Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Նորություններ | Պետական կառույցներ | Ռազմավարական գործեր | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Մուրադյան ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002 թվականին դիմումատուի որդու, պարտադիր ժամկետային հայ զինծառայողի մահվան գործով արդյունավետ քննության բացակայությանը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա վնասվածքի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքով արժանահավատ բացատրություն չտրամադրելուն (2-րդ հոդվածի նյութական խախտում)։
ՀՔԱՎ գրասենյակի գործունեության ռազմավարական ուղղություններից է զինվորական ծառայողների, զորակոչիկների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ներպետեկան գործիքներներից բացի Կազմակերպությունն օգտագործում է միջազգային իրավական և քաղաքական հարթակները՝ Հայաստանում համակարգային խնդիրները բարձրաձայնելու և առաջարկելու դրանց լուծման ուղղությամբ հնարավոր քայլերը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների համակագային խախտումները վերացնելու և իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու համար։ Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ, որոնք վերաբերում են վճիռների կատարմանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո:
Կազմակերպությունը «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացրել է երկու հաղորդում 2023թ․ հոկետմբերի 24-ին և նոյեմբերի 16-ին։ Հաղորդումներով Կազմակերպությունն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի շարունակվող խախտումներին, մատնանշել է դրանց պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև առաջարկել է ՀՀ իշխանություններին և ԵԽ Նախարարների կոմիտեին ուշադրություն դարձնել, ի թիվս այլնի, սպա-հոգեբանների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության ապահովման համար՝ ռազմական օմբուդսմենի գրասենյակի ներդնմանը։
07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել է որոշում՝ «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։
Զինված ուժերում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերացման հարցում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող գործությունների և զինծառայողների հոգեբանական աջակցության վերաբերյալ Կազմակերպության հաղորդումներով ներկայացված մտահոգությունները և խնդիրներն իրենց արտացլումն են գտել 07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ, որտեղ, ի թիվս այլնի, ընդհանուր միջոցառումների մասով Կոմիտեն առաջարկել է ՀՀ իշխանություններին կատարել ներքոնշյալ գործողությունները։
Տրամադրել վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։
Հնարավորինս արագ զարգացնել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմի ստեղծումը և այդ մասին տեղեկացնել Կոմիտեին։ Զեկուցել Կոմիտեին Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների կատարման վերաբերյալ։
Տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության ենթարկելու և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։
Քանի որ արդեն իսկ նախապատրաստվում է Ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման ռազմավարության նախագիծը, Կոմիտեին տեղեկացնել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, ընդունման ժամկետների և հետագա իրականացման համար նախատեսված քայլերի մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն զինծառայողներին պատշաճ հոգեբանական գնահատում և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։
Տեղեկատվություն տրամադրել առողջական լուրջ խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելը բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։
Կոմիտեն որոշել է վերսկսել գործերի քննարկումը ամենաուշը 2025 թվականին Կոմիտեի DH նիստերից մեկում: Կոմիտեի ամբողջական որոշումը՝ ԱՅՍՏԵՂ։
ՀՔԱՎ գրասենյակը շարունակելու է հետևողական կերպով մշտադիտարկել ընդդեմ ՀՀ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման առնչությամբ Կոմիտեի կողմից ընդունված որոշումների կատարումը և զեկուցել Կոմիտեին կատարման ընթացքի մասին։