևէ քրեական աշխարհի հեղինակության հետ կապված։ 

 

Կապ չունի։ Սա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական և իրավական պետությանը։ Եվ նման գործողությունները կանխելու պատասխանատվությունը կրում է ուղիղ իշխանությունը։ 

 

Եվ ես գտնում եմ, որ իշխանությունը շատ շուտ և հստակ պետք է իր դիրքորոշումն արտահայտի տեղի ունեցածի նկատմամբ, հատկապես որ այսպես կոչված «հեղափոխության պահապանների» անվան տակ ինքնակոչ խմբավորումը հանդես է գալիս իբրև թե իշխանության ներկայացուցչի շահերի պաշտպանության օգտին։ Եվ ուրեմն որևէ անձի շահերի պաշտպանության օգտին ցանկացած գործողություն չի կարող լինել հակաօրինական, մանավանդ որ այն էությամբ բռնի է և չի համապատասխանում ոչ բռնի, բացառիկ խաղաղ, թավշյա հեղափոխության արժեքային համակարգին։ 

 

Ընդհանրապես, անթույլատրելի, անհամատեղելի են ժողովրդավարական և իրավական պետությունում նման դրսևորումները։ Դա հակաօրինական է, արժանապատվությունը նվաստացնող գործողություն է, որի կանխման, նման գործողություն կատարողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու ուղիղ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ 

 

Եվ եթե իշխանությունը չարձագանքի և արդյունավետ քննություն չիրականացնեն իրավապահ մարմինները այդ խմբին բացահայտելու, պարզելու, թե ովքեր են նրանց հովանավորները, աջակիցները, կազմակերպիչները, ապա պատասխանատվությունը նորից կրելու է իշխանությունը։

 

– Ըստ ձեզ՝ իշխանությանը արջի ծառայությո՞ւն են ուզում մատուցել, թե՞ ուզում են վարկաբեկել։ Վայքում վարչապետն էլ անդրադարձավ տեղի ունեցածին՝ անընդունելի համարելով նրանց արարքը: «Հայհոյում են, ջհանդամ թե չհայհոյեն, իրենց գլխին կպնի իրենց հայհոյանքը»,- ասաց Փաշինյանը։

 

– Սա պետք է լինի հստակ իրավական գնահատական։ Ես, ցավոք, չեմ լսել՝ վարչապետն ինչ գնահատական է տվել։ Խոսքը արդյունավետ քննության իրականացման մասին է։ Նման գործողությունները չեն կարող պատիվ բերել որևէ իշխանության։ Խնդիրը պարտավորություններին է վերաբերում, և եթե հիմա այդ գործողությունը չկատարվի, սա հիմքեր կարող է ստեղծել, որպեսզի մեղադրեն իշխանությանը, որ այդ խմբավորումը կապ ունի իշխանության հետ։ Եվ այս մանիպուլյացիան արդեն ընթանում է։

 

– Նրանք իրենց հայտարարության մեջ նշել են, որ եկել են պաշտպանելու օրենքը, որ չի կարելի հայհոյել վարչապետին և այլն։

 

– Ընդհանրապես նրանք ովքեր են, որ որոշեն՝ ենթադրենք, կարելի է, թե չի կարելի։ Իհարկե ամեն մեկն ինքն է պատասխանատվություն կրում, թե իր կարծիքը, իր վերաբերմունքը ինչ բառերով, ինչ տեքստերով է արտահայտում։ Եվ եթե խոսքը չի կրում բռնության սպառնալիք, թշնամանքի, ատելության տեսանկյունից, բնականաբար, նա չի կարող հետապնդվել։ Ամենածայրահեղ կարծիքը, նույնիսկ վիրավորական արտահայտությունները պաշտոնատար անձանց, իշխանությունների հասցեին՝ պաշտպանված են կարծիքի և խոսքի ազատության իրավունքով։ Սա պետք է հստակ գիտակցել։

 

– Այսինքն՝ նրանց պետք է պատասխանատվությա՞ն կանչեն, նաև քրեական գործ հարուցվի՞։

 

– Տվյալ դեպքում իրադարձությունը տեղի է ունենում երևի թե ինչ-որ սենյակում, այսինքն՝ ներխուժել են, ինչը աշխատանքային գործունեությունը խոչընդոտելու փաստ է, այսինքն՝ իրավական գնահատականի համար հիմքերի մասին պետք է պարզվի քննությամբ, բայց որ անձի նկատմամբ՝ նրա կարծիքի հիման վրա ճնշում է տեղի ունենում, սա չի կարող ընդունելի համարվել, սա կարող է վարչական կամ քրեական պատասխանատվություն ենթադրել, բայց դա պետք է քննությունը ցույց տա, ու պետք է շուտափույթ հայտնաբերել, թե ովքեր են նրանք։ 

 

Անխուսափելի ասոցացվում է Ռուսաստանում Պուտինի վերաբերյալ բացասական կարծիք ունեցողների հետ կամ Կադիրովի դեմ քննադատական խոսք ասողների նկատմամբ ճնշումները, երբ ստիպում են մարդկանց հրապարակային ներողություն խնդրել, էլ չեմ խոսում Իրանի Իսլամական Հանրապետությունում Իսլամական հեղափոխության պահապանների խայտառակ խմբավորումը, որի ղեկավարը սպանվեց Իրաքում, Հայաստանում նման բան չի կարող լինել։

 

Կրկնում եմ՝ ինչքան ուշանա դրա բացահայտումը, այնքան դրա հետևանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել, այսինքն՝ ցանկացած ինքնակոչ խումբ կարող է հավաքվել և հանդես գալ մեկը, ենթադրենք՝ այս քաղաքական ուժին սատարելու և այլն։

 

– Իշխանության ներսից դա կարո՞ղ էր հրահրվել։

 

– Ես ամենավատ երազում անգամ չեմ կարծում, որ իշխանությունը, նկատի ունեմ՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նման բան ցանկանան անել, բայց որպեսզի հստակություն մտցնեն, իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն, բայց մինչ այդ պետք է հստակ գնահատական տրվի հստակ հայտարարության տեսքով։

 

medialab.am

Դիտումներ՝ 197

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????