Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա պետք է լինի վերջին համաներման ակտը․ ինչո՞ւ է ուշանում համաներումը

October 1, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Ազատազրկման վայրերում սեպտեմբերից սեպտեմբեր սաստկանում է ներման սպասումը: Վերջին համաներումը Հայաստանում հայտարարվել է 2013 թվականին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Թվում էր, հեղափոխությունը և Անկախության 27-րդ տարեդարձը ամենահարմար առիթն են վերջապես համաներում հայտարարելու, կամ ներում շնորհելու գոնե մի քանի հոգու: Բայց այս տոնն էլ անցավ առանց համաներման:
«Մենք էլ ենք բոլորի մասը»․ Արմեն Տեր-Սահակյան

 

Հատկապես անհամբեր են ցմահ դատապարտյալները: Նրանցից մոտ 30 հոգու նկատմամբ քրեական գործերը հարուցվել են 1990 թվից մինչեւ 2003 թվի օգոստոս ամիսը, (այսինքն՝ մինչեւ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը): Այլ կերպ ասած, մոտ 30 անձ այսօր՝ 21-րդ դարի նոր, հեղափոխական Հայաստանում դատապարտված են խորհրդային ժամանակվա՝ 1961 թվականի քրեական օրենսգրքով: Նրանք Ռոբերտ Քոչարյանի կողմից «ներվածներն» են, որոնց մահապատիժը 2003 թվականի օգոստոսի 1-ին նա փոխարինեց ցմահ ազատազրկմամբ: Այս անձանց համար ցմահ ազատազրկման համապատասխանեցումը ազատազրկման որևէ ժամկետի չարվեց։ Քոչարյանի ներվածների թվում կան բազմաթիվ «ցմահականներ», որոնք հատել են ցմահ ազատազրկման համապատասխանեցված 20 տարին, սակայն շարունակում են բնակվել բանտում: Նրանք և նրանց հարազատները ապրում են ներման ակտի հույսով:

 

«Մենք դեռ սպասում ենք համաներման և ներման, — մեզ հաղորդեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի կարծիքը նրա որդին, — Կարծում եմ, պետք է մեծ համաներում անել։ Ցանկալի կլիներ, եթե ցմահներից ընդհանուր, բոլորի պատժի ժամկետներից երեք, կամ 5 տարի թափեին, որ բոլորին հասնի արդարությունը, քանի որ մենք արդարադատություն չենք ունեցել։ Հեղափոխություն է եղել, ասում են, իրավիճակ է փոխվել, ուրեմն, այդ իրավիճակի փոփոխությունը պետք է բոլորը զգան։ Մենք էլ ենք բոլորի մասը։ Եթե համաներում չլինի, շատ մարդիկ կհիասթափվեն, հո մենակ իրենց համար չէ՞ր ժողովուրդը ոտքի ելել»։ Արմեն Տեր-Սահակյանը գտնում է, որ պարտադիր չէր, որ համաներումը սեպտեմբերի 21-ին անցկացվեր։ «Կասեին՝ ընտրություն է դեմը, դրա համար համաներում արեցին,որ ձայներ ստանան։ Ճիշտ չէր լինի։ Ես մտածում եմ, որ լինելու ա համաներում, եթե չլիներ, կասեին՝ առանց ինչ որ բանից վախենալու»։

 

Դավիթ Հարությունյանը, որպես արդարադատության նախարար, օրենք է խախտել, ստորագրելով ապօրինի հրամանի տակ

 

Քրեակատարողական ծառայության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը գտնում է, որ Քոչարյանի «ներվածների» խնդիրը պետք է առանձնացնել համաներման և ներման գործընթացից։ «Ցմահ դատապարտյալները պետք է դիմեն Սահմանադրական դատարան, քանի որ նրանց նկատմամբ կայացված վճիռը հակասահմանադրական է եղել։ ՀՀ Նախագահի թիվ 103 հրամանագրին, որը նա ստորագրել է 2003 թվականին, խայտառակ փաստաթուղթ է։ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատարանի դեր է վերապահել։ Հրամանագրում նա նշել է Սահմանադրության 53-րդ հոդվածի 17-րդ կետը, որով նախագահին վերապահվում է ներում շնորհելու իրավունքը։ Այո, նա կարող էր ներում շնորհել որպես նախագահ, բայց ոչ մահապատիժը փոխարիներ ցմահ բանտարկությամբ։ ես ընդունում եմ, որ Քոչարյանը կարող էր սխալվել, բայց դրա տակ 8 պաշտոնյաների ստորագրություն կա, 8 իրավաբանների, այդ թվում՝ ամենագլխավորի՝ Դավիթ Հարությունյանի։ Դավիթ Հարությունյանը այն ժամանակ արդարադատության նախարարն էր։ Որպես իրավաբան նա իրավունք չուներ նման սխալ թույլ տալ», — ասում է Սամվել Հովհաննիսյանը։

 

Ինֆորմացիոն վակում համաներման շուրջ

 

Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից առաջ համառորեն պտտվող լուրերի համաձայն, Հայաստանի երրրորդ նախագահը պատրաստվում էր ներման մի քանի ակտ ստորագրել: Դատապարտյալները և նրանց հարազատները նույնիսկ խոսում էին Բաղրամյան 26-ում նախապատրաստվող ինչ որ ցուցակի մասին, որը ոչ ոք չէր տեսել: Ի՞նչ եղավ այդ ցուցակը, կար, վերջապես, թե ոչ՝ այդպես էլ հայտնի չդարձավ:

 

Համաներման մասին հարցն ամենահաճախն է տրվում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա իր ֆեյսբուքյան ասուլիսներում, հրապարակային այլ ելույթներում ավելի մեծ հաճույքով խոսում է վարչական իրավախախտումները, տույժ-տուգանքները համաներելու, քան դատապարտյալներին ներում և համաներում շնորհելու մասին: Նախարարի պնդումները համաներման վերաբերյալ «թե» -ական են։

 

«Համաներման նախագիծը նախապատրաստվելու է արդարադատության նախարարությունում, եթե լինի: Համաներման վերաբերյալ չեն խոսում մինչև համաներումը, կամ կիրականացնենք, կամ ավելի ուշ կիրականացնենք», — այսպիսի անորոշ արտահայտություն է արել Զեյնալյանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Իսկ ֆեյսբուքյան վերջին հարց ու պատասխանի ժամանակ նա նշեց. «Համաներման ակտը դրա մշակման փուլում, մինչև ընդունումը պետք է մնա գաղտնի։ Դա բխում է հասարակության շահից։ Դրա վերաբերյալ նախապես չի կարելի խոսել»։ Իսկ նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը երեկ Forrights. am-ին ասաց. «Համաներման թեմայով որևէ տեղեկություն տրամադրելու իրավասություն չունենք»:
Հայտնի է սակայն, որ նախարարությունում պատրաստվում է դատապարտյալներր ցուցակ, որոնք ներում է շնորհվելու:

 

Ինֆորմացիոն վակումը նպաստում է նրան, որ ամեն կարծիք, համաներման վերաբերյալ յուրաքանչյուր հրապարակային դատողություն սուր, նույնիսկ ծայրահեղ արձգանքներ է առաջացնում ճաղերի հետևում: Վերջերս դատապարտյալների հարազատները վրդովվել էին նախարարության պաշտոնյաների կարծիքը՝ թե համաներում հայտարարելու համար հասարակական պահանջարկ չկա: Այս կարծիքը, որը իրավապաշտպան, «Հելսինկյան Ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցին, ինչպես ինքն է պնդում, առանձնազրույցի ժամանակ հայտնել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ Սեպտեմբերի 4-ին «Նոյան տապան» գործակալության մամուլի սրահում Կարապետյանցը հայտարարեց. «Սպասում էինք, որ արդարադատության նախարարությունը ինչ-որ գործողություններ կանի, և գոնե սեպտեմբերի 21-ի, Անկախության տոնի կապակցությամբ, մենք կունենանք համաներումը: Առանձնազրույց եմ ունեցել փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ, որի պատասխանը ինձ վրդովեցրել է. նա հայտնեց, որ չկա հասարակական պահանջ համաներում իրականացնելու»:

 

Արդարադատության նախարարությունն աշխատում է հին ոճով

 

Արդարադատության նախարարությունից հերքում են այս տեղեկությունը։ «Արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը երբևէ դիրքորոշում չի հայտնել համաներման թեմայով, քանի որ ոլորտը դուրս է փոխնախարարի համակարգման տիրույթից», — հայտնեցին նախարարությունից: Ի՞նչպես կբացատրեք, այս հակասությունը։ Forrights.am-ի այս հարցին Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «ես սպասում էի, որ կլինի հերքումը, և այդ ասուլիսի ժամանակ էլ հայտարարեցի, որ ակնկալում եմ, որ կհերքեն։ Դա այն հին ոճի աշխատանքն է, երբ քեզ մի բան են ասում, հետո հերքումեն։ Ես վստահ եմ նրանում, ինչ ասել եմ, հիմա կրկնապատիկ ճիշտ եմ համարում, որ հրապարակել եմ մեր առանձնազրույցի տեքստը»։

 

Փաստաբանը երկար ժամանակ զբաղվել է համաներման խնդրով։ «Հելսինկյան ասոցիացիան» նույնիսկ համաներման ակտի պատրաստի կոնցեպտ է առաջարկել, նախագիծ, որում չկա միայն փաստական մասը՝ թվեր, հոդվածներ։ «Համաներման պարագայում իշխանությունը պետք է ցանկություն ունենա նման գործ անելու, այն, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է անհրաժեշտության մասին, փաստ է։ Մենք երկար ժամանակ ենթադրում էինք, որ մշակում են, պատրաստում են, համաներման նախապատրաստական աշխատանքներ են կատարում, բայց փոխնախարարի հետ առանձնազրույցը ցույց տվեց, որ ոչ աշխատում են, ոչ էլ նպատակ ունեն աշխատելու, — ասում է Նինա Կարապետյանցը, — Եթե փոխնախարարն այդպիսի հայտարարություն է անում, ու հետո հրաժարվում է, դա կարելի է գնահատել որպես սաբոտաժ։ Համաներումը ոչ լրացուցիչ ծախսեր, ոչ մեծ ներուժ է պահանջում, սա այն իրավիճակն է, որ պետք է ամբողջացնել հեղափոխությունից հետո ձևավորված համերաշխության մթնոլորտը։ Դա թույլ չտալու համար չի արվում համաներումը»։

 

Ըստ իրավապաշտպանի, այս անգամ պետք է համապարփակ համաներում կատարել, ոչ թե «պարզեցված, թեթև հոդվածներով, այլ շատ ավելի մեծ թվով հոդվածներով և մարդկանց վրա տարածվող, այդ թվում նաև ցմահ ազատազրկվածների»։

 

Համաներումն ամենավատ գործիքն է․ Արթուր Սաքունց

 

Համամեներումն ամենավատ գործիքն է արդարադատության բնագավառում։ Նախկինում, երբ դատական իշխանությունն ամբողջապես կապված էր գործադիրից և քրեական գործերով արդարադատություն չէր իրականացվում, համաներման գործիքն օգտագործվում էր որպես կառավարման գործիք, հատկապես քաղաքական հիմքով ապօրինի քրեական հետապնդման ենթարկվածների, տնտեսական հանցագործությունների համար դատապարտվածների, կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների վարքագիծը կառավարելու համար, նաև միջազգային կազմակերպությունների պահանջով ազատություն էր շնորհվում։

 

Սա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքն է։ «Նոր պայմաններում պետք է ավելի շատ գործել արդարադատության ապահովման ուղղությամբ, որպեսզի դատավորը գործի անկախ, օրենսդրությանը համապատասխան, առանց տուրք տալու հանրային ակնկալիքներին։ Ցավոք, դեռ այդ գործընթացի մեջ ենք։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այն ժամանակատար պրոցեսը, որն անհրաժեշտ է նախորդ իշխանության ժամանակ անարդարացի դատապարտյալների գործերը վերանայելու, արդարացնելու, որպեսզի մարդիկ հանիրավի չգտնվեն անազատության մեջ մենք պետք է վերջին անգամ այդ գործողությունը իրականացնենք, որպես նախորդ իշխանության օրոք ապօրինությւոնների հետևանքով ազատազրկված անձանց ազատության ապահովման գործիք», — հայտնեց իրավապաշտպանը։

 

forrights.am

Դիտումներ՝ 1045

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????