Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց (ՀՀ երկրորդ և երրորդ պարբերական զեկույց) հոգեկան առողջության համատեքստում

January 28, 2025

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2007 թվականից ուսումնասիրում է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակը, բարձրաձայնում առկա խնդիրները և իրականացնում դրանց հաղթահարման ուղղությամբ ջատագովություն։

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության զեկույցի ներկայացումից և կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ հաջողված բարեփոխումներն են`

 

  • «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ձևավորվել է հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբ,

  • 2020 թ․ հունվարի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում՝ անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտությունների վերաբերյալ և նրանց իրազեկված համաձայնություն ստանալը չերաշխավորող ՀՀ մի շարք օրենքների դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ,

  • 2021 թ․ մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը,

  • 2022 թ․ հունիսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2022-2026 թթ․ միջոցառումների ծրագիրը,

  • 2022 թ․ նոյեմբերի 16-ին վավերացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։

 

Հիմնական բարեփոխումները վերաբերում են օրենսդրական դաշտին, իսկ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման նպատակով գործնական բարեփոխումները հապաղում են։ Մասնավորապես`

 

  • իրավունքահեն և կարիքահեն ծառայություններ գրեթե չեն ներդրվել,

  • խիստ է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կարիքը հատկապես մարզերում,

  • շարունակվում է անձին անգործունակ ճանաչելու և ոչ հոժարակամ հոսպիտալացման ու բուժման պրակտիկան

  • «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքը չի ընդունվել:

  • Ավելին, պետությունը հետընթաց է գրանցում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առումով՝ օրինակ՝ կասեցնելով խնամքի կենտրոններում դիտորդական խմբի գործունեությունը, ներմուծելով սահմանափակ գործունակության գաղափարը։

 

2014-2019 թթ․ գործել է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, որն արդյունավետ չի իրականացվել, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման խնդիրները լուծում չեն ստացել։

 

Մասնավորապես չեն ապահովվել հոգեկան առողջության որակյալ, կարիքահեն համայնքային ծառայություններ։ Մասնագետների ներգրավման և կարողությունների զարգացման աշխատանքները ևս արդյունավետ և թիրախային չեն եղել։ Նույնը կարող ենք փաստել նաև իրազեկման աշխատանքների մասին, ինչի վկայությունն են շարունակվող խարանը և խտրական վերաբերմունքն ինչպես պետական այրերի, այնպես էլ հանրության շրջանում։

 

Երեք տարի անց՝ 2022 թվականին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջատագովության և ակտիվ ներգրավման արդյունքում հաստատվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը 2022-2026 թթ․ համար։ Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և ոչ թե Կառավարության որոշմամբ՝ առավել ռիսկային դարձնելով վերջինիս կատարումը։ 2024 թվականի վերջին եռամսյակի դրությամբ կարող ենք արձանագրել, որ պետությունը բավարար ռեսուրսներ չի ուղղում ծրագրի իրականացման համար և առավելապես ապավինում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով դրանց իրականացմանը։

 

Առաջարկվող հարցեր

 

  • Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրի իրականացման նպատակով որքա՞ն ֆինանսական միջոցներ է նախատեսվում հատկացնել 2025-2026 թվականների համար

  • Խտրական վերաբերմունքի բացառման նպատակով իրականացվող դասընթացների և իրազեկման աշխատանքների արդյունավետությունը գնահատելու ի՞նչ մեխանիզմներ են գործում

 

Հոգեկան առողջության համատեքստում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույցի ամբողջական տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ։ 

 

 

Դիտումներ՝ 39

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????