«Այն, որ Եռաբլուրում ծառայություն իրականացնող ոստիկանների աչքի առաջ ավտոմեքենաներ են թալանվում, համակարգային խնդիրների հետևանք է»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այսօր Եռաբլուրն է, վաղը մարդու անձնական սեփականության տարածքն է կամ ուրիշ դեպք կարող է լինել»,- հավելում է Սաքունցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինորական պանթեոնին հարող տարածքում, որտեղ ապրիլյան զոհերին հարգանքի տուրք մատուցելու արարողություն էր, երկու ավտոմեքենա էր թալանվել: Մեքենաներից մեկը պատկանում էր ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:
Սոցիալական ցանցերում մարդիկ տարակուսանք էին հայտնել, թե ինչպես են ուժեղացված հսկողություն իրականացնող ոստիկանների «աչքի առաջ» գողություն կատարել: Կան տեսակետներ, որ դա նախկին իշխանությունների ներկայացուցիչների հրահանգով կատարված գողություն է, որպեսզի նոր իշխանություններին «սևացնեն»:
Այս մեկնաբանություններին ի պատասխան Արթուր Սաքունցն ասում է, որ կտրուկ եզրակացություններ չպետք է անել: Ըստ նրա՝ կարող են լինել ենթադրություններ, մարդիկ կարող են քաղաքական ենթատեքստ տեսնել այդ ամենում, բայց առանց հիմքերի չպետք է նման եզրակացություններ անել:
«Առանց հիմքերի ինչպե՞ս կարելի է վարկածներ առաջ քաշել: Ուղղակի շատ տգեղ երևույթ է, որ այս օրը նման վայրում նման դեպք է գրանցվում: Որևէ կերպ չես կարող արդարացնել գողությունը, իսկ այդ օրվա կատարվածը, անկախ նրանից, թե հրահանգավորված է, թելադրված է, թե նպատակային է արվել, բոլոր դեպքերում շատ անմարդկային է: Բայց որ անպայման պետք է բացահայտվի, հետո նոր գնահատական տրվի՝ դա միանշանակ է»,- ասում է նա:
Նշենք, որ 2018 թվականից Հայաստանում գողությունների թիվը աճել է: Շատ են ահազանգերը բնակարանային ու ավտոմեքենաների հետ կապված գողությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ 2017-ի համեմատ 2018-ին Երևանում բնակարանային գողություններն աճել են 81 տոկոսով: Այս տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճի միտումը պահպանվում է:
Հարցին, թե արդյոք իրավապահների անգործության հետևանքո՞վ են ավելացել նման դեպքերը, թե՞ այլ պատճառներ էլ կան, Արթուր Սաքունցը պատասխանում է, որ գողություններն ընդհանրապես դժվար բացահայտվող հանցագործություններ են, և հանցագործությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գողության դեպքերը տարիներով չեն բացահայտվում:
«Իրավապահ մարմինների պատասխանատվությունը, բնականաբար, ուղղակի է: Եվ այստեղ հարցը տեղին է, որ իրավապահ մարմինները, ես նկատի չունեմ միայն ոստիկանությունը, լուրջ բարեփոխումների, գործելաոճը արմատական փոխելու կարիք ունեն: Նրանց ղեկավարն է փոխվել, բայց ղեկավարը եղել է նույն համակարգի մարդ: Այսինքն՝ այստեղ աշխատաոճի սկզբունքները, փիլիսոփայությունը չեն փոխվել, տրամաբանությունը չի փոխվել: Իրապես պետք է լուրջ աշխատանքներ տանել փոփոխություններ իրականացնելու համար»,- ասում է նա:
Սաքունցի խոսքով՝ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ բավական լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն:
Իրավապահ մարմինները սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորում են համաներման գործոնով, որ ազատ արձակվածները նորից հանցագործություն են կատարում: Արթուր Սաքունցն ասում է, որ դա համաներման հետևանք չէ:
«Ավտորիտար կառավարման համակարգերում հանցագործություն միայն կատարում են իշխանությունները, որոնք ընդհանրապես չէին էլ գրանցվում, այլ դա գործելաոճ էր: Ավտորիտար իշխանության պարագայում հանցագործությունների նկատմամբ շատ կոշտ հսկողություն կար, հանցագործությունները կարգավորված էին: Իսկ ազատության պայմաններում, բնականաբար, ազատություն ստանում են նաև մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ և փորձում են լուծել: Ամբողջ խնդիրն այն է, որ հենց այդ ազատության պայմաններում ոստիկանության գործելաոճում պետք է արմատական փոփոխություն լինի, որ ոչ թե միայն հետևանքներին արձագանքեն, այլև լուրջ կանխարգելիչ աշխատանքներ կատարեն»,- ասում է նա:
Բայց, ըստ իրավապաշտպանի, կանխարգելման աշխատանքները միայն ոստիկանության վրա չպետք է լինեն: Պետք են տնտեսական, սոցիալական, կրթական լուրջ բարեփոխումներ, որպեսզի քաղաքացիների մի մասի էներգիան ուղղվի ոչ թե հանցագործությունների կատարմանը, այլ ստեղծագործ աշխատանքի կատարմանը:
«Այնպես որ, ես այս իրավիճակն ավելի շատ կապում եմ ազատության դրսևորումներից մեկի հետ, որը, սակայն, վատ տարբերակով է դրսևորվում: Ինստիտուտները ազատության պարագայում պետք է նոր գործելաոճին սովորեն: Լուծումները չեն կարող լինել նախկին ձևերով, բայց ազատության պայմաններում նախկին հիվանդություններին, որոնք պայմանավորված են խնդիրներով, պետք է լուծումներ տրվեն»,- հավելում է Սաքունցը: