Խաղաղ պայմաններում բանակում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերը վկայում են համակարգային խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ քայլեր չեն կատարվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Տարիներ շարունակ մենք այդ համակարգային խնդիրները բարձրացրել ենք՝ անձնակազմի հետ անհատական աշխատանքների կատարման ծառայության հզորացում, ներքին կանոնակարգի մասին օրենքի փոփոխություններ, զինվորական կադրերի վերապատրաստման ծրագրեր, բողոքների, գանգատների քննության արդյունավետ մեխանիզմների, վերահսկողության լրացուցիչ ինստիտուտների, սպաների համար լրացուցիչ ֆինանսական , սոցիալական ապահովության ռեսուրսների ներդրում»,-ասաց Արթուր Սաքունցը։
Այս տարվա ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել։ Նախօրեին տեղեկացանք դեռեւս չպարզված հանգամանքներում եւս 2 զինծառայողի մահվան դեպքի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են։ «Այս տարի, առաջին 40 օրվա ընթացքում ավելի շատ դեպքեր ունենք , քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», -ասաց Արթուր Սաքունցը։
Երեկ կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս խնդրի վերաբերյալ հարց ուղղվեց վարչապետ Փաշինյանին, ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնանք եւ տեսնենք մեր բակերում, դպրոցներում երեխաները ինչպես են իրար հետ շփվում, նա խոսեց քրեական ենթամշակույթի մասին ու ասաց, որ օրինակ, զինվորները արժանապատվության խնդիր են համարում, որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ։
Նշենք, որ Հայաստանի նոր իշխանությունը շատ է խոսում բանակում տեղի ունեցած փոփոխությունների մասին, զինծառայողների սննդի որակի բարելավման մասին։
«Ինչ ներկայացնում են վարչապետին, այդքանն է ասում, իհարկե, դրանք կարեւոր են, բայց այն, ինչ մենք ենք ներկայացրել ժամանակին, ընդհանուր համակարգային խնդիրներ են, իսկ սրանք այդ համակարգային խնդիրների միայն փոքր մասն են։ Ես մի բան ասեմ, նույնիսկ Մարիոթ հյուրանոցում կարող են մարդու իրավունքները խախտվել, այսինքն, այո, շատ կարեւոր է տեխնիկական հիմքը, բայց նույնիսկ, եթե այդ ամենը լուծվի, խնդիրը վերաբերվում է վերաբերմունքին, զինծառայողի նկատմամբ, սպայի նկատմամբ վերաբերմունքին»,-կարծում է Արթուր Սաքունցը:
Նա ընդգծում է՝ առաջին պլանում պետք է լինի որակյալ սպաների խնդիրը, որն էլ իր հերթին, ըստ իրավապաշտպանի, կախված է այդ սպաների սոցիալական, առողջապահական, ֆինանսական ապահովվածության խնդիրների լուծումից:
«Մյուս կողմից էլ , պետք է սպաների վերապատրաստում լինի, նրանք պետք է հստակ իմանան իրենց առաջխաղացման ճանապարհային քարտեզը, որպեսզի մոտիվացված ծառայեն։ Սրանք խնդիրներ են, որոնք չեն լուծվել»,-նշում է Սաքունցը։
Նա համաձայն չէ, որ հասարակության մեջ տիրող մթնոլորտը նաեւ բանակ է տեղափոխվում նույն զինծառայողների միջոցով՝ շեշտելով, որ բանակում հստակ զինվորական կանոններ են գործում։ «Զինծառայողները սպաների հրամանի ներքո են, ամբողջ խնդիրն այն է, որ սպաները պետք է իրենց արժեքները ունենան, նրանք տարիներ շարունակ ծառայում են բանակում»։
«Ես վարչապետին չեմ մեկնաբանում, ես ասում այն, ինչ ես եմ պատկերացնում։ Սպաները պետք է զերծ մնան քրեական մշակույթից, իրենք, տարիներ շարունակ ծառայելով, պետք է ունենան զինվորական կարգապահության անշեղ ապահովումը, անհանդուժողականությունը այլ բարքերի ու վարքագծի նկատմամբ։ Այդ ուղղությամբ պետք է քայլեր կատարեն ՊՆ-ն ու ԶՈՒ ԳՇ պետը։ Քաղաքական իշխանության քաղաքական կամքը կա, բայց դրա իրականացնողը պետք է լինի համապատասխան գերատեսչության եւ ստորաբաժանման ղեկավարը, որը պետք է ծրագրեր մշակի»,-նշում է իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցն առանձնացրեց նաեւ ավտովթարների հետ կապված մահվան դեպքերի խնդիրը։
Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում մահվան դեպքերով գործերի քննությանը, ըստ նրա, դա բոլորովին այլ խնդիր է։ «Դա խնդրի մյուս կողմն է, քննչական մարմինները պետք է արմատապես փոխվեն։ Դատաիրավական համակարգի խնդիրը օրակարգայն է եւ առաջնահերթների մեկն է, բայց դա երկրորդ հարցն է։ Ինչո՞ւ պետք է քննչականին հասնի, մենք խոսում ենք զինծառայության կազմակերպման կանխարգելող համակարգերի մասին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Արթուր Սաքունցը։