Գործունեություն | Ընտրական գործընթաց | Հրապարակումներ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
Հայաստանում Ընտրական օրենսգիրքը իր թերություններով հանդերձ բավականին ազատականացված է, միաժամանակ տրամադրում է հակառակ շահերի փոխզսպումների և կշիռների մեխանիզմներ։ ԱԺ խմբակցությունները և անկախ ընտրական մարմինը կազմում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Թեկնածուները կարող են ունենալ վստահված անձանց այնպիսի քանակ, որն ի սկզբանե թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել ընտրությունների ընթացքը։ Հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները կարող են ուղարկել իրենց դիտորդներին կամ ներկայացուցիչներին ցանկացած տեղամաս: Շատ այլ երկրների համեմատ այս պատկերն իսկապես հուսադրող է՝ փոխադարձ զսպման շնորհիվ ազատ և արդար ընտրությունների որակը հնարավորինս բարձր մակարդակում պահելու տեսանկյունից:
Նախահեղափոխական ժամանակաշրջանում «խայտառակ ընտրություններ» ձևակերպումը բնորոշում էր զանգվածային լցոնումները, ընդդիմադիրների ծեծը տեղամասերում կամ 50 մետր շառավղով, ընտրակաշառքի վերջին «չափաբաժինները» բաժանվում էին մոտակա շտաբում, իսկ արդյունքները «շտկվում» էին եռամակարդակ ընտրական հանձնաժողովների կողմից:
Այդ ժամանակաշրջանում բարեխիղճ, սկզբունքային և հետևողական լինելու դեպքում հանձնաժողովի առանձին անդամների կամ նախագահների հաջողվում էր կանխել արդյունքների կեղծումը մեկ տեղամասում: Չնայած հանձնաժողովի անդամը այդ ժամանակ էլ իրավունք չուներ վստահված անձ լինելու, դա ստուգելու հնարավորությունը բացակայում էր և ոմանք օգտագործում էին այդ օրենսդրական բացն ու փորձում էին քվեարկության օրվա ընթացքում կամ ձայների հաշվարկի ժամանակ մի քանի տեղամասեր այցելել՝ արդեն վստահված անձի վկայականով։ Երբեմն ստացվում էր նման կերպ խախտում նկատել և հնարավորության դեպքում կանխել:
2011թ․ ընդունված Ընտրական օրենսգիրքը սահմանում էր, որ դիտորդական առաքելություն կարող էին իրականացնել միայն համապատասխան ստուգարք հանձնած և որակավորման վկայական ունեցող անձինք։ Ստուգարքը նույնն էր, ինչ պահանջվում էր հանձնաժողովի անդամի համար։ Այսինքն բարձր պահանջներ, բայց նվազագույն իրավունքներ և հավատարմագրման այնպիսի ժամկետներ, որոնցում կազմակերպությունները դժվարանում էին ապահովել դիտորդների մասնակցությունը: Արդյունքում դիտորդական կազմակերպությունները վերջին պահին օգտագործում էին դիտորդների որպես ԶԼՄ ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունը։ Այս հնարավորությունը կարևոր էր նաև այն պատճառով, որ տեղական դիտորդական կազմակերպությունը չէր կարող տեղամասում ունենալ մեկից ավելի դիտորդ, իսկ ԶԼՄ-ն կարող էր ունենալ երկու ներկայացուցիչ։
Սակայն նույն ժամանակաշրջանում այս հնարավորությունն օգտագործվում էր նաև մրցակցող կուսակցությունների կողմից՝ քվեարկության սենյակում իրենց քանակական գերակշռությունը ցույց տալու և ընտրողներին վերահսկելու համար։ Ավելին այս ժամանակահատվածում հատկապես հաճախ էր դիտարկվում, որ միևնույն անձը միաժամանակ ուներ մի քանի տեսակի վկայական, որոնք օգտագործում էր ըստ նպատակահարմարության։ Այսպես դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի և վստահված անձի վկայական ունենալու հնարավորությունըօգտագործում էին նաև այդ օրերի իշխանական կամ պրոիշխանական ուժերի ներկայացուցիչները՝ հակառակ նպատակով:
Ավելին, իրենց կատարմամբ այս խախտումը նաև նոր երանգներ էր ստանում: 2015թ. կեղծված Սահմանադրական հանրաքվեին, օրինակ, հաճախ էին հանդիպում ընդդիմադիր՝ «Ոչ» ճամբարից «Ժառանգություն» կուսակցության տրամադրած վկայականով անձինք, որոնք ուղղորդում էին ընտրողներին, կապ պահում ՀՀԿ-ի, այսինքն «Այո» ճամբարի վստահված անձանց, ինչպես և կասկածելի հեղինակություն վայելող և թե՛ տեղամասային կենտրոնում, թե՛ շրջակայքում կուտակված անհայտ անձանց («տասովշիկների») հետ: Այս անսպասելի, տարօրինակ վարքի պատասխանը պարզ էր՝ իրենք ձեռք էին բերել նաև հակառակ ճամբարի վստահված անձանց վկայականները։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ «Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները»: Սակայն ԸՕ-ն որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պիտի բացառվի այս խմբերի անձանց որպես վստահված անձ հադես գալը: Ըստ էության վստահված անձն այն մարդն է, ում մոտ առկա է թեկնածու կուսակցություններից որևէ մեկի համապատասխան վկայականը, որի վրա ձեռագիր ավելացված է իր անունը: Անձը փաստացի ստանում է վստահված անձի կարգավիճակ միայն տեղամասային կենտրոնի մուտքի մոտ համապատասխան վկայականը ամրացնելու կամ ցուցադրելու պահին: Թեև իր անձնագրային տվյալները արձանագրվում են տեղամասային հանձնաժողովի մատյանում, սակայն այդ ցուցակները երբեք ի մի չեն բերվում, իսկ թեկնածուները կամ կուսակցությունները նախապես չեն ներկայացնում իրենց վստահված անձանց ցուցակը, որը հնարավոր կլիներ համեմատել տեղամասային հանձնաժողովում գրանցված վստահված անձանց տվյալների հետ:
2016 թվականի Ընտրական օրենսգիրքը նախատեսեց ԶԼՄ-ների հավատարմագրում ևս։ Միաժամանակ Օրենսգիրքը վերացրեց դիտորդների ստուգարքի պահանջը։ Այս դեպքում ըստ էության միակ խնդիրը հավատարմագրման ժամկետներն էին։ Դիտորդական մեթոդաբանությունը պահանջում էր երկու դիտորդի ներկայություն, ինչը նշանակում էր գործընկեր կազմակերպությունների կողմից դիտորդների հավատարմագրում այնպես, որ միևնույն տեղամասում լինեն երկու տարբեր կազմակերպության դիտորդներ։ Դիտորդական կազմակերպությունների համար դժվար էր քվեարկության օրվանից ավելի քան երկու շաբաթ առաջ նախատեսել, թե որ դիտորդները որտեղ են դիտորդություն իրականացնելու և ինչ խմբերով, ըստ այդմ մասնավորապես Անկախ դիտորդը միևնույն անձանց հավատարմագրման համար դիմում էր տարբեր անդամ կազմակերպությունների անունից։
Զուգահեռաբար դիտորդները բացահայտում էին այլ կազմակերպությունների կեղծ դիտորդների, որոնք ներկայանում էին դիտորդական վկայականներով, սակայն նրանց անունը բացակայում էր համապատասխան կազմակերպության դիտորդների ցանկից։ Հաճախ այս կեղծ դիտորդները նեկայանալիս նշում էին իրենց նշանակաող կուսակցության անունը՝ դիտորդական կազմակերպության փոխարեն։ Իսկ բացահայտվելու դեպքում անմիջապես ցույց էին տալիս նաև վստահված անձի վկայականը։
2021թ․ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընդունվեցին այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին, դիտորդների և ԶԼՄ-ների առցանց գրանցմանը մինչև քվեարկությունից ընդամենը 3 օր առաջ։ Այս դեպքում թե՛ ԶԼՄ-ների, թե՛ դիտորդների վկայականներն ինքնագեներացվում են և արդեն իսկ պարունակում անձի տվյալները, ինչը բացառում է մեկ այլ անձի կողմից կեղծ վկայականի ներկայացումը։ Այս փոփոխությունների շնորհիվ իրական դիտորդական կազմակերպությունները կարող են արդյունավետ կազմակերպել իրենց առաքելությունն՝ առավել հետևողական լինելով այլոց խախտումների նկատմամբ։
Այնուամենայնիվ, մենք հիշում ենք, թե ինչպես է հնարավոր ունենալ ընտրություններ, որոնց ընթացքում ապահովված չէ ընտրողների ազատ կամարտահայտությունը, մինչդեռ թղթի վրա իսկապես ամեն ինչ այն ժամանակ էլ կարգին էր: Այսինքն առանցքային նշանակություն ունի փոխզսպման և փոխադարձ վերահսկողության համակարգի բաղադրիչներից մեկին՝ բոլոր ընտրությունների ժամանակ խնդրահարույց դերեր ստանձնող վստահված անձանց ինստիտուտի կարգավորումը։ Վստահված անձանց ինստիտուտի կարգավորումն առավել էական է, քանի որ նրանք փաստացի հանդիսանում են ընտրության արդյունքների ուղղակի շահագրգիռ կողմերից մեկը, ներկայացնում է թեկնածուի կամ թեկնածուների շահերը, և ունի օրենքով սահմանված ընտրական գործընթացի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու լայն լիազորություններ։
Վստահված անձանց ցուցակներն այժմ ևս չեն ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսինքն եթե դիտորդական կազմակերպությունը փորձի որպես դիտորդ գրանցել անձի, որը թեկնածու է, համակարգը դա ուղղակի թույլ չի տա։ Սակայն հանձնաժողովի անդամը, թեկնածուները կամ դիտորդները կարող են փաստացի հանդես գալ նաև որպես վստահված անձ՝ չունենալով դրա իրավունքը։
Իհարկե, վստահված անձանց դեպքում հանձնաժողովի հետևողական քարտուղարը կարող է կիրառել հակառակ տրամաբանությունը և հենց գրանցամատյանում տվյալները գրանցելիս համեմատել հանձնաժողովի անդամների, թեկնածուների ու դիտորդների տվյաների հետ։ Սա սակայն հավելյալ ջանք, կամք և ուշադրություն է պահանջում, որն իրատեսական չէ։ Այլ հարց է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողների, զինծառայողների որպես վստահված անձ ներկայանալու ռիսկը: Մի բան է քվեարկության սենյակում գտնվել՝ լինելով պարզապես ավագանու թեկնածու, մեկ այլ բան՝ քաղաքական գործընթացներում ընդհանրապես ներգրավվելու իրավունք չունեցող, միաժամանակ ենթադրյալ զգալի ազդեցություն ունեցող անձ, որպիսիք կարող են լինել այս խմբերի ներկայացուցիչները։ Նրանց ցուցակների հետ անձի տվյալները տեղում համեմատելը որևէ կերպ հնարավոր չէ: Այսինքն կա օրենքի պահանջ և սահմանափակումներ, միաժամանակ, դրա կատարումը կա՛մ ավելորդ ջանքեր է պահանջում կա՛մ պարզապես անհնար է։
2023թ․ մարտի 26-ին Սիսիան և Անի համայնքներում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ, ի դեպ, կես տարվա ընթացքում երկրորդ անգամ: Օգտագործելով այս առիթը, Անկախ դիտորդ դաշինքը որոշեց գոնե մասամբ ստուգել, արդյո՞ք վստահված անձանց ցուցակում եղել են հանձնաժողովների անդամներ, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, թեկնածուներ:
Այս նպատակով լուսանկարելու միջոցով հավաքել ենք բոլոր տեղամասերի գրանցամատյաններում գրանցված վստահված անձանց ցուցակները, թվայնացրել դրանք և համեմատել վերոնշյալ խմբերի հրապարակված ցուցակների հետ:
Հաշվի առնելով ընտրությունների փոքր ծավալը, բացահայտումն իհարկե ցնցող չէ, սակայն բավարար է խնդիրը ևս մեկ անգամ արձանագրելու համար:
Տեղամասերում որպես վստահված անձ գրանցվել էին 531 անգամ․ նույն վստահված անձը կարող էր շրջել (և շրջել է) տարբեր տեղամասերով, ինչպես նաև միևնույն տեղամասից դուրս գալու և ներս գալու արդյունքում մի քանի անգամ է գրանցվել: Այս գրառումների մի մասը չի պարունակում անձանց հայրանունները, ինչը թույլ չի տալիս բավարար ճշտգրտությամբ համեմատություն անցկացնել, ըստ այդմ համեմատվել են միայն անուն, ազգանուն, հայրանուն պարունակող 444 գրառումները: Փաստացի խոսքը գնում է շուրջ 280 անձի մասին։ Վստահված անձանց ցուցակներում հայտնաբերվել է 4 թեկնածու և մեկ լրագրող: Ընդ որում՝ բոլորն էլ Սիսիանում:
Թեկնածուներից երեքը (2 ՀՀԿ և 1 ՔՊ) գրանցվել էին ժամը 20:00-ից հետո՝ փաստացի որպես թեկնածու ունենալով քվեարկության սենյակում գտնվելու իրավունք: Եւս մեկ թեկնածուն (ՔՊ) գրանցվել էր առավոտյան՝ 8:12, երբ այդտեղ գտնվելու իրավունք չուներ: Նշենք, որ ԸՕ-ի տառի համաձայն News.am լրատվական կայքի լրագրողը, ով միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցության վստահված անձն էր, որևէ խախտում չի իրականացրել․ հավատարմագրված լրագրողները, ԸՕ բացի պատճառով, կարող են միաժամանակ լինել նաև վստահված անձինք: Բանն այլ է Հայաստանի հանրապետական կուսակցության և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկուական թեկնածուների դեպքում, երբ օրենքը հստակ արգելում է թեկնածուներին թե՛ վստահված անձ լինել, թե՛ քվեարկության ընթացքում քվեասենյակում գտնվել (բացառությամբ քվեարկելու համար): Ընդ որում, եթե ՔՊ-ի վստահված անձինք 16 և 36 համարների թեկնածուներ էին, ապա ՀՀԿ-ի դեպքում այդ դերը ստանձնել էին առաջին տասնյակից 5 և 6-րդ համարների թեկնածուները:
Քվեարկության ընթացքում տեղամասում թեկնածուների ներկայությունը արգելվում է այն տրամաբանությամբ, որ իրենք կարող են կաշկանդել կամ այլ կերպ ազդել ընտրողների վրա և փաստացի քարոզչություն իրականացնել։ Հայաստանյան իրականության մեջ սա իսկապես հիմնավորված արգելք է, սակայն ոչ բավարար։ Նույն թեկնածուները իրենց շուրջ հաճախ մարդաշատ կուտակումներ են ստեղծում տեղամասից դուրս՝ դիմավորելով և ճանապարհելով ընտրողներին: Ի վերջո, շուրջ 12 ժամ տևող այս «քրտնաջան» աշխատանքը թեկնածուները չէին իրականացնի, եթե դա արդյունավետ չհամարվեր:
Լուծումը, իրականում պարզ է. վստահված անձանց ցուցակները պիտի ներկայացվեն ԿԸՀ մինչև ընտրությունները, որևէ ողջամիտ ժամկետում: Սա ինքնաշխատ եղանակով թույլ կտա բացառել նույն անձին այլ դերերում ներգրավել, իսկ հասարակության հետաքրքրվածության դեպքում հնարավոր կդարձնի նաև այլ «արգելված խմբերից» վստահված անձանց նույնականացնելը և պատասխանատվության կանչելը: Միաժամանակ սա կլուծի երկու այլ խնդիր ևս․
Առաջինը. վստահված անձանց չլրացված վկայականները թողնվում են յուրային հանձնաժողովի նախագահի մոտ՝ ըստ անհրաժեշտության տրամադրելու նպատակով (ըստ էության, նրա համար, ով կգա և վստահ ձայնով կասի. «էն որ բեյջ էին թողել՝ իմն է»): "Հանձնաժողովների յուրային նախագահները այլևս ստիպված չեն լինի լրացնել այդ վկայականները" : Կուսակցությունները պետք է պարտավորված լինեն նախապես տրամադրել վկայականները նրանց և միայն նրանց, ում տվյալները նախապես հրապարակել է՝ ԿԸՀ ներկայացվող ցուցակի միջոցով:
Երկրորդը. «սրտացավ» վստահված անձինք, մինչև համապատասխան կարգավիճակով տեղամասում գրանցվելը կամ ընդհանրապես գրանցվելուց անկախ, հաճախ կազմակերպում են տարեց ընտրողների տեղափոխությունը դեպի տեղամասային կենտրոն, օգնում են հաղթահարել հիմնականում անհարթ մուտքը, գրանցվում որպես օգնող և օգնում այդ տարեց ընտրողին քվեարկել: Երբեմն այնքան ճարպիկ են այդ գործում, որ ընտրողը նույնիսկ չի էլ հասցնում քվեախցիկ հասնել, երբ նրբանկատ օգնողը արդեն ամեն ինչ արել է: Այս դեպքում էլ, թեկուզ եթե կարգավորումը ամբողջությամբ չի լուծի «կեղծ» օգնողների խնդիրը, ապա առնվազն կստիպի կուսակցություններին տարանջատել՝ կոչումով «օգնող» և իրենց վստահությունը վայելող վստահված անձանց: