Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել են դատական համակարգում արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկությունների փաթեթ

May 27, 2020

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր երկրի կարիքները սպասարկող վեթինգ, նպատակահարմար ենք համարում ստորև ներկայացնել մեր հավաքական դիրքորոշումը ու մոտեցումները Հայաստանի Հանրապետությանը անհետաձգելիորեն անհրաժեշտ, արդյունավետ և իրական վեթինգի մասին: Այս փաստաթուղթը մշակել են ոլորտային անկախ մասնագետներ, հաշվի առնելով ինչպես մեր երկրի կարիքները, այնպես էլ մի քանի երկրների փորձը, որոնք անցումային արդարադատության մեխանիզմներ են գործարկել:

 

Վեթինգի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, տարբեր պետություններում կիրառված մոդելների գնահատման համադիր վերլուծությունից կարելի է դուրս բերել մի շարք թեզեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի համատեքստում դատավորների վեթինգի արդյունավետ իրականացման համար։ Այսպես՝

 

  • Վեթինգը՝ որպես առանձին վերցրած գործիք, որևէ երկրում չի նպաստում դատական իշխանության առողջացմանը։ Այն միանշանակ պետք է համադրվի համ նախորդի արդարադատության համակարգային բարեփոխումներին (նոր կադրերի պատրաստում, օրենսդրական խնդիրների վերհանում և լուծում, կառուցվածքային փոփոխություններ, արդյունավետության բարձրացում, արդարադատության այլ մարմինների բարեփոխումներ),

 

  • Անկախ նրանից, թե արդարադատության ռեֆորմը ինչ երկարաժամկետ լուծումներ է առաջարկում դատավորների բարեվարքության բարձրացման ուղղությամբ, միևնույն է համընդհանուր վեթինգը մեկանգամյա կիրառման միջամտության գործիք է, որն անհրաժեշտ է զտելու համար առավել անբարեխիղճ դատավորներին, որոնց հնարավոր չէ անձնավորել այլ պայմաններում՝ հաշվի առնելով որտեղ դատական իշխանության բռնազավթված լինելը պետության անունից հանդես եկող առանձին մարդկանց և նրանց խմբերի խողմից: Այլ կերպ ասած՝ սա ad hoc գործընթաց է, որն արդարացվել և համարժեք է գնահատվել ՄԱԿ-ի, ԵՄ, ԵԽ կողմից այն պետություններում, որտեղ դատական իշխանությունը երկար ժամանակ զավթված է եղել գործադիրի կողմից (տես՝ օրինակները ստորև),

 

  • Անաչառ վեթինգը պետք է իրականացնի անկախ, տարբեր շերտերից ներկայացվածություն ունեցող մարմին(ներ)ը հստակ չափանիշների հիման վրա, որոնք ներառում են ոչ միայն գույքային դրությունն ու մասնագիտական կարողությունների գնահատումը, այլև հնարավոր ներգրավվածությունը հանցավոր խմբերում, ճնշման ներքո որոշումներ կայացնելուն և այլն։ Այնուամենայնիվ, վեթինգի գործընթացը կարող է կուսակցական կամ քաղաքական չարաշահումների առիթ դառնալ, եթե դատավորների պաշտոնից հեռացումը պայմանավորվի խմբային կամ քաղաքական պատկանելությամբ՝ վերածելով վեթինգը քաղաքական զտման գործընթացի։ Նման ընթացակարգերը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման փոխարեն հանգեցնում են բարեփոխումների նպատակի տապալման։[1] Բոլոր սկզբունքների (խիստ չափանիշներ, անաչառ ստուգում, ընթացակարգային կանոններ, արդյունավետ բողոքարկում) խիստ պահպանման պարագայում իրատեսական չէ, որ վեթինգի արդյունքում համակարգից հեռացվեն բարեխիղճ և արդյունավետ աշխատող դատավորները, ինչը հաճախ նշվում է որպես հակափաստարկ ընդհանուր վեթինգին։

 

  • Պետությունը պետք է ապահովի նախնական վեթինգի արդյունքների բողոքարկման անկախ, անաչառ ատյան, որին կկարողանան դիմել վեթինգի արդյունքում համակարգից հեռացված դատավորները,

 

  • Համընդհանուր, ad hoc և առանց ժամկետային սահմանափակումների վեթինգ իրականացնելու համար բազմաթիվ երկրներ ընդունել են սահմանադրական փոփոխություններ, որոնց անցումային դրույթներով սահմանվել են դրա նպատակը, գործիքը, ժամկետները։ Այդ դրույթներից բխում է սահմանադրական կամ այլ օրենքների ընդունում խորհրդարանի կողմից, որի հիման վրա իրականացվում է վեթինգը։

 

  • Այն պնդումը, որ համընդհանուր վեթինգը կարող է բերել դատական իշխանության կոլապսի, խիստ չափազանցված է և հիմնվում է այլ պետությունների բացասական փորձի վրա։ Կարելի է պնդել, որ ժամանակի և գործողությունների առումով խելացի պլավորված և փուլային իրականացվող վեթինգը լավագույն լուծումն է, որին զուգահեռ դատավորների թափուր տեղերը պետք է զբաղեցնեն նոր վերապատրաստված դատավորների թեկնածուները։ Վերջիններիս կրթումը, պատրաստումը և համակարգ գործուղումը պետք է կատարվի ռեֆորմի առաջին փուլից։

 

  • Միջազգային փորձը հուշում է նաև, որ համընդհանուր վեթինգ իրականացնելու հարցում իշխանության հապաղումը էապես նվազեցնում է դրա արդյունավետությունը, որովհետև ժամանակի ընթացքում թուլանում է վեթինգ իրականացնելու քաղաքական կամքը, «վատ» դատավորները հարմարվում են նոր միջավայրում աշխատելուն, սակայն նրանց բարեվարքությունը խիստ կասկածելի է հատկապես կարևոր կոռուպցիոն և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործեր քննելիս, նվազում է հանրության աջակցությունը դատավորների վեթինգին, և որպես հետևանք հանգեցնում է հանրության մոտ դատաիրավական բարեփոխումներից ընդհանուր հիասթափության։

 

Ստորև մանրամասն ներկայացնում ենք  դատավորների վեթինգի առավել քննարկված երեք մոդելներ, որոնց դրական և բացասական կողմերը կարող են ուսանելի լինել Հայաստանի համար դատավորերի համընդհանուր վեթինգի մոդելի մշակման տեսանկյունից:

 

ԱԼԲԱՆԻԱ

 

2014-2015թթ. Ալբանիայի դատական համակարգում արձանագրվել էր կոռուպցիայի բարձր մակարդակ, հանրության ցածր վստահություն դատական իշխանության նկատմամբ։ Այս ոլորտի բարեփոխումը համարվել էր  առաջնահերթություն ԵՄ, ԱՄՆ հետ համագործակցության համատեքստում։[2] Դատավորների և դատախազների վեթինգը՝ որպես բարեփոխումների գործիքներից մեկը, նախատեսվել էր 2015թ․ սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով, որոնք դրական էին որակվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։[3] Սահմանադրական փոփոխությունների հիման վրա ընդունվեց Վեթինգի մասին օրենքը, որը նախատեսում է եռափուլ վեթինգ հետևյալ չափանիշներով՝[4]

 

Գույքի ստուգում․ ենթադրում է բոլոր դատավորների և դատախազների գույքի և եկամուտների աուդիտ՝ առանց ժամանակային սահմանափակման։ Այս քննության գործընթացում ապացուցման բեռը դրվում էր կոնկրետ վերագնահատում անցնող պաշտոնատար անձի վրա, ով պետք է ապացուցի իր գույքի կամ եկամուտի օրինականությունը։

 

Կապերի ստուգում․ ներառում է անձի անցած և ներկա գործունեության ուսումնասիրություն, պարզելու համար, թե արդյոք հակումներ է դրսևորել ներառվելու հանցավոր խմբերում կամ գործել նման խմբերի ճնշման ներքո, կամ ներառվել են ուղիղ կամ անուղղակի նման խմբերում։ Հանրության շրջանում դժգոհություն է առաջացնում անվտանգության մարմինների ներգրավվածությունը այս փուլում։ Այնուամենայնիվ,  այս ռիսկը նվազեցվում էր, քանի որ վերջնական որոշումը կայացնում էր Անկախ հանձնաժողովը։

 

Արհեստավարժության գնահատում․ Գնահատվելու են անաչառ և արհեստավարժ որոշումեր ընդունելու չափանիշով։ Սա ներառում է նաև կառավարչական հմտությունների, էթիկայի, անձնական հատկանիշների գնահատում, որոնք սահմանվում են օրենքով։ Եթե հմտությունները բավարար չեն, դատավորը կամ դատախազը կարող է ուղարկվել վերապատրաստման մասնագիտական ակադեմիա /School of Magistrates/, իսկ ավելի վատ ցուցանիշներ ունեցողները պարզապես ազատվում են պաշտոնից։

 

Վեթինգն իրականացնելու են Անկախ որակավորման հանձնաժողովն ու Վերաքննիչ հանձնաժողովը։ Ալբանացի հարյուրավոր դատավորներ և դատախազներ հրաժարվեցին իրենց պաշտոններից նախքան վերստուգման մեկնարկը, իսկ որոշ հետազոտությունների համաձայն՝ դատավորների գրեթե կեսը ազատվեցին պաշտոններից վեթինգի արդյունքում։ Դրա ավարտը նախանշվում է 2021թ․։ Օրենքի սահմանադրականության պարզման փուլում Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է amicus curiae Ալբանիայի ՍԴ-ին հետևյալ հիմնական եզրահանգումներով՝[5]

 

  • Վեթինգը կարող է արդարացվել արտակարգ պայմաններում և որպես կարճաժամկետ միջամտության գործիք, երբ այլ երկարաժամկետ միջոցները չեն կարող ապահովել արդյունավետ արդյունքներ;

 

  • Գործընթացի անկախության և անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է վեթինգի իրականացումը անկախ մարմինների կողմից։ Տվյալների հավաքրման, հետաքննության իրականացման գործառույթները գործադիրին կից մարմիններին վերապահելը չի խախտում այս սկզբունքը։

 

  • Որպեսզի ողջ վեթինգի գործընթացը համապատասխանի արդար դատաքննության ստանդարտներին, անհրաժեշտ է ապահովել պաշտոնից ազատված դատավորների համար անկախ վերաքննության հնարավորություն՝ վիճարկելու համար վերագնահատման արդյունքները։

 

Բոսնիա և Հերցեգովինա

 

Բոսնիա և Հերցեգովինայում դատավոր էին նշանակված ոչ որակյալ մասնագետներ, որոնք շարունակում էին ծառայել նախորդ կոռումպացված ռեժիմի օրակարգին։ Չնայած երկրում բարեփոխումները սկսվեցին 1995թ.՝ Դեյթոնյան խաղաղության համաձայնագրից հետո, այնուամենայնիվ դատական և դատախազական համակարգերի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները սկսվեցին միայն 2001թ.-ին, երբ ստեղծվեց Անկախ դատական և դատախազական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որն առաջարկեց տեղի ունեցող վերանայման/ստուգման գործընթացը փոխարինել բոլոր դատավորների և դատախազների վերանշանակման գործընթացով։[6]

 

Վերանշանակման մոդելը բաղկացած էր երկու բաղադրիչից՝[7]

 

Ա) Օրենսդրական փոփոխությունների արդյունքում բոլոր դատավորների և դատախազների հաստիքները հայտարարվեցին թափուր, և բոլոր այն որակյալ մասնագետները, ովքեր ցանկանում էին նշանակվել դատավորի կամ դատախազի պաշտոնում, կարող էին դիմել և մասնակցել բաց մրցույթին։ Սա վերաբերում էր նաև նախկին դատավորներին և դատախազներին, ովքեր ցանկանության դեպքում պետք է կրկին դիմեին այդ պաշտոնում նշանակվելու համար՝ այն նույն ընթացակարգով, որը նախատեսված էր նոր դիմորդների համար։

 

Բ) Բացի գործող դատավորների անձնային կամ որակական հատկանիշներից, Հանձնաժողովը նաև խնդիրներ էր արձանագրել դատական համակարգի կառուցվածքի և արդյունավետության վերաբերյալ։ Այսպիսով, սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրականացվում էին երեք հիմնական չափանիշի հիման վրա՝

 

  • դատավորների ծանրաբեռնվածություն,
  • տվյալ դատարանի կողմից «սպասարկվող» ազգաբնակչության թիվ և
  • հեռավորություն մեկ այլ մեծ դատարանից։[8]

 

Այսպիսով, առաջարկվող վերանշանակման գործընթացը ոչ միայն միտված էր դատավորների/դատախազների ստուգմանը, այլ նաև ուղղված էր դատական համակարգի կառուցվածքային բարեփոխմանը։ Այսինքն, վերանշանակման գործընթացը բաց մրցույթ էր դատավորների/դատախազների թափուր հաստիքների համար, որն անցկացվում էր անկախ և անաչառ բարձրագույն խորհրդի կողմից՝ զերծ քաղաքական միջամտությունից։

 

Գործընթացը. Նշանակումներն իրականացվում էին փուլերով, դիմումները տեղեկություններ էին պարունակում դիմորդների գույքային դրության, քաղաքական ներգրավվածության և այլ հարցերի վերաբերյալ։ Դիմողների անուններն ուղարկվում էին նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ մեկնաբանությունների կամ տեղեկատվության հավաքագրման համար։ Այս գործընթացի շրջանակներում համապատասխան մարմինը նաև ստանում էր բողոքներ քաղաքացիներից՝ գործող դատավորների և դատախազների գործունեության հետ կապված։ Ստացված ավելի քան 4,800 բողոքների մեծամասնությունը չէին պարունակում որևէ էական կամ ընթացակարգային խախտումներ։ Այնուամենայնիվ, ստացված բոլոր բողոքներն ուսումնասիրվեցին և դրանցից 750-ը համարվեցին հիմնավորված։ Մինչև 2004թ. մայիսը նշանակվել էին 953 թափուր հաստիքներից արդեն 878-ը, իսկ դիմողների 30%-ը չէր վերանշանակվել։[9]

 

Բողոքարկումը. Չվերանշանակված դատավորները և դատախազները կարող էին 15 օրվա ընթացքում դիմել որոշման վերանայման համար միայն այն դեպքում, երբ դիմորդի համար բարենպաստ փաստերը հաշվի չէին առնվել, կամ եթե դիմումատուն հնարավորություն չէր ունեցել ծանոթանալ իր անձնական գործին։ Չվերանշանակված դատավորների և դատախազների աշխատավարձը պահպանվում էր լիազորությունների դադարումից հետո վեց ամիսների ընթացքում։

 

Վեթինգի այդ  մոդելը, ըստ մասնագետների, օգնում է ընտրել լավագույն դատավորներին, ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ինստիտուցիոնալ բարեփոխումների համար։ Սակայն այն պարունակում է կամայական միջամտության ռիսկ այլ պայմաններում ինքնուրույն գործող համակարգերում։ Այդ իսկ պատճառով, նման մոտեցում պետք է կիրառվի այն դեպքերում, երբ գործող համակարգը հիմնովին դիսֆունկցիոնալ է և առանց նման մոտեցման հնարավոր չէ համակարգի բարեփոխումը։ Մասնագետների պնդմամբ այս մոդելը պետք է կիրառվի անցումային փուլի սկզբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավական անորոշությունից։ Բոսնիայի և Հերցեգովինայի դեպքում այս մոդելը քննադատվում էր հենց այն բանի համար, որ դրա կիրառությունը սկսվեց Դեյթոնի խաղաղության համաձայնագրից 6-7 տարի անց։ Այնուամենայնիվ, հատկանշական է, որ այս բարեփոխումներն այդ փուլում երկրում բարձրացրեցին դատարանների հանդեպ հանրային վստահությունը՝ հասցնելով այն 60.2-74 տոկոսի։

 

Հատկանշական է, որ վերանշանակման մոդելի փորձ արվել է նաև ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ հեղափոխությունից հետո, սակայն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից առ այն, որ եթե իրավիճակն այնպիսին է, ինչպիսին այն նկարագրվում է իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա գուցե անհրաժեշտ և արդարացված լինի այդ թերությունները շտկելու համար արտակարգ միջոցներ ձեռնարկելը: Արտակարգ միջոցների ձեռնարկումն իրապես պետք է ուղղված լինի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար ոչ պիտանի դատավորներին բացահայտելուն, սակայն դատական համակարգի բոլոր անդամներին հեռացնելու միջոցով վեթինգի իրականացումը Ուկրաինայի դեպքում չի կարող լինել արդյունավետ  մոտեցում նշված խնդիրները լուծելու համար, քանի որ կան նաև դատավորներ, ովքեր նշանակվել են օրենքով սահմանված կարգով մի երկրում, որը, չնայած մի շարք թերացումներին և դատական համակարգի վրա քաղաքական ազդեցությանը, այնուամենայնիվ ժողովրդավարական էր։

 

ՔԵՆԻԱ

 

2010թ․ ուժի մեջ մտած Քենիայի Սահմանադրությամբ նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում բոլոր գործող դատավորների և մագիստրատների վեթինգի վերաբերյալ օրենսդրության ընդունում։ Մեկ տարի անց ընդունվում է Դատավորների և մագրիստրների վեթինգի վերաբերյալ օրենքը (“The Vetting of Judges and Magistrates Bill 2010”):[10] Վեթինգի խորհրդին զուգահեռ երկրում գործում էր Ճշմարտության, արդարության և հաշտեցման հանձնաժողովը, որը սակայն ոչ թե կոնկրետ դատավորների վարքագիծն էր ուսումնասիրում, այլ համակարգային խախտումները և դրանց պատճառները, և այդպիսով լրացնում էր վեթինգի գործընթացը։

 

Վեթինգ իրականացնելու մանդատը տրվեց անկախ Խորհրդին՝ կազմված իննը անդամներից, ներառյալ՝ նախագահող և փոխնախագահող։ Խորհուրդը լիազորված էր տեղեկություններ հավաքել դատավորների վերաբերյալ, պահանջել հաշվետվություններ, փաստաթղթեր ցանկացած մարմնից, կատարել հարցումներ։ Խորհուրդը իրավունք ունի փաստաթղթերի հիման վրա անցկացնել հարցազրույցներ ցանկացած անձի հետ։ Խորհրդի իննը անդամները բաժանվել էին երեք միաժամանակ աշխատող  հարթակների, որտեղ ներառված էր մեկ դատավոր, մեկ իրավաբան և ոչ իրավաբան։[11] Խորհուրդը պետք է պարզեր (ըստ վեթինգի չափանիշների)՝

 

  • արդյոք դատավորի նշանակումը կատարվել է սահմանադրությամբ նախատեսված պահանջներին համաձայն,
  • արդյոք կա դատավորի կամ մագիստրի ներգրավմամբ ընթացող կամ ավարտված քրեական գործ,
  • արդյոք կա Գլխավոր դատախազի կամ Հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում սկսելու առաջարկ,
  • կայացրած վճիռների, բանիմացության և բարեխղճության վերաբերյալ տեղեկություններ,
  • արդյոք դատավորի դեմ ներկայացվել են բողոքներ մասնագիտական կառույցների կողմից, ինչպիսիք են․ օրինակ, Կարգապահական հանձնաժողովը, Փաստաբանների բողոքների հանձնաժողովը, Հանրային բողոքների հարցերով մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը, Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը և այլն։

 

Բողոքների քննության փուլում հաշվի են առնվել դատավորի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ մասնագիտական հմտություններ, բարեվարքություն, արդարամտություն, բարեխղճություն, մասնագիտական փորձ, հանրային ծառայողին առաջադրված այլ հատկանիշներ։

 

Ըստ օրենքի՝ առաջնահերթ վեթինգի են ենթարկվել Վերաքննիչ և Բարձրագույն դատարանների 58 դատավորները, հետո՝ 352 մագիստրները, դատարանների վարչակազմը։ Խորհրդի հարթակի որոշումների բողոքարկման համար դատավորները կարող են դիմել հանձնաժողովին, որի կազմված է նախագահողից, տեղակալից, երեք անդամներից, որոնք չեն մասնակցել նախնական որոշման կայացնելուն։ Հատկանշական է, որ վեթինգի օրենքը նախատեսում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում դատավորները պետք է որոշեն՝ արդյոք անցնում են վեթինգ, թե կամավոր ազատվում են պաշտոնից, իրավունք ունեն ստանալու վերջնահաշվարկ կամ անցնել վաղ կենսաթոշակի՝ կախված տարբեր հանգամանքներից։

 

Որոշ փորձագետներ քննադատում են այս մոդելում դատավորների դեմ մասնագիտական մարմինների կողմից բողոքներ ունենալու փաստը հաշվի առնելը, քանի որ դա չարաշահման տեղիք էր տալիս իրենց համատեքստում, մասնավորապես՝ փաստաբանական համայնքը թիրախավորում էր կոնկրետ մի խումբ դատավորների և նրանց պատշաճ լսվելու հնարավորություն չէր ընձեռնվում։

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵԹԻՆԳԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Դատավորների վեթինգ և դատարանների կազմի վերանայում 1-3 տարվա ընթացքում հետևյալ քայլերով՝

 

Ա․ Վեթինգ

 

  • Լայն հանրային քննարկումների հիման վրա նոր Սահմանադրության մշակում երկամսյա ժամկետում,
  • Վեթինգի մասին օրենքի ընդունում և վեթինգ իրականացնող մարմինների ձևավորում,
  • Վեթինգի փուլերի պլանավորում՝ ըստ դատական ատյանների․ պետք է սկսել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներից, Բարձրագույն դատական խորհրդից,

 

Զուգահեռաբար անհրաժեշտ իրականացնել հետևյալ գործողությունները՝

 

Բ․ Դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում,

 

Գ․ Նոր դատավորների նշանակում (կնպաստի նաև գործող դատավորներին հակակշռելուն)։

 

Ա) Դատավորների վեթինգ

 

Համընդհանուր վեթինգի չափանիշները, իրականացման փուլերն ու իրականացնող մարմնի կազմն ու լիազորությունները պետք է նախատեսվեն Սահմանադրական փոփոխություններով։ Մասնավորապես, Սահմանադրության անցումային դրույթները կարող են սահմանել, որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում անցումային դրույթներին համահունչ պետք է ընդունվի Վեթինգի մասին օրենքը։

 

Օրենքով պետք է սահմանվի Վեթինգի ընտրված մոդելը և իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, իրականացնող մարմնի կազմը, անդամների ընտրության կարգը, պաշտոնավարման ժամկետը, սոցիալական երաշխիքներն ու գործունեության պաշտպանությունը հնարավոր միջամտությունից, ինչպես նաև որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմները և հիմքերը, և այլն։ Կորպորատիվ շահերի բախումը կանխելու նպատակով առավել արդունավետ կլինի տվյալ մարմնում ներառել դատավորների, անկախ իրավաբանների, ոչ իրավաբանների, որոնք պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից նախնական բարեվարքության գնահատում անցնելուց հետո։ Նույն սկզբունքներով պետք է ձևավորել ավելի փոքր կազմով անկախ Բողոքարկման մարմին։ Պետք է ձևավորվի վեթինգ իրականացնող մարմնի աշխատակազմը, տվյալների հավաքագրման և վերլուծության բաժինները։ Սկզբունքային նշանակություն ունի, որ համընդհանուր վեթինգը բաժանվի հստակ փուլերի, որոնցից յուրաքանչուրը կստուգի սկզբում Սահմանադրական, հետո՝ Վճռաբեկ, այնուհետ՝ Բարձրագույն դատական խորհրդի, Վերաքննիչ դատարանների և վերջապես առաջին ատյանի դատավորներին։

 

Վեթինգի չափանիշները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։ Տվյալ դեպքում, քանի որ քննարկվում է ad hoc վեթինգի տարբերակը, պետք է չափանիշների մեջ դիտարկել ոչ միայն գույքային դրությունն ու մասնագիտական հմտությունները, այլև կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ հիմնավոր փաստարկները՝ անկախ այդ կապակցությամբ քրեական գործի հարուցված լինելուց կամ չլինելուց, կայացրած վճիռների ազդեցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, դատավորի մասնակցությամբ կայացված վճիռներով և որոշումներով ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով գնահատվել են որպես մարդու իրավունքների խախտումներ,  և այլն։ Նաև հստակ չափանիշներ պետք է սահմանել Վեթինգի մարմնի որոշումների բողոքարկման համար՝ հիմքերը, ժամկետները, ընթացակարգը և այլն։ Անկախ նրանից, թե ինչ չափանիշներ կընտրվեն ստուգման համար, դրանք պետք է արտահայտեն հասարակության՝ անկախ դատարաններ ստեղծելու անկնալիքները, ինչպես նաև հնարավորինս պարզ և օբյեկտիվ իրազեկեն և ներգրավեն  հասարակությանը: Սրա նպատակն է կառուցել հանրային աջակցություն տվյալ գործընթացի նկամամբ և այն դարձնել հանրության համար լեգիտիմ: Օրինակ՝ քանի որ Արգենտինայում դատավորների վեթինգը իրականացվեց փակ դռների ետևում, առանց հանրության իմացության անցկացված գործընթաց էր, այն խորը անվստահություն ստեղծեց հանրության մեջ՝ ընկալվելով որպես նոր իշխանությունների կողմից իրենց հնազանդ դատական իշխանություն կառուցելու փորձ: Այսինքն, ի սկզբանե դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար կոչված դատավորների վեթինգի գործընթացը չծառայեց իր նպատակին:

 

Օրենքով պետք է սահմանվի նաև Վեթինգի մարմնի աշխատանքային գործունեության մեխանիզմները, այսինքն՝ արդյոք ստուգումը կատարվելու է դատավորների կողմից լրացված հայտարարագրերի, բանավոր հարցազրույցների, այլ մարմիններից ստացված տեղեկությունների, քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Տարբեր պետություններում կիրառվել են տարբեր գործիքներ՝ կախված նրանից, թե ինչպիսի չափանիշներ են ընտրվել և հանրային մասնակցության ինչպիսի մակարդակ է անհրաժեշտ եղել ապահովել։

 

Համակարգում լայնածավալ վեթինգ իրականացնելուց առաջ փորձագետները մշտապես առաջարկում են պիլոտային տարբերակով փորձարկել մշակված գործիքը, օրինակ՝ առաջնահերթ կիրառել ԲԴԽ դատավոր անդամների նկատմամբ: Գործընթացը պետք է ապահովի արդար քննության երաշխիքները, իսկ հանձնաժողովի բոլոր որոշումները պետք է լինեն պատճառաբանված, հիմնավորված և ենթակա լինեն բողոքարկման: Պիլոտային տարբերակի գործարկման հիման վրա դուրս կբերվեն որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն նախքան համընդհանուր կիրառումը։

 

Բ) Դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում,

 

Վեթինգի գործիքի մշակմանը զուգահեռ անհետաձգելի քայլեր պետք է ձեռնարկվեն դատավորների թեկնածուների վերապատրաստման և ցուցակի կազման ուղղությամբ։ Այս ցուցակում ընդգրկված թեկնածուները պետք է նշանակվեն այն հաստիքներում, որոնք կառաջանան վեթինգի, կամավոր պաշտոնից ազատման (Ալբանիայում հարյուրավոր դատավորներ հեռացան համակարգից նախքան վեթինգը), գործող դատարաններում հաստիքների ավելացման արդյունքում։ Դատավորների թեկնածուների վերապատրաստումը պետք է իրակացվի որակապես նոր ուսումնական ծրագրով, որը կարտացոլի այն առաջնահերթ խնդիրները, որոնց հետ առնչվելու են դատարանները, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ակտիվների վերադարձ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ և այլն։ Տվյալ ուղղությունները պետք է բխեն նախապես քարտեզագրված համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Սա ենթադրում է Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրի վերանայում, որոշակի ուղղությունների շեշտադրում, Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում (training of trainers)։ Անհրաժեշտ է նաև փոխել Արդարադատության ակադեմիայի ապագա ունկնդիրների պահանջվող քանակը որոշելու մեթոդը, այսինքն՝ ելնել ոչ թե ենթադրվող թափուր տեղերի քանակով, այլ պլանավորել ռեզերվայի մեթոդով, այն է՝ ստեղծել և աստիճանաբար համալրել թեկնածուների ցուցակը։ Զուհագեռաբար պետք է բարձրացվեն դատավորների սոցիալական ապահովության երաշխիքները։

 

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերամշակման շրջանակներում նաև անհրաժեշտ է ապահովել դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման վերանայման և գնահատման համար հստակ և չափելի չափորոշիչների սահմանումը, գնահատող հանձնաժողովի կազմի, անդամների ընտրության մեխանիզմի բարելավումը՝ կամայականությունները բացառելու նպատակով: Թեկնածուների ցուցակները կազմելիս պետք է ապահովել դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի առավելագույն թափանցիկությունը և հաշվետվողականությունը, գործընթացում հանրության հնարավոր ներգրավումը:

 

Գ) Նոր դատավորների նշանակման միջոցով գործող դատավորներին հավասարակշռում,

 

Վեթինգի գործիքի հետ համակցությամբ, ինչպես նաև առանձին գործընթացքով հնարավոր է կազմակերպել դատարանների կազմի նորացում՝ եղած հաստիքները նոր դատավորներով համալրելու, ինչպես նաև նոր հաստիքներ ստեղծելու միջոցով։ Այս գործողությունների նպատակն է անկախ, բարձր բարեվարքությամբ, երբևէ դատական համակարգում չաշխատած թեկնածուների միջոցով նոր որակ բերել դատական համակարգ և հակակշռել գործող այն դատավորներին, ովքեր որոշակի կերպով ներքաշված են եղել համակարգային կոռուպցիայի և այլ հանցավոր սխեմաների մեջ։

 

Այս նպատակով պետք է խորքային ուսումնասիրություն կատարվի, որը կպարզի, թե գործող դատական համակարգում (բոլոր դատական ատյանները, Բարձրագույն դատական խորհուրդ), ինչպես նաև նոր ստեղծվելիք դատարաններում նոր դատավորների ի՞նչ կրիտիկական զանգված պետք է ավելանա, որպեսզի փոխվի դատարանների աշխատանքի որակը եւ արդարադատության որակի տեսակարար կշիռը։ Քանի որ անհնար կլինի ամբողջության փոխել գործող դատավորների վարքագիծն ու աշխատանքի որակը, ապա նոր դատավորները պետք է համարգային փոփոխություն բերեն դատական իշխանության մեջ։

 

Այսպես, հետազոտությունը պետք է պատասխանի մի շարք հարցերի, օրինակ՝

 

  • Քանի՞ դատավոր պետք է անմիջապես փոխվի (բոլոր դատական ատյաններում) ապահովելու համար արագ և տեսանելի դրական փոփոխություն դատական համակարգում։ Այս ուղղությամբ պետք է թիրախավորել այժմ գործող առավել անբարեխիղճ դատավորներին, որոնք ներգրավված են եղել քաղաքական հետապնդման, ապօրինի դատավճիռների, կոռուպցիոն գործարքների մեջ, ինչպես նաև այն դատավորներին, ում կողմից կայացված վճիռներով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գործերով մարդու իրավունքների խախտումներ է արձանագրել հատկապես ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 1-ին արձանագրության 1-ին և 3-րդ, 4-րդ հոդվածներով։
  • Քանի՞ թափուր հաստիք կա և՝ ո՞ր դատական ատյաններում։ 2019թ․փետրվարի 26-ի թիվ Ե-1392 գրությամբ ԲԴԽ կողմից ՀՀ արդարադատության նախարարին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ այդ ժամանակվա դրությամբ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության 7 դատարաններում եղել է ընդհանուր դատավորների 9 թափուր հաստիք։
  • Քանի՞ դատավոր է մոտ գտնվում կենսաթոշակային տարիքին, օրինակ՝ մնացել է 5-7 տարի թոշակի անցնելու համար։ Վերջիններիս պետությունը կարող է առաջարկել սահմանված տարիքից ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հնավորություն (early retirement)։
  • Քանի՞ դատավորի հաստիք է պետք ավելացնել դատական համակարգում՝ ապահովելու համար արդարադատության մատչելիությունը և ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, ինչպես նաև թեթևացնելու դատավորների ներկա գերծանրաբեռնվածությունը։ Այսպես, 2018թ․ ԲԴԽ կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգում» նշվում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով դատավորիների քանակը 21 է, մինչդեռ Հայաստանում այս թիվը 8.3 է, այսինքն, մոտ երեք անգամ ավելի քիչ։ Նման ցուցանիշն էապես ազդում է դատական իշխանության արդյունավետության վրա։ Հայեցակարգի եզրահանգումներում նշվում է, որ առնվազն անհրաժեշտ է բոլոր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ավելացնել դատավորների հաստիքները 7-ով։[12] Այսինքն, Հայաստանում դատավորիների քանակը պետք է զգալիորեն ավելացնել։
  • Ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել դատական համակարգը և դատավորի հաստիքը որակյալ մասնագետների համար առավել գրավիչ դարձնելու համար։

 

Հայաստանում դատական համակարգի արդյունավետ վեթինգ ունենալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նաև իրավապահ համակարգի բարեփոխումը, այդ թվում՝ ոստիկանության, քննչական եւ դատախազական համակարգերի բարեփոխումը և բարձրաստիճան պաշտոնյաների վեթինգը, որը պետք է ընթանա դատավորների վեթինգին զուգահեռ:

 

***

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»
 «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն»  
Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն Համայնքային Զարգացման ՀԿ
Կարեն Թումանյան, փաստաբան
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամ

 

[1] https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-UNDP-Global-Vetting-Operational-Guidelines-2006-English.pdf

[2] https://europeanwesternbalkans.com/2019/11/13/vetting-process-in-albania-the-marching-failure/ ;
https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/pdf/key_documents/2016/20161109_report_albania.pdf

[3] Venice Commission opinion: CDL-AD(2015)045 Or. Engl.

[4] http://www.legalpoliticalstudies.org/wp-content/uploads/2017/06/Policy-Analysis-An-Analysis-of-the-Vetting-Process-in-Albania.pdf

[5] Venice Commission; CDL-AD(2016)036 Or. Engl.; https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)036-e

[6] https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-UNDP-Global-Vetting-Operational-Guidelines-2006-English.pdf

[7] Ալեքսանդր Մայեր-Ռիխ և Պաբլո դը Գրիֆ, Արդարադատությունը որպես կանխարգելման միջոց. Անցումային հասարակություններում հանրային ծառայողների վեթթինգ

[9] Ibid., էջ 199

[10] Amani papers, Volume no. 6, UNDP Kenya, 2010: JUDICIAL INTEGRITY AND THE VETTING PROCESS IN KENYA

[11] The Board’s website։ http://www.jmvb.or.ke/

[12] http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf

Դիտումներ՝ 1659

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????