Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը` Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

July 17, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը մշակել և 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի դիրքորոշումը՝ օրենքի նախագծի վերաբերյալ։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

 

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

 

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները բազմիցս դիտարկել է որպես մեկ միասնական իրավական երևույթ: Դա, մասնավորապես, վերաբերում է արդարադատության մատչելիության իրավունքին` որպես արդար դատաքննության իրավունքի տարրի[1]: Մեկ այլ որոշմամբ[2] Սահմանադրական դատարանը նշել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ։ Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չպետք է հետապնդի դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի՝ օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն՝ մի կողմից՝ դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև:

 

Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

 

✅ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ[3]։

 

✅դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը[4],

 

✅դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները[5] ։

 

Խնդրո առարկա հիմնարար իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

 

✅ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը,

 

✅ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն[6],

 

✅ դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի[7]։ «Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։[8]

 

Վերը մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն իր՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0056/11/17 և թիվ ՍԴ/0088/01/12 որոշումների` համապատասխանաբար 13-րդ և 14-րդ կետերում արձանագրել է, որ «Դատարանի մատչելիության իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն հանդիսանում է ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանը, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու՝ անձի իրավունքը»:

 

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Համաչափության սկզբունքի բովանդակությունից հետևում է, որ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է`

 

✅ պիտանի և անհրաժեշտ լինի հետապնդվող նպատակին հասնելու համար,

✅ հետապնդվող նպատակի հետ գտնվի համարժեք հարաբերակցության մեջ:

 

«Պիտանիության» չափանիշի համաձայն` միջոցը համարվում է պիտանի, եթե այն հնարավորություն է տալիս հասնելու հետապնդվող նպատակին: Մինչդեռ «անհրաժեշտության» չափանիշի դեպքում միջոցը համարվում է անհրաժեշտ, եթե օրենքով հետապնդվող նպատակը չի կարող իրացվել հավասարապես պիտանի և ավելի մեղմ միջոցով՝ բացի այն միջոցից, որն ընտրվել է: Ինչ վերաբերում է կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի համարժեք հարաբերակցությանը, ապա այն նշանակում է, որ միջամտության սահմանների խորությունը չպետք է անհամարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի արժեբանական նշանակությանը և կշռին: Այլ կերպ` կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև պետք է լինի արդարացի հավասարակշռություն, կիրառվող միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար չպետք է լինի չափից ավելի խիստ` շրջանցելով այդ նույն նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորությունները»[9]:

 

Անդրադառնալով դատարանի մատչելիությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ»[10]: Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին»:

 

Գործի հատուկ հանգամանքներում սույն իրավունքի գործնական և արդյունավետ բնույթը կարող է խախտվել, օրինակ՝

 

✅վարույթն արգելող բնույթի ծախսերով՝ հաշվի առնելով անհատի ֆինանսական կարողությունը,

✅ դատական ծախսերի ապահովման չափազանց մեծ ծախսերով[11],

✅ չափազանց մեծ դատական վճարներով[12]։

 

Վերը նշված իրավանորմերի և դիրքորոշումների վերլուծությունից պարզ է դառնում, որ դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափն ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածվում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը և կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին՝ այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։

 

Դրական գնահատելով պետական տուրքի դրույքաչափերի վերին սահմանաչափերի նախատեսումը, միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացվող բողոքներով պետական տուրքից ազատված լինելու, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 29․3 գլխով սահմանված դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող դիմումներով պետական տուրքից ազատման արտոնության տրամադրման կարգավորումները՝ այնուամենայնիվ հարկ է փաստել, որ համեմատած գործող կարգավորումների՝  դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասկածի տակ է դնում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։

 

Այսպես՝ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն՝ գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար և հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը գործող կարգավորման համեմատ ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաև վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը դրամական պահանջ ներկայացնող հայցապանաջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30-ապատիկը։

 

Հնգապատիկ ավելացվել է նաև սնանկության համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումների պետական տուրքի դրույքաչափը և կրկնապատիկ՝ իրավաբանական անձանց համար։ Հետաքրքրական է, որ Նախագծի հիմնավորումներում նշվածի առնչությամբ ներկայացվել են մի շարք երկրների օրենսդրական կարգավորումներ, որոնցից ոչ մի դեպքում պետական տուրքը չի գերազանցում Նախագծով սահմանված չափերը, ավելին, շատ դեպքերում դրանք անգամ պակաս են գործող կարգավորումներում սահմանված չափերից։ Այսպես, մեջբերվել է Ռուսաստանի օրինակը, որտեղ  ֆիզիկական անձանց համար նախատեսված է 3000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար` 6000 ռուբլի, Միացյալ Թագավորությունում` Անգլիայում և Ուելսում` դիմումի համար 130 ֆունտ ստեռլինգ և սնանկության դեպոզիտ 550 ֆունտ ստեռլինգ, իսկ Հյուսիսային Իռլանդիայում` դատարանի վճար` 144 ֆունտ ստեռլինգ, սնանկության դեպոզիտ` 525 ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ նահագների մեծ մասում, օրինակ` Նևադա նահանգում` 335 դոլար, եթե ներկայացվում է յոթերորդ կետով սահմանված կարգով, և 1,717 դոլար` եթե ներկայացվում է տասնմեկերորդ կետով սահմանված կարգով, Լատվիայում` 355.72 եվրո իրավաբանական անձանց համար և 71.14 եվրո ֆիզիկական անձանց համար։ Այսպիսով՝ անգամ բարձր կենսաապահովման մակարդակ և սպառողական զամբյուղի բարձր չափ ունեցող երկրներում նախատեսված չէ սնանկության դիմումների այնպիսի պետական տուրքի դրույքաչափեր, ինչպիսիք Նախագծով են սահմանվել։

 

Նախատեսվող կարգավորումներով սահմանվել են միջամտության այնպիսի սահմաններ՝ պետական տուրքի այնպիսի դրույքաչափեր, որոնց խորությունը անհամարժեք է սահմանափակվող հիմնական իրավունքի՝ արդար դատաքննության տարր կազմող դատարանի մատչելիության իրավունքի արժեբանական նշանակությանը և կշռին, ինչի արդյունքում խաթարվում է նշված իրավունքի էությունը՝ հիմքում դնելով չափազանց մեծ դատական վճարները, ի հետևանք որի՝ դատական պաշտպանության իրավունքը կդադարի «գործնական և արդյունավետ» լինելուց։

 

Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը այն հիմնավորմամբ, որ  պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ և դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։

 

Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից։

 

Դիրքորոշումը ներկայացվել է e-draft.am հարթակի միջոցով։

 

—————

 

[1] Տե՛ս Սահմանադրական դատարանի կողմից 24․09․2019 թվականին կայացված թիվ ՍԴ-1477 որոշման 6-րդ էջը, հասանելի է՝ http://www.concourt.am/armenian/decisions/common/2019/pdf/sdv-1477.pdf

[2] Տե՛ս Սահմանադրական դատարանի կողմից 25․05․2010  թվականին կայացված թիվ ՍԴՈ-890 որոշման 6-րդ կետը, հասանելի է՝ https://www.arlis.am/documentView.aspx?docID=58531

[3] Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 որոշման 7-րդ կետը։

[4] Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 7-րդ կետը

[5] Տե՛ս նույն տեղում

[6] տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ

[7] տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ

[8] Տե՛ս Philis - ն ընդդեմ Հունաստանի (թիվ 1), § 59, De Geouffre de la Pradelle - ն ընդդեմ Ֆրանսիայի , § 28, Stanev - ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], § 229, Ուղեցույց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ, հասանելի է՝  https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_6_HYE.pdf

[9] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0056/11/17  և թիվ ՍԴ/0088/01/12 որոշումների համապատասխանաբար 15-րդ և 16-րդ կետերը

[10] Տե՛ս  ( Bellet - ն ընդդեմ Ֆրանսիայի , § 38) Ուղեցույց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ, հասանելի է՝ https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_6_HYE.pdf

[11] Տե՛ս Aït - Mouhoub - ն ընդդեմ Ֆրանսիայի , §§ 57-58, G a r c í a M a n i b a r d o - ն ընդդեմ Իսպանիայի , § 38-45 Ուղեցույց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ, հասանելի է՝ https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_6_HYE.pdf

[12]Տե՛ս Kreuz - ն ընդդեմ Լեհաստանի , §§ 60-67), Podbielski - ն եւ PPU Polpure - ն ընդդեմ Լեհաստանի , § 65-66, Weissman - ը եւ այլք ը նդդեմ Ռումինիայի , § 42, Ուղեցույց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ, հասանելի է՝  https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_6_HYE.pdf

Դիտումներ՝ 879

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????