Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը. զեկույց

March 23, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ  հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից,  2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը  ժամանակահատվածում իրականացրել է 44-օրյա պատերազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների հետազոտություն, որի արդյունքները ներկայացվում են «2020 թ.  44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների  իրավունքների վիճակը» զեկույցում:

 

Զեկույցը ներկայացվեց 2022 թ․ մարտի 22-ին։ Միջոցառմանը հրավիրված էին պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ, ովքեր եւս հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց  խնդիրները, որոնց առնչվել են պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում:

 

Անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները առաջացել են դեռեւս առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213:

 

ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝  ղարաբաղյան առաջին հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը Հայաստանում շուրջ 400 է:

 

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերստին  մեծ թվով մարդիկ անհայտ կորան. ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 

Զեկույցում, բացի վիճակագրական տվյալներից, անդրադառնում ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերվող օրենսդրությանը, օրենսդրական բացերին, ավելի քան մեկ տարվա ընթացքում ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներին, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին:

 

Զեկույցում անդրադարձ  է կատարվել նաեւ անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների խնդիրների լուծմամբ զբաղվող պետական կառույցների գործունեությանը, նրանց լիազորություններին եւ գործառույթների իրականացման վիճակին եւ արդյունավետությանը:

 

Դեռեւս շարունակվում է մտահոգիչ մնալ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը:

 

Ընտանիքները բախվում են նաև իրավական կարգավիճակի բացակայության, սոցիալական, առողջապահական, հոգեբանական աջակցության եւ այլ խնդիրների:

 

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ նույնականացման աշխատանքների ընթացքում առկա խնդիրներին:

 

Ներկայացվող զեկույցով  հերթական անգամ անդրադառնում ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության եւ նրանց հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին, ինչպես նաեւ պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին ներկայացնում ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:

 

Ուսումնասիրելով 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները, նրանց նկատմամբ պետության կողմից վերցրած պարտավորությունների կատարման վիճակը՝ հանգում ենք հետեւյալ եզրակացությանը.

 

  1. պետությունը արդյունավետ կերպով չի ապահովել անհայտ կորած անձանց ընտանիքների իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը,

  2. ՀՀ պաշտպանության նախարարությունը 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց թվի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժել է՝ առանց բավարար հիմնավորումների, մյուս կողմից՝ այդ նույն տեղեկությունները պարբերաբար հրապարակվել են պաշտոնական մարմինների կայքերում եւ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան,

  3. անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա չէ մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները,

  4. պետական տարբեր մարմիններ իրականացրել են միևնույն լիազորությունները եւ գործառույթները պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում, ինչի պատճառով անհայտ կորած անձանց ընտանիքների համար որոշակի չէ, թե որ մարմնին կարող են դիմել տարբեր հարցերով,

  5. անհայտ կորած անձանց ընտանիքների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու մարմինները չունեն համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ, պատրաստված անձնակազմ, ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու համար,

  6. նույնականացումը հաստատող կամ հերքող արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ստացվում են ոչ ողջամիտ ժամկետներում, արդյունքների մասին ընտանիքները տեղեկություններ ստանում են տարբեր մարմիններից, ինչն էլ իր հերթին առաջացնում է անկանխատեսելիություն և անվստահություն գործընթացի նկատմամբ:

  7. Անվստահություն են առաջացրել նաեւ անհայտ կորածի եւ ընտանիքներին հանձնված մարմնի կամ մասունքների միջեւ կառուցվածքային տարբերությունները,

  8. պատերազմի անմիջական և ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքները ունեն բազմաթիվ կարիքներ, մասնավորապես՝ սոցիալական, իրավական, ֆինանսական, հոգեբանական աջակցության,

  9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհայտ կորածի իրավական կարգավիճակի բացակայությունը ստիպում է նրանց հարազատներին դիմելու դատարան՝ իրենց հարազատին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հա­մար, սոցիալական աջակցության որոշ խնդիրներ լուծելու նպատակով, սակայն նույնիսկ նշված կարգավիճակները չեն ապահովում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների եւ շահերի ամբողջական և լիարժեք պաշտպանությունը,

  10. ոչ համակարգային եւ իրավիճակային մոտեցմամբ օրենսդրական մասնակի լուծումները վկայում են սոցիալական աջակցության տրամադրման հայեցողական մոտեցման մասին, որը չի կարող լինել համակարգային, քանի դեռ անհայտ կորածի ընտանիքին սոցիալական աջակցություն ապահովելու պետության պարտավորությունը սահմանված չէ օրենքով.

  11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով զինծառայողներին ծառայության այլ վայր տեղափոխելու հանգամանքը պարզ չէ, ինչպես նաեւ հստակ չէ, թե ծառայողական անհրաժեշտությունը կոնկրետ ինչ հանգամանքներով է պայմանավորված, որը հակասում է իրավական որոշակիության սկբունքին,

  12. անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչների հանդեպ պետական մարմինների առանձին աշխատակիցների կողմից դրսևորվում է անհարգալից և անմարդկային վերաբերմունք։

 

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են հետեւյալ առաջարկությունները.

 

ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանը

– ընդունել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքը եւ օրենսդրությամբ սահմանել «անհայտ կորածի» իրավական կարգավիճակի վերաբերյալ  իրավակարգավորումները,

– «Անհայտ կորածի մասինե ՀՀ օրենքի իրավական կարգավորումներով ամրագրել անհայտ կորածներին փնտրելու, գտնելու, նույնականացնելու և հարազատներին վերադարձնելու պետության պարտավորությունը և դրանց իրականացման հստակ, կանխատեսելի իրավական ընթացակարգերը,

– ստեղծել առանձին մասնագիտացված պետական մարմին՝ (օրինակ՝ անհայտ կորածների տեղեկատվական բյուրո կամ կոմիտե) բացառելով միաժամանակ նույն գործառույթներն իրականացնող մի քանի կառույցների գոյությունը, որը պատասխանատու կլինի անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների և խնդիրների երաշխավորման, լուծումներ տալու համար. մասնավորապես տեղեկությունների հավաքագրմամբ եւ փոխանակմամբ, անհայտ կորած անձանց ընտանիքների տեղեկությունների ստացման իրավունքի ապահովմամբ,

– անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու մարմնին ապահովել համապատասխան գիտելիքներով եւ հմտություններով, անհրաժեշտ մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներով,

– «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի իրավական կարգավորումներով ամրագրել անհայտ կորած անձանց ընտանիքներին անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը անհայտ կորածների գտնվելու վայրի եւ ճակատագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին պատերազմական գործողությունների ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում,

– «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի իրավական կարգավորումներով ամրագրել անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները, առողջական, իրավական եւ կրթական աջակցության տրամադրումը:

 

ՀՀ պաշտպանության նախարարությանը

– ապահովել անհայտ կորած անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումը, զերծ մնալ գաղտնիք չհամարվող տեղեկությունների տրամադրումը մերժելուց, տեղեկությունների տրամադրումը մերժելու դեպքում հստակ նշել իրավական հիմքը, տրամադրել բավարար և հիմնավոր տեղեկություններ՝ տեղեկատ­վության հրապարակման արգելքի վերաբերյալ, հստակ ներկայացնել մերժման հստակ պատճառները: Տեղեկատվությունը մերժելու կամ տրամադրելու հարցում առաջնորդվել գերակա հանրային շահով:

 

ՀՀ գլխավոր շտաբին

– Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով զինծառայողներին ծառայության այլ վայր տեղափոխելու դեպքում հստակեցնել ծառայողական անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները՝ դրանով իսկ ապահովելով իրավական որոշակիության սկբունքը:

 

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին

– անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվել պատշաճ տեղեկություն նույնականացման նշանակության մասին,

– նույնականացումը հաստատող կամ հերքող արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրել ողջամիտ ժամկետներում, արդյունքների մասին ընտանիքներին տեղեկություններ տրամադրելու հարցում ցուցաբերել միասնական մոտեցում, ինչը կարող է նվազեցնել անկանխատեսելիությունը և անվստահությունը գործընթացի նկատմամբ:

 

Միջազգային կազմակերպություններին

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին

– ԵԽԽՎ նստաշրջանում քննարկել 2007 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված Հարավային Կովկասում հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը եւ 1797 (2007) հանձնարարականի կատարման վերաբերյալ հարցը՝ 44-օրյա պատերազմի համատեքստում

 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

– Հատուկ զեկույցով անդրադառնալ անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ նրանց ընտանիքների տեղեկություններ ստանալու իրավուն[1]քի վիճակի հարցին, Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարմանը

 

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն գլխավոր հանձնակատարին

– ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում քննության առնել 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորածների իրավունքների խնդրին

 

2020 թ.  44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների  իրավունքների վիճակը⬇️

 

Դիտումներ՝ 1028

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????