Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ասուլիսը

March 5, 2019

Տեսադարան

«Ինչպես կասեր Մարկ Տվենը՝ իմ վախճանի մասին լուրերը մեծապես ուռճացված են կամ ինչպես գյումրեցին հայտնի անեկդոտում է ասում՝ քիչ մը շուտ է։ Ուրիշ ոչ մի քոմենթ չունեմ այդ ակցիային»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ երեկ Նարեկ Մալյանի կողմից կազմակերպված ակցիայի հետ կապված լրագրողի հարցին։

 

Պատասխանելով հարցադրմանը, թե չեն մտածել Նարեկ Մալյանի հետ երկխոսություն սկսելու շուրջ, Լարիսա Մինասյանն ասաց, որ երկխոսություն կարելի է վարել, բայց այդտեղ կան նախապայմաններ՝ սուտը, մանիպուլյացիան, հայհոյանքը երբևէ այն նախապայմանները չեն, որոնց առկայությամբ հնարավոր է որևէ երկխոսություն։

 

Ներկայացնելով հայտնի միջադեպի հետ կապված Հիմնադրամի դիրքորոշումը՝ Լարիսա Մինասյանը հայտարարեց․«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» խորապես մտահոգված է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է մեր և մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով, որոնք հանգեցրին Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների միջև կիրակի գիշերը տեղի ունեցած միջադեպին: Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել»։

 

Ասուլիսի ընթացքում նաև հարց հնչեցվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցում ԲՀՀ Հայաստանի անթաքույց աջակցության մասին: «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի» դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ Հիմնադրամը  նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությունը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ»,- ասաց Մինասյանը:

 

Ինչո՞ւ և ինչ նպատակով է հիմնադրամը դրամաշնորհ տվել «Ռեստարտ» նախաձեռնությանը՝ հարց հնչեցրեց լրագրողներից մեկը․ «Ռեստարտ» նախաձեռնությանը տրվել է 20 000 դոլար դրամաշնորհ, ո՛չ 400 հազար դոլար, ո՛չ 0.5 միլիոն դոլար, ինչպես ոմանք ներկայացնում էին։ Վերջերս նաև կազմակերպության ղեկավարը ստացել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մրցանակը։ Իսկ որպես նախապայման գրանտ ստացողի առաջ լինում է այն, ինչ գրված է լինում դրամաշնորհային  հայտում։ Մենք նախապայմանների լեզվով չենք խոսում։ Ծրագրից դուրս նախաձեռնության գործունեությունը չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտը» այս ամենն արել է մեր գրանտի շնորհիվ կամ մեր նախապայմանով, նույնն է, ինչ ասել՝ որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան պարոն Հայկ Ալումյանը, որը մեզնից գրանտ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է նաև մեր ցուցումով»,- պատասխանեց Լարիսա Մինասյանը։

 

Նրա խոսքով՝ Հիմնադրամի դերակատարումն է օրենքի և իրավունքի, արժանապատվության և հաշվետու կառավարման կողմնակիցներին սատարելը․ «Այն զենքը, որ մնացել է նախկին ռեժիմի ձեռքում, սուտն ու պրոպագանդան են և այս ուժերին վարկաբեկելը, ինչպես նաև՝ մեկուսացնելը։ Ես նաև որպես թիրախ լինելու պատճառ տեսնում եմ Հիմնադրամի դերը՝ մշտապես սատարել այդ ուժերին»։

 

Հարցին՝ ինչո՞ւ է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» տասնյակ հազարավոր դոլարների դրամաշնորհներ տվել Երևանի պետական համալսարանին, եթե Արամ Սիմոնյանն այդքան վատ ռեկտոր է, ինչպես պնդում են որոշ շրջանակներ,  Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Հիմնադրամի գործունեությունը բարձրագույն կրթական ծրագրերում որևէ կերպ անձնավորված չէ։ Հիմնադրամի կրթական ծրագրերն ունեն սկզբունքային, ռազմավարական թիրախներ։ Բարձրագույն կրթության մեր ծրագրերը եղել են բարեփոխումներին սատարում»:

 

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ վերջին մեկ տարում ստեղծված իրավիճակն այն պարարտ հողն է, որտեղ կարելի է իրականացնել իսկապես ինստիտուցիոնալ բարեփոխումներ․ «Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անձի որևէ թիրախավորում  չկա։ ԵՊՀ-ն եղել է այն կառույցը, որին մենք տեսել ենք որպես կրթության համակարգի իրական, անցումային բարեփոփոխում իրականացնող կառույց»։

 

Լարիսա Մինասյանը ներկայացրեց, թե Հիմնադրամը ինչքան գումար է հատկացրել կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Ընդհանուր կրթական ծրագրերը՝ Բարձրագույն և միջնակարգ կրթության ոլորտում՝ 7 միլիոն 700 հազար դոլար։ ԵՊՀ-ն ստացել է 822 հազար դոլարի ուղղակի գրանտ, 218 հազար դոլարի ծրագրեր իրականացրել է մեկ այլ կազմակերպություն՝ կրկին ԵՊՀ-ում, Պետական ինժեներական համալսարանը ստացել է 375 հազար դոլար, Բժշկական համալսարանը՝ 115 հազար դոլար, ԳԱԱ-ն և Ֆունդամենտալ գրադարանը՝ 140 հազար դոլար, Ազգային գրադարանը՝ 574 հազար դոլար։ Հիմնադրամը նաև գիտական ու հետազոտական ծրագրեր է ֆինանսավորել՝ 1.8 միլիոն դոլարի, միջնակարգ կրթության ծրագրերը 2.9 միլիոն դոլար են կազմում։

 

Լարիսա Մինասյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է կարևոր շրջադարձային մի փուլում. փոխակերպում է տեղի ունենում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումների, անհավասարության ու հանրային անվստահության փակ հասարակությունից:

 

«Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը» աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները՝ ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ»,- ասաց «Բաց հասարակության-հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ 

factor.am

Դիտումներ՝ 969

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????