Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հրատապ քայլեր ձեռնարկելու կոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ին․ Արցախ փաստահավաք առաքելություն ուղարկելու պահանջ

April 6, 2021

Համատեղ | Հայտարարություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Ն.Գ. տիկին Օդրի Ազուլային



Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն: Հատկանշական ենք համարում, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը վկայում է ոչ միայն միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտումների, այլ նաև՝ հայ ժողովրդի շարունակական խոշտանգման և նվաստացման նպատակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հերթական հակամարտության բորբոքում այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը պաշտոնապես խաղաղության բանակցություններ է վարում:

 

Հարկ է ընդգծել, որ չնայած աշխարհագրական փոքր տարածքին, Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ: Եկեղեցիները կառուցվել են 4-րդից 21-րդ դարերի ընթացքում: Արժեքավոր հնագիտական օբյեկտները, որոնցից հատկապես հարկ է հիշատակել Արցախում գտնվող Տիգրանակերտ հինավուրց քաղաքը, մ.թ.ա. 1-ին հարյուրամյակից մինչև մ.թ. 13-րդ հարյուրամյակի կառույցներ են:

 

Ներկայումս առնվազն 1,456 հայկական պատմական և մշակութային հուշարձաններ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Դրանց թվում են 161 հայկական եկեղեցիներ, Տիգրանակերտի հնագիտական տարածքը, Ազոխի պալեոլիթյան քարանձավը, Նոր Կարմիրավանի դամբարանները, Միրիկը, Կերենը և հնագիտական տարբեր հուշարձաններ՝ պալատներ, կամուրջներ և պատմական թաղամասեր: Դրանցից զատ, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գործել են 8 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 19,311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի թանգարանը և Շուշիի հայկական դրամի թանգարանը, որոնք գործում էին մասնավոր հիմունքներով:

 

Լուրջ մտահոգություններ կան՝ կապված ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմական և մշակութային ժառանգության պահպանության հետ: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում իր տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության համակարգային բնաջնջման՝ Ադրբեջանի քաղաքականությունը, վերոհիշյալ մտահոգությունները հիմնազուրկ չեն: Առկա բազմաթիվ պատմական փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները, իսկ հայկական պատմության գանձերն անհետանում են առհավետ: Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը բացահայտ, դիտավորյալ և անշրջելիորեն ոչնչացնելու դեպքերը նոր չեն. այդպիսիք արձանագրվում են արդեն տասնամյակներ շարունակ: Նման գործելակերպի երկու աղաղակող օրինակներ են 1997-2006 թվականների ընթացքում Նախիջևանում գտնվող՝ Ջուղայի (Ջուլֆայի) հինավուրց հայկական գերեզմանոցի իսպառ ոչնչացումը, որտեղ բնաջնջվել են ընդհանուր թվով 28,000 հուշարձաններ (ներառյալ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5,840 ձեռնաշեն խաչքարներ և 22,000 հինավուրց տապանաքարեր), ինչպես նաև Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Ծար գյուղում գտնվող հայկական հուշարձանների ոչնչացումը:

 

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում սանձազերծած պատերազմի առաջին իսկ փուլերից Ադրբեջանը կրկին անգամ թիրախավորել է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Առաջին մեծ միջադեպն արձանագրվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրետակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ էական վնաս պատճառելով եկեղեցուն թե՜ դրսից, թե՜ ներսից: Կասկածից վեր է այն փաստը, որ Ադրբեջանը մշակութային ժառանգության նման թիրախավորմամբ կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հանդեպ ունեցած պարտավորությունների շրջանակում իր ստանձնած հանձնառությունները:

 

2020 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանը ռմբակոծեց Տիգրանակերտի մոտակայքում գտնվող հնագիտական ճամբարը՝ ոչնչացնելով հնագիտական երկու տնակները և վնաս պատճառելով մյուս երկուսին:

 

Այսօր, անգամ հրադադարի մասին հայտարարությունից հետո, ամենօրյա հաղորդումներն ազդարարում են Արցախում հայկական պատմական և մշակութային հուշարձանների թիրախավորման մասին: Արցախի հակամարտության գոտում բոլոր մարտական գործողությունների դադարեցման և լիակատար հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ մշտապես տեղեկություններ են ստացվում հայկական ժառանգության ոչնչացման կամ վնասման մասին: Մտահոգիչ առաջին լուրը վերաբերում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թիրախավորմանը: Շուշիի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում շրջանառվում էին նկարներ և տեսանյութ, որոնցում տեսանելի էր 19-րդ դարում կառուցված՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ մասնակի վնասված վիճակում, մասնավորապես՝ լրջորեն վնասված էին գմբեթը և զանգակատունը: Եկեղեցուն հասցված վնասները նկատելի արբանյակային լուսանկարներում: 

 

Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ոչնչացնում հայկական հուշարձաններն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղում:

 

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2021 թվականի մարտի 27-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը)  անարգանքի, վանդալիզմի ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին (19-րդ դար):

 

Մարտի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական վանդալիզմի պատճառով տուժում Շուշի քաղաքում գտնվող հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:

 

Ավելին, լուսանկարները և տեսանյութերը փաստում են, որ Ադրբեջանի նախագահն անձամբ է հրահանգել ջնջել հայկական հետքերն Արցախից:

 

Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով լծվել է հայկական առաքելական եկեղեցիների մշակութային յուրացմանը և դրանց « ալբանական» լինելու մասին կեղծ պնդումների լեգիտիմացման հաշվարկված քաղաքականությանը, ինչպես նաև հայկական կրոնական ժառանգության յուրացմանը, անարգմանը և անխտիր բոլոր օբյեկտների իսպառ ոչնչացմանը:

 

Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կատարված հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ ուրիշներին պատկանող քաղաքակրթության արժեքների նկատմամբ անհանդուրժողության ցանկացած դրսևորումը, մշակութային կամ կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի ամենայն խստությամբ: Մշակութային արժեքների թիրախավորումը խստորեն արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով (Զինված հակամարտության դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով և դրան կից երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով, ինչպես նաև Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով):

 

Հաշվի առնելով վերոհիշյալ մտահոգությունները՝ մենք ընդգծում ենք մշակութային ժառանգության՝ որպես պատմության «ականատեսի» և ժողովուրդների ինքնության անքակտելի բաղադրիչի համամարդկային բնույթը, որը միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել ապագա սերունդների համար՝ արդի հակամարտություններից անդին:

 

Սույնով հղում ենք կատարում Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, որում ճանաչվում է մշակութային ժառանգությունը պաշտպանելու կարևորությունը և վերահաստատվում է այն որևէ եղանակով դիտավորյալ ոչնչացնելու դեմ պայքարելու վճռականությունը, որպեսզի այդ մշակութային ժառանգությունը հնարավոր լինի փոխանցել ապագա սերունդներին:

 

Հղում ենք կատարում նաև Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին, որոնց միացել են և՜ Հայաստանը, և՜ Ադրբեջանը, և որոնք հիմնված են Մասնակից պետությունների այն համոզմունքի վրա, որ «որևէ ժողովրդի պատկանող մշակութային սեփականության վնասումն հավասարազոր է ողջ մարդկության մշակութային ժառանգության վնասման»:

 

Հիշեցնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի մասին, որում շեշտվում է, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, զինված հակամարտության ընթացքում մշակութային ժառանգության թալանը և անօրինական փոխադրումը, այդ թվում՝ ահաբեկչական խմբերի կողմից, ինչպես նաև այս համատեքստում մշակութային արմատները և մշակութային բազմազանությունն հերքելու փորձերը կարող են սրացնել և խորացնել հակամարտությունները, արգելակելով հետհակամարտային ազգամիջյան համերաշխությունը՝ այդկերպ սասանելով ազդակիր պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարման համակարգը և սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը»:

 

Հիշեցնում ենք նաև Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 23-րդ հոդվածի մասին, որի համաձայն բարձր Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն տեխնիկական աջակցության խնդրագրով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կազմակերպելու համար իրենց մշակութային արժեքների պաշտպանությունը, կամ՝ Կոնվենցիայի կամ դրա կատարման կանոնակարգերի կիրառությունից բխող ցանկացած այլ խնդրի առնչությամբ: Կազմակերպությունը պարտավոր է ցուցաբերել այդ աջակցությունն իր ծրագրի և ռեսուրսների շրջանակներում: Կազմակերպությունն իրավասու է սեփական նախաձեռնությամբ այս խնդրին վերաբերող առաջարկներ ներկայացնել բարձր Պայմանավորվող կողմերին:

 

Մենք տեղյակ ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործարկել է Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով իրեն վերապահված մանդատը, որի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել՝ ստեղծելու անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու համար Արցախում առավել նշանակալից մշակութային օբյեկտների վիճակը: Այնուհանդերձ, այդ գործընթացն ամիսներ շարունակ արհեստականորեն արգելափակվել է Ադրբեջանի կողմից:

 

Այսպիսով, մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավումը խոչընդոտելու՝ Ադրբեջանի քաղաքականության առնչությամբ: Կոչով դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ակնկալելով, որ վերջինս հաստատակամ քայլեր կկատարի և կձեռնարկի իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությամբ արդյունավետորեն զբաղվելու նպատակով, ինչը հատկապես կարևոր է պատմական հուշարձանների դիտարվորյալ բնաջնջման և դրանց ինքնության աղավաղման փորձերի պայմաններում:

 

«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման կենտրոն

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն

«Սինեմարթ» ԵՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Վստահություն» առողջապահական ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Դիտումներ՝ 121

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????