Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կարծում եմ, որ քննության ընթացքում բավարար հիմքեր կլինեն, որ Սերժ Սարգսյանը նաև որպես կասկածյալ ու մեղադրյալ ներգրավվի»․ Արթուր Սաքունց

February 6, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

- Պարո՛ն Սաքունց, դուք նշում էիք, որ «Մարտի 1»-ի գործով այս շղթայի բոլոր պատասխանատուները պետք է հարցաքննվեն։ Հիմա Սերժ Սարգսյանին են կանչել հարցաքննության և, ըստ մամուլի, մոտ հինգ ժամ քննել են։ Հիմա սա ի՞նչ նոր էջ է բացում։

 

- Կծիկն արդեն սկսել է բացվել։ Բնականաբար, սպասելի է, որ 2008 թվականին վարչապետ եղած Սերժ Սարգսյանը՝ որպես իշխանության երրորդ դեմք, պետք է նույնպես հարցաքննվեր, որովհետև, ըստ էության, այդ ամենը իշխանության կողմից է կատարվել։ Ուղղակի երևի թե նախաքննության այս փուլում է հնարավոր եղել որպես վկա հարցաքննել։ Բայց կարծում եմ, որ քննության ընթացքում բավարար հիմքեր կլինեն, որ Սերժ Սարգսյանը նաև որպես կասկածյալ ու մեղադրյալ ներգրավվի։

 

- Ինչո՞վ է պայմանավորված, որ թեև իրավապաշտպանները բարձրաձայնում էին, որ այս գործով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է կանչել հարցաքննության, բայց Սերժ Սարգսյանին միայն ամիսներ հետո  հնարավոր եղավ հարցաքննել։

 

- Չեմ կարող պնդել, թե ինչով է պայմանավորված, որովհետև չեմ կարծում, թե դա որևէ ենթատեքստ ունի։ Կարծում եմ՝ ընդամենը նախաքննության մարմինն է ըստ ընթացքի այս պահին հիմնավոր գտել Սերժ Սարգսյանին հարցաքննելու համար։ Երևի թե առնվազն պետք է լինեն ցուցմունքներ ինչ-որ անձանց կողմից, որոնք պետք է հղումներ անեն Սերժ Սարգսյանին կամ հիշատակած լինեն նրա անունը, որի հիման վրա միայն նախաքննության մարմինը հրավիրել է նրան։

 

- Նախօրեին կայացել է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, փետրվարի 7-ին կհրապարակվի վճիռը։ Առհասարակ, ի՞նչ տպավորություն ունեք այս գործի քննության ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, Ղարաբաղի կողմից որոշակի միջամտություն կա, Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ծիծաղելի է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

 

- Չեմ կարծում, որ որևէ միջամտություն որևէ  ազդեցություն ունենա այս գործի ընթացքի վրա։ Այլ բան է, որ այս գործի հետ կապված, որը ես ոչ թե Քրեական օրենսգրքի որակմամբ, այլ իմ՝ որպես այդ երևույթը գնահատողի, մշտապես որակել եմ որպես պետական ահաբեկչություն, մեկնաբանություններն ամեն մեկն ըստ իր շահերի է տանում, ըստ իր ակնկալիքների։

 

Բայց միանշանակ է, որ «Մարտի 1»-ի հանցագործությունը բոլորի աչքի առջև է տեղի ունեցել, և առնվազն այն մեկնաբանությունը, թե ծիծաղելի է, որ սա սահմանադրական կարգի տապալման հիմքով է, ապա պետք է նշեմ, որ սահմանադրական կարգի  տապալումը գործողություն է, որը կապ չունի՝ անձը կամ մարդկանց խումբը իշխանության մե՞ջ է եղել, թե՞ իշխանությունից դուրս։ Դա գործողություն է, որի նպատակը եղել է սահմանադրական նորմերի խախտմամբ իշխանության զավթումը։

 

Այսինքն՝ սահմանադրական կարգ ասվածը ոչ թե նույնանում է անձանց հետ, որոնք ունեն իշխանական լծակ, այլ դրա հիմքում ընկած է ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման կարգի տապալումը։ Ոչ թե ընտրությունների արդյունքներով է իշխանությունը ձևավորվել, այլ զինված ուժերի կիրառմամբ։ Իհարկե, կարծում եմ, որ այս քրեական գործի հիմքում ընկած հոդվածը պետք է նաև ընդլայնվի, այլ հոդվածներ ներառվեն։ Դրանցում պետք է ներառվեն և՛ մարդու իրավունքների զանգվածային խախտման հիմքերը, և՛ ընտրության արդյունքները կեղծելը, և՛ քաղաքական հետապնդումները, և՛ արտակարգ դրության հիմնավորվածությունը։ Դա մեկ գործողություն չի եղել, եղել է հակասահմանադրական, հակաիրավական գործողությունների ամբողջ փունջ, որը միայն մեկ հոդվածով չես կարող որակել։  

 

- Մենք այս գործի շրջանակում տեսանք դատավորների ինքնաբացարկ։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Ընդհանրապես, տեսակետ կա, որ Հայաստանում դատավորների 90 տոկոսին պետք է հեռացնել համակարգից, որովհետև նրանք սովորել են այլ խաղի կանոններով աշխատելուն, Բաղրամյան 26-ից կամ այլ տեղերից պատվերներ ստանալով, հիմա էլ սպասում են զանգի կառավարությունից։

 

- Գործադիր իշխանությունը բացարձակ որևէ միջամտություն չպետք է թույլ տա և իրավունք էլ չունի միջամտել։ Դա կլինի շատ անթույլատրելի ու խայտառակ երևույթ։ Իսկ դատավորների ինքնաբացարկների դեպքում ավելի ճիշտ կլիներ ծանոթանալ այդ ինքնաբացարկների հիմնավորումներին, մեկնաբանություններին, թե ինչո՛ւ են նման քայլի գնում։

 

Որովհետև ինքնաբացարկի համար պետք է լինեն բավական լուրջ հիմքեր։ Ես ծանոթ չեմ ինքնաբացարկների հիմնավորումներին, պատճառաբանություններին, և այդ տեղեկատվության պակասը տեղ է թողնում բազմաթիվ մանիպուլյացիաների, հատկապես պաշտպանական կողմից։

 

Ես գտնում եմ, որ դատական իշխանությունը, որը ձևավորվել ու գործել է  գործադիր իշխանության թելադրանքի պայմաններում և այդ տրամաբանության շրջանակներում, ինքը բավական լուրջ բարեփոխման կարիք ունի։ Իսկ փոփոխության գնալու ճանապարհը հենց այս խնդիրների լուծման միջոցով պետք է լինի։ Դու չես կարող վիրահատական միջոցներով դատական իշխանությունը փոխել։ Դու չես կարող դատական իշխանությունը փոխել այն նույն մեխանիզմներով, որոնցով փոխվեցին Ազգային ժողովն ու Կառավարությունը։

 

Գործադիր իշխանությունը որևէ ուղղակի միջամտություն դատական քննությանը իրավունք չունի, դա նույնիսկ հանցագործություն է դատական իշխանության ու դատավորի անկախության նկատմամբ։ Այս դեպքում դատական իշխանության փոփոխության երկու ճանապարհ կա. մեկը դատական իշխանության առջև այնպիսի հարցեր ես բարձրացնում, որոնց լուծման ընթացքում իրենք վերագտնում են իրենց և չեն իրականացնում ըստ նախկին համակարգի բնույթով պայմանավորված ցուցումների և հրամանների արդարադատություն։ Սա ընդամենը բարի ցանկություն է։

 

Իսկ հիմնական ճանապարհը, այնուամենայնիվ, անցումային արդարադատության համակարգի ներդրումն է, որը ենթադրում է նաև ինստիտուցիոնալ մակարդակի փոփոխություններ դատական համակարգում։ Առանց դրա ես չեմ կարողանում պատկերացնել դատական համակարգում արմատական փոփոխությունները։

 

Մյուս կողմից՝ պետք է նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Այսինքն՝ դատական իշխանության ինքնակառավարման և դատավորների անկախության ապահովման համար պետք են օրենսդրական բավական լուրջ փոփոխություններ ու մեխանիզմներ ստեղծվեն։ Դա ենթադրում է թե՛ սահմանադրական փոփոխություններ, թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններ։ Նախորդ 30 տարիների ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով տուժածների խախտված իրավունքների վերականգնումը, դրանց ճանաչումը, նրանց թե բարոյական, թե նյութական փոխհատուցման տրամադրումը այն քավարանն է, որով դատական իշխանությունը պետք է անցնի, նաև այն ճանապարհն է, որով հնարավոր է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումն ու ապահովումը։

medialab.am

Դիտումներ՝ 1262

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????