Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԽ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ դիտարկումներ

September 28, 2021

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021թ․ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի նախագիծը՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չնայած մի շարք կարևոր արձանագրումներին, այնուամենայնիվ, զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև այն դեպքերում, երբ երկու պետությունների քաղաքականության, գործողությունների և դրանց առաջացրած հետևանքների միջև առկա են ահռելի տարբերություններ։ Նման կեղծ հավասարության դրսևորումներն ավելի են խորացնում հասարակության շրջանում անարդարության և հիասթափության զգացումը, չեն նպաստում հասարակության շրջանում միջազգային հանրության, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հավատի ձևավորմանը, իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ ոչ պատշաճ միջազգային արձագանքը և քաղաքական և իրավական հետևանքների բացակայությունը ոչ մի դեպքում չի նպաստում խնդրի երկարաժամկետ և խաղաղ կարգավորմանը։ Ավելին, զեկույցում տեղ գտած անճշտությունները հանգեցրել են ԵԽԽՎ բանաձևի նախագծում  մի շարք սխալ ձևակերպումների, որոնց ընդունումն անբարենպաստ է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար։

 

Այսպես․ Բանաձևի նախագծի 3-րդ կետում նշվում է 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտման մասին, սակայն չի նշվում, թե որ կողմն է սկսել պատերազմը։ Այնինչ, 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերաբերյալ անկախ դիտորդների կողմից ձեռք բերված բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ պատերազմի նախաձեռնողը հանդիսացել է ադրբեջանական կողմը։ Այս հանգամանքն արձանագրել է նաև Ֆրիդըմ հաուսն իր 2021թ․ Հայաստանի վերաբերյալ «Անցումային երկրներ» զեկույցում[1]։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է ընդունել այդ հանգամանքն իր հարցազրույցներից մեկում[2]։

 

Բանաձևի նախագծի 8․2 կետում նշվում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի արձանագրված դեպքերի վերաբերյալ, սակայն ո՛չ բանաձևի, ո՛չ զեկույցի նախագծերը չեն պարունակում Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկություններ և ապացույցներ, ինչպիսի պարագայում նման ձևակերպումն անընդունելի է դառնում Բանաձևում։

 

Բանաձևի նախագծում այս և նմանատիպ մի շարք այլ խնդրահարույց ձևակերպումներ ուղղակիորեն բխում են զեկույցի նախագծի բովանդակությունից, դրանում տեղ գտած անարդարացի և ոչ ճշգրիտ պնդումներից, որոնցից շատերի կապակցությամբ առարկություններ չեն ներկայացվել Հայաստանի պատվիրակության անդամների չհամընկնող կարծիքում։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենից կարևորները՝ ակնկալելով, որ ՀՀ իշխանությունները հետամուտ լինեն, որպեսզի զեկույցի վերջնական տարբերակում վերացվեն նշված թերությունները։

Այսպես․

 

Երկու կողմերի նկատմամբ չարդարացված հավասարության ամենից ակներև դրսևորումը տեղ է գտել զեկույցի՝ վարձկաններին վերաբերող հատվածում[3]։ Զեկույցի նախագիծը մեկ հարթության վրա է դիտում մի կողմից Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը, իսկ մյուս կողմից սփյուռքահայերի՝ պատերազմին կամավոր մասնակցության կամ հումանիտար օգնության նպատակով Հայաստան վերադարձի դեպքերը։ Հատկանշական է, որ զեկույցը հղում է կատարում Ադրբեջանի կառավարության կողմից կազմված ակնհայտ մանիպուլատիվ և կեղծ զեկույցի, ինչը բացարձակ անընդունելի է կողմնակալության և արժանահավատության տեսանկյունից և չի կարող հիշատակվել նման զեկույցի համատեքստում։

 

Զեկույցի նախագծի 29-րդ և 30-րդ կետերում նշվում է ԿԽՄԿ կողմից հայազգի ռազմագերիներին այցելելու հնարավորության մասին, սակայն անտեսվում է այն հանգամանքը, որ հայ ռազմագերիների վկայություններից պարզ է դառնում, որ վերջիններիս ԿԽՄԿ այցելության ժամանակահատվածում պարբերաբար տեղափոխել են մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։ Այսպիսով, ստեղծվում է Ադրբեջանում ապօրնի պահվող հայազգի ռազմագերիների որոշակի պաշտպանվածության պատրանք։

 

Զեկույցի նախագծի 74-րդ կետում զեկուցողը ողջունում է Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրումը, արձանագրելով, որ միաժամանակ Ադրբեջանը վերադարձրել է մի խումբ հայ ռազմագերիների։ Քարտեզների փոխանակումը ռազմագերիների դիմաց անընդունելի պրակտիկա է, ինչը ողջունելը զեկույցում նպաստում է Ադրբեջանի քաղաքականությանը՝ քաղաքականացնել և մանիպուլացնել ռազմագերիների վերադարձի գործընթացը։ Գերիների անհապաղ վերադարձը միջազգային իրավունքի պահանջ է, կարգավորովում է Ժնևի կոնվենցիաներով և չի կարող ունենալ նախապայմաններ կամ վերածվել քարտեզների վերադարձի կամ այլ կապակցությամբ բանակցությունների գործիքի։

 

Զեկույցի նախագծի 79-րդ կետում զեկուցողն օգտագործում է «տարածքներ, որոնք վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողությանը» ձևակերպումը։ Այս ձևակերպումն անընդունելի է, քանի որ պարունակում է քաղաքական կամ միջազգային իրավական գնահատական։ Կարելի է փոխել «տարածքներ, որոնց անցել են Ադրբեջանի վերահսկողությանը» ձևակերպմամբ։

 

Միաժամանակ, զեկուցողը նշում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ Արցախցիների չվերադառնալու հավանականության մասին, առանց մատնանշելու դրանց պատճառները՝ սեփական տներ վերադառնալու դեպքում արցախցիներին սպառնացող վտանգները, նման փորձ կատարած անձանց հետ տեղի ունեցած իրավունքների ոտնահարումները /գերություն, խոշտանգումներ և այլն/։ Այս մոտեցումն էլ հանգեցրել է Բանաձևի նախագծում թերի և անարդարացի ձևակերպման /կետ 11․3/։

 

Զեկույցի նախագծի 80-րդ /տե՛ս նաև 88-րդ և 91-րդ կետերը/ կետում զեկուցողը նկարագրում է ՄԱԿ ՓՀԳ-ի կամ այլ ՄԱԿ-ի կառույցների՝ Արցախ մուտք գործելու անհնարինությունը՝ անհրաժեշտ հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով, առանց պարզաբանելու, որ նշված տարածքներ մուտքի արգելքը սահմանվել է բացառապես ադրբեջանական կողմից, և խոսքը վերաբերում է միայն ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներին։

 

Զեկույցի նախագծի 81-րդ կետում նշված է, թե Արցախի քաղաքացիներն ունեն միևնույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիները։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ էության, Արցախի քաղաքացիներին տրամադրված անձնագրերը չեն փաստում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, քանի որ այդ փաստաթղթերը դիտվում են որպես ճամփորդական անձնագրեր:

 

Միաժամանակ, Արցախի քաղաքացիները չեն անցնում փախստականների և ապաստանի մասին օրենքով սահմանված ընթացակարգով, նրանց չի տրվում ապաստանյալի կամ փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք չեն բավարարում օրենքը կարգավորող վավերապայմաններին: Չնայած արցախցիներն անհրաժեշտություն չունեն կացության կարգավիճակ ստանալու՝ ՀՀ-ում բնակվելու համար, այնուամենայնիվ, նրանք նաև չեն կարող օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված է ՀՀ քաղաքացին։

 

89-րդ կետում Արցախի բնակիչներին սպառնացող վտանգը ներկայացված է բացառապես որպես վերջիններիս սեփական ընկալում, այլ ոչ թե իրողություն կամ իրական սպառնալիք, որն ապացուցվում է պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականությամբ, սահմանամերձ գոտիներում Ադրբեջանի կողմից պարբերաբար բացվող կրակով, քաղաքացիական անձանց թիրախավորմամբ, նրանց նկատմամբ ոտնձգություններով և այլ ապօրինի գործողություններով[4]։

 

90-րդ կետում արցախցիներին սպառնացող էկոլոգիական և մարդասիրական ճգնաժամը, մասնավորապես Արցախում էլեկտրաէներգիայի և ջրային պաշարների հետ կապված խնդիրները ներկայացվում են որպես 44-օրյա պատերազմի բնականոն հետևանք, առանց մատնանշելու ճգնաժամը խորացնելուն միտված Ադրբեջանի գործադրած ջանքերը և դրա վերաբերյալ անհերքելի ապացույցները՝ Արցախը բնակության համար ոչ պիտանի դարձնելու նպատակով[5]։

 

Բացարձակապես անընդունելի է զեկույցի նախագծի 93-րդ կետում հումանիտար օգնության և մշտադիտարկման նպատակով ՄԱԿ-ի մարմինների և ԵԽ-ի մուտքն Արցախ արգելելու կապակցությամբ պատասխանատվության բաշխումը երկու կողմերի միջև։ Նմանատիպ պնդումը ՀՀ իշխանությունների նկատմամբ բացարձակ կեղծ է և չպետք է տեղ գտնի զեկույցում։

 

Անընդունելի է նաև 103-րդ կետում զեկուցողի կողմից միջազգային հանրությանն ուղղված առաջարկը՝ վերականգնման և կայուն խաղաղության կառուցման նպատակով Ադրբեջանին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, առանց նման առաջարկ ներկայացնելու Հայաստանի կամ Արցախի վերաբերյալ, այն պայմաններում, երբ հայկական կողմը պատերազմում կրել է անհամեմատ ավելի շատ վնասներ, իսկ Ադրբեջանը և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո անհերքելիորեն վարել է ագրեսորի քաղաքականություն։

 

Գտնում ենք, որ ՀՀ իշխանություններն անպայման պետք է արձագանքեն նաև զեկույցի նախագծի 104-114 կետերին, հերքելով այն պնդումը, որ հնարավոր չի եղել բացահայտել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ամիսներին ագրեսիայի դրսևորման պարբերական դեպքերի մեղավորներին, ներկայացնելով ամիսներ շարունակ միջազգային իրավական նորմերի բացահայտ ոտնահարմամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ բացահայտ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ փաստերը։ ՀՀ իշխանությունները պետք է պնդեն, որպեսզի զեկույցում տեղ գտնի այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները նմանօրինակ գործողություններով խաթարում են սահմանամերձ բնակչության անդօրրը, իրական վտանգ են ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։

 

Զեկույցի նախագծի 119-րդ կետում նշվում է այն մասին, որ Ադրբեջանը բանակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարածաշրջան մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ։ Նախագծում, սակայն, խոսք չկա այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը[6] պարբերաբար խնդրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ինչը շարունակաբար խոչընդոտվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս հանգամանքը պետք է տեղ գտնի նաև Բանաձևում /տե՛ս կետ 18․5/։

 

Զեկույցի նախագծում տեղ չեն գտել նաև մի շարք այլ անհերքելի ապացույցներ Արցախում հայկական մշակութային ժառանգության կարևոր կոթողների դիտավորությամբ վնասման և ոչնչացման, ինչպես նաև մշակութային յուրացման դեպքերի վերաբերյալ։ Օրինակ․

 

  • 2020 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանը ռմբակոծել է Տիգրանակերտի մոտակայքում գտնվող հնագիտական ճամբարը՝ ոչնչացնելով հնագիտական երկու տնակները և վնաս պատճառելով մյուս երկուսին:[7]

  • Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2021 թվականի մարտի 27-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) անարգանքի, վանդալիզմի ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին (19-րդ դար)[8]։

  • Մարտի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական վանդալիզմի պատճառով տուժում Շուշի քաղաքում գտնվող հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:[9] Ավելին, լուսանկարները և տեսանյութերը փաստում են, որ Ադրբեջանի նախագահն անձամբ է հրահանգել ջնջել հայկական հետքերն Արցախից:[10]

  • 2021թ․ հուլիսին սոցիալական ցանցերում հայտնվեցին տեղեկություններ, նկարներ և տեսանյութեր այն մասին, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները ներկայացվում են որպես ռուսական ուղղափառ եկեղեցիներ, որոնք օկուպացվել էին Արցախի կողմից[11]։ Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն Ադրբեջանը ձեռնարկում էր Շուշիի Մայր տաճարի ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ։[12] Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում էր ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

 

Անհրաժեշտ է նշել, որ զեկույցում հավասարության նշան է դրվել նաև Հայաստանում և Ադրբեջանում ատելության խոսքի դեպքերի առնչությամբ վարվող քաղաքականության միջև[13]։ Այս կապակցությամբ մոլորեցնող են հղումները ECRI զեկույցներին՝ առանց մատնանշելու Ադրբեջանի և Հայաստանի դեմ ECRI զեկույցներում տեղ գտած էական տարբերությունները, Ադրբեջանում հայատյացության ուղղորդված քաղաքականության վերաբերյալ միջազգային մարմինների կողմից արձանագրված ապացույցները, և նմանօրինակ հակաադրբեջանական քաղաքականության բացակայությունը Հայաստանում։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ զեկույցը լռում է Ադրբեջանի բարձր պաշտոնատար անձանց կողմից ատելության կոչերի, քարոզի և հայատյացության քաղաքականության պարբերական դրսևորումների մասին[14]։ Զեկույցը լռում է նաև Ադրբեջանի կողմից ուժի գործադրման պարբերական սպառնալիքների մասին և՛ 44-օրյա պատերազմի սկսվելուց առաջ, և՛ պատերազմական գործողությունների ավարտից հետո։

 

Այսպիսով, հաշվի առնելով զեկույցում տեղ գտած վերոնշյալ խնդիրները և թերությունները, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` ապահովելու համար, որպեսզի զեկույցի վերջնական տարբերակում, ինչպես նաև ԵԽԽՎ բանաձևում տեղ չգտնեն վերոնշյալ ոչ արդարացի և անբարենպաստ ձևակերպումները։

 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար Իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

[1] https://freedomhouse.org/country/armenia/nations-transit/2021

[2] https://www.lragir.am/2021/08/26/664077/

https://www.undocs.org/en/A/75/997?fbclid=IwAR0r6dKUkrIgeBPFT4TCp1j3D-AEnS3HTLtiFVJ1rWeG-z4nvPZfpXxZRIQ

https://en.president.az/articles/52736

[3] Տե՛ս Զեկույցը, կետեր 8․5, 62-64

[4] https://www.azatutyun.am/a/31429906.html

[5] https://www.pastinfo.am/hy/news/2021/06/25/oars7206y/1229213

[6] https://www.osf.am/wp-content/uploads/2021/04/Arm_UNESCO-call-for-urgent-action.pdf

[7] https://armenpress.am/eng/news/1034181.html  https://hyperallergic.com/592287/tigranakert‐artsakh‐nagorno‐karabakh‐war/

[8] https://www.facebook.com/permalink.php?story_fbid=829110147688192&id=100017676420633

[9] http://asbarez.com/201495/azerbaijanis‐destroy‐armenian‐genocide‐memorial‐in‐ shushi/?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed:+Asbarez+(Asbarez+News)&fbcli d=IwAR3bO3DvNfglwlTkZ3vavTxJ0sJdLk0FZ_3hvpeiJ99u27n7CBwS5_iEnjM

[10] https://twitter.com/tbalayan/status/1372132714342715392

Տե՛ս ավելին՝ https://www.osf.am/wp-content/uploads/2021/04/Arm_UNESCO-call-for-urgent-action.pdf

[11] https://factor.am/392484.html

https://factor.am/392770.html

[12] https://www.azatutyun.am/a/31236862.html

[13] Տե՛ս 128-135 կետեր

[14] https://transparency.am/files/publications/1614692840-0-341815.pdf?v=4

Դիտումներ՝ 164

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????