Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների վերաբերյալ 2020 թ․-ի ընթացքում և 2021-ի առաջին կեսին ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացրած 17 գրություններից միայն 8-ին են ՊՆ-ից ըստ էության պատասխան տվել։ ՀՔԱՎ-ի և զորակոչիկների անունից ներկայացրած գրությունների 41%-ի դեպքում պատասխանները չեն անդրադառնում գրությամբ բարձրաձայնված խնդիրների լուծմանը։
Այս պատկերն է ցույց տալիս Զորակոչիկների և վաղաժամ զորացրված զինծառայողների հետ կապված գործերով ՀՀ իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալ ՀՔԱՎ վերլուծությունը։
Առհասարակ Պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բաձր մակարդակ՝ սակայն ոչ միշտ հիմնավորված։
Ի դեպ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար Պաշտպանության նախարարությունն արժանացավ «Ժանգոտ կողպեքի»։
Այս հարցին ՀՔԱՎ-ն անդրադարձել է առանձին վերլուծությամբ՝ ներկայացնելով խնդիրը՝ մարդու իրավունքների և միջազգային իրավական ակտերի համատեքստում։
Նշենք, որ իր գործունեության շրջանակներում ՀՔԱՎ-ը ՊՆ-ից պահանջում է տրամադրել գերազանցապես այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին և չեն կարող գաղտնի համարվել։
Այդ տեղեկությունների գաղտնի լինելը հիմնավորված չէ նաև «Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ»-ով (Ցվանեի սկզբունքներ): Դրանք պաշտպանության ենթակա մարդու անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չեն, նման տեղեկատվության տրամադրումը վնաս չի պատճառում և չի կարող պատճառել որևէ անձի շահերին։
Այդ տեղեկությունները չտրամադրելով քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման երաշխավորման համար պետության վերցրած պարտավորությունների բովանդակության հետ։ Մինչդեռ տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը, այսինքն՝ հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է:
ՀՀ պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում ՀՔԱ վանաձորի գրասենյակի գրավոր դիմումներին և հարցումներին տրամադրել պատասխաններ օրենքով սահմանված ժամկետներում և անդրադառնալ դրանցում բարձրաձայնված խնդիրներին: