Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության ոլորտում ձեռնարկվող քայլերը հատվածական են՝ մինչդեռ համակարգային լուծումներ են անհրաժեշտ

October 12, 2022

Այլ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, պատերազմը և պատերազմի վտանգը, հոգեկան առողջության պահպանումն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումը նոր մարտահրավերների առաջ է կանգնում և ավելի մեծ ջանքեր պահանջում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ և Մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ 2022 թ․ հոկտեմբերի 10-ին՝ հոգեկան առողջության միջազգային օրը, նախաձեռնել էր քննարկում այս խնդիրների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու և հնարավոր լուծումներ քննարկելու նպատակով։

 

Մասնագետները համակարծիք են, որ ձեռնարկվող քայլերը հատվածական են՝ մինչդեռ համակարգային լուծումներ են անհրաժեշտ։ Հատկապես որ մեր հասարակությունը, ըստ մասնագետների,  հետտրավմատիկ սթրես է ապրում ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո, այլ ավելի վաղ փուլերից, և պատերազմը առիթ եղավ այդ նարատիվները կրկին առաջ բերելու համար։

 

«Մենք 88 թ․-ից հետտրավմատիկ սթրեսային վիճակում ենք։ Երբ որ հասարակությունը 30 տարի ապրում է այս վիճակում, պետք է լինեն ոչ թե առանձին ակցիաներ, այլ՝ պետական ծրագիր՝ հետտրավմատիկ սթրեսի կառավարման, բուժման, վերականգնման և այլ խնդիրներ լուծելու համար»,-նշում է հոգեբույժ Սամվել Սուքիասյանը։

 

Հոգեբան Նարինե Խաչատրյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ազդեցությանը հասարակության վրա, նշեց, որ էքզիստենցիալ ճգնաժամերը նաև հնարավորություն են տալիս նորովի իմաստավորելու կյանքը, և տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ ևս դա դիտվում է։

 

Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով տուժած անձանց հոգեբանական աջակցության պետական ծրագրին, ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը նշում է, որ այդ աջակցությունն ստացել է շահառուների փոքր մասը, և հստակ չէ, թե ինչ սկզբունքով է որոշվել, թե ովքեր պետք է ընդգրկվեն ծրագրում և առաջնահերթ աջակցություն ստանան։ Սա այնպիսի հարց է, որ պահանջում է համակարգային լուծում։

 

«Մենք ուսումնասիրություն ենք արել անհայտ կորածների ընտանիքների շրջանում և հանդիպել ենք 104 ընտանիքի, այդ 104-ից միայն 4-ն են, որ այս կամ այն կերպ առնչվել են հոգեբանական աշխատանքի հետ»․ նշեց Արմինե Սադիկյանը։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ու ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյանն էլ անդրադարձան հոգեկան առողջության ոլորտի ապաինստիտուցիոնալացմանը։ Նրանք շեշտեցին, որ չնայած պետությունը դա հռչակել է որպես ռազմավարական նպատակ, բայց գործնականում հակառակ գործողություններ են իրականացվում։ 

 

«Հոգեկան առողջության ծառայությունները լավագույն ազդեցությունն ունենում են, երբ դրանք մարդու իրազեկ համաձայնությամբ են լինում, և հարկադիր, ոչ հոժարակամ ձևերը ոչ միշտ են պատշաճ արձագանք մարդու վիճակին։ Շատ կարևոր է, որ հոգեկան առողջությանը վերաբերող բոլոր գործընթացներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ ներգրավված լինեն»․ նշում է Մուշեղ Հովսեփյանը։

 

«Խնամքի տունը ևս լուծում չէ, քանի որ մարդիկ այնտեղ ևս իրենց որոշմամբ չեն․ իրենք չեն որոշել, որ հենց այս մարդկանց հետ ուզում են ապրել հենց այս տեղում այսքան ժամանակ։ Հայաստանի դեպքում սա կարող է լինել միջանկյալ լուծում, որից հետո այդ անձինք աստիճանաբար կվերադառնան համայնք»․ նշում է Սառա Ղազարյանը և հավելում, որ մենք մնացել ենք այդ կետում, և հաջորդ քայլը չի արվում։

 

Բանախոսներն անդրադարձան նաև քաղաքացիներից ստացված հարցերին։

 

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

 

Դիտումներ՝ 150

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????