Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առաջարկություններ կին զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

March 29, 2024

Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի

 

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում կանանց շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է առանց վիճակահանության` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ ԶՈւ-ում գործում է կանանց միայն մեկ գումարտակ, իհարկե գրծնականում կիրառելի և տրամաբանական չէ կանանց շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրեր նշանակումն իրականացնել վիճակահանությամբ։ 

 

Միևնույն ժամանակ, խնդիրը դիտարկելով ավելի երկարաժամկետ արդյունքի համատեքստում, գտնում ենք, որ անհրաժեշտ է  մշակել և ներդնել մեխանիզմ, որի իրագործմամբ հնարավոր կլինի դիտարկել կին և տղամարդ զինծառայողների ծառայության իրականացումը նույն գումարտակում (օրինակ , ԱՄՆ-ում տղամարդ և կին զինծառայողները մարզումներին մասնակցում են միասին)։

 

Այս նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել զինծառայողների շրջանում կին և տղամարդ զինծառայողների իրավահավասարության, սեռով պայմանավորված խտրականության  արգելքի սկզբունքի ամրապնդման ուղղությամբ։

 

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, ինչպես նաև «օրենքով սահմանված այլ պայմաններ», որոնց մասին օրենքում նշումներ չկան։ 

 

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում հստակեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա սահմանվում է «օրենքով սահմանված այլ պայմաններ» ձևակերպումը, մասնավորապես՝ հստակեցնել, թե բացի ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը ինչ պայմաններ են հաշվի առնվում շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս։ Բացի այդ, հստակեցնել «այլ պայմաններ»-ի բովանդակությունը  կին և տղամարդ զինծառայողների համար։

 

   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դրույթը սահմանելու հետ մեկտեղ սահմանված չեն կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնող կարգավորումները, մասնավորապես՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ ընդգրկված կին զինծառայողների մոտ հղիության ժամանակաընթացքում վերջիններիս առողջական վիճակի զննության կարգը, ծառայողական պարտականությունների ծավալների վերաբերյալ կարգավորումը։

 

Այսպիսով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է սահմանել ժամկետային զինվորական ծառայության ընթացքում կին զինծառայողի մոտ հղիության առկայության դեպքում վերջինիս առողջական վիճակի հետազոտությունների իրականացման կարգը։ 

 

Հստակեցնել կին ժամկետային զինծառայողի հղիության ժամանակահատվածում վերջինիս զինապարտության կարգը՝ մասնավորեցնելով, թե հղիության առկայության դեպքում արդյոք կինը  շարունակում է ներգրավված լինել զինվորական ծառայության մեջ և եթե այո, ապա ինչ ժամկետով (մինչև հղիության որ շաբաթը), ինչ պայմաններում, օրվա ինչ կարգացուցակով, ֆիզիկական ծանրաբեռնվածության ինչ մակարդայով։ 

 

Միաժամանակ հղի ժամկետային կին զինծառայողների համար սահմանել ֆիզիկական վարժությունների ցանկ՝ հիմնվելով բժիշկ-մասնագետների կողմից տրված ծանրաբեռնվածության սահմանափակումների վերաբերյալ ցուցումների վրա։

 

Հղիության առկայության դեպքում ժամկետային կին զինծառայողների զինվորական ծառայությունը կասեցնելու անհրաժեշտության դեպքում օրենսդրությամբ սահմանել համապատասխան կարգ։

 

   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, ու «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:» 

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ  մասով թվարկված են այն  ժամանակահատվածները, որոնք չեն հաշվարկվում զինծառայողի՝ հերթական զինվորական կոչում ստանալու մեջ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդը նշված դրույթում առկա չէ, ինչը նշանակում է, որ  այն կարող է հաշվարկվել կին զինծառայողներին հերթական զինվորական կոչում շնորհելիս։ Մինչդեռ գործնականում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը չի հաշվարկվում կին զինծառայողներին հերթական զինվորական կոչում շնորհելիս:

 

 

Ելնելով վերոգրյալից և կին զինծառայողների ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով ծառայողական առաջխաղացման հնարավորությունից չօգտվելու փաստացի առկա  խնդրից, անհրաժեշտ է օրենքով սահմանել հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կին զինծառայողների երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը վերջիններիս հերթական զինվորական կոչում շնորհելու համար հաշվի առնելու դրույթը: 

 

 

                   «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը»

ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է վարքագծի կանոններ, որոնք նույն կերպ են գործում և՛ կին, և՛ տղամարդ զինծառայողերի համար, սակայն առկա են նաև կարգավորումներ, որոնք բացառում են կանանց մասնակցությունը զինվորական ծառայության որոշակի ոլորտներում կամ  տարբերակված են կիրառվում կին և տղամարդ զինծառայողների համար։

 

   Կանոնագրքի 264-րդ հոդվածը սահմանում է, որ խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բժիշկ (բուժակ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ): Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տղամարդ զինծառայողները ներգրավվելով ծառայողական առավել լայն պարտականությունների կատարման շրջանակում, ունենում են ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորություններ, ինչպես նաև ելնելով խտրականության արգելքի սկզբունքից, կարևոր է երաշխավորել օրվա վերակարգի կազմում բացի տղամարդ զինծառայողներից նաև կին զինծառայողների նշանակումը, ապահովելու համար ծառայողական առաջխաղացման համար հավասար հնարավորություններ կին զինծառայողների համար։ Միևնույն ժամանակ պետք է ապահովել անհրաժեշտ պայմաններ վերակարգում ընդգրկվող կին զինծառայողների համար, ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար՝ հաշվի առնելով կանանց առանձնահատուկ պահանջները նրանց  ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված։ 

 

   Կանոնագրքի 268-րդ հոդվածը սահմանում է, որ սպաներից և ենթասպաներից նշանակված գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակներով: Իսկ սերժանտներից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, ստորաբաժանումների հերթապահներն ու օրապահները, բացի հանրակացարանի օրվա վերակարգի կազմի մեջ մտնող կին զինծառայողներից, հավաքակայանի օրապահներն ու թղթատարները (ցրիչները) զինվում են սվին-դանակներով: 

 

Կանանց հատկացվող զենքի սահմանափակման խնդիրը հակասում է կին զիծառայողների մարտական հերթապահություն իրականացնելու թույլտվության մասին դրույթին, որով սահմանվում է նաև համապատասխան զենքի կրումը վերջիններիս կողմից։

 

Ելնելով Կանոնագրքի 264-րդ հոդվածում կին զինծառայողներին օրվա վերակարգի կազմում նշանակելու վերաբերյալ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է նաև «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության» կանոնագրքի 268-րդ հոդվածով սահմանել հերթապահության մեջ ընդգրկված բոլոր զինծառայողների զինվելու համար հավասար հնարավորություններ անկախ զինծառայողի սեռից։

 

   Կանոնագրքի 270-րդ հոդվածը սահմանում է, որ արգելվում է կին զինծառայողներին նշանակել այնպիսի աշխատանքների, որոնք կապված են աշխատանքային օրենսդրությամբ նրանց համար սահմանված առավելագույն նորմերը գերազանցող ծանրությունների տեղափոխման և տեղաշարժման հետ:

 

Կանոնագրքի 270-րդ հոդվածով սահմանված դրույթը խտրական է տղամարդ զինծառայողների նկատմամբ այն դեպքում, երբ կին և տղամարդ զինծառայողներն ունեն ֆիզիկական պատրաստավության հավասար մակարդակ, սակայն կին զինծառայողներին արգելվում է նշանակել աշխատանքային օրենսդրությամբ նրանց համար սահմանված առավելագույն նորմերը գերազանցող ծանրությունների տեղափոխման և տեղաշարժման  կետ կապված աշխատանքներում ։ Հետևաբար, սույն դրույթը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել  ոչ թե կանանց ֆիզիոլոգիական առանձնահարկությունները, այլ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

 

Կանոնագրքում  առկա են ձևակերպումներ, որոնք, ի սկզբանե, խտրական են  կին  զինծառայողների հանդեպ։ Մասնավորապես, զինծառայողներին թվարկելիս բազմիցս նշվում է «սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների» (հոդված 228), «Սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները, ըստ բժշկի եզրակացության, բուժումը կարող են ստանալ տանը» (հոդված 352)։

 

 

Քանի որ նման ձևակերպումներն խտրական են կին զինծառայողների նկատմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունների սահմանման տեսակետից, ապա պետք է վերացնել զինծառայողների իրավունքներին և պարտականություններին վերաբերող դրույթների կարգավորումը ըստ սեռայաին պատկանելիության։ Փաստացի կին զինծառայողների համար միակ տարբերակիչ հատկանիշը, նշված օրենսդրական նորմով, պայմանավորվում է նրանց սեռով,  մինչդեռ կին զինծառայողները կարող են լինել և սպաներ, և ենթասպաներ, և  շարքային զինծառայողներ։  

 

Անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումներում վերացնել նման տարբերակված, խտրական սահմանումները։ 

 

  2023 թ. հունիսին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման հիմքը և կարգը սահմանող լրացումներ և փոփոխություններ ի փաթեթից, պարզ չէ, թե արդյոք նախատեսվում է զինված ուժերին տրամադրվող բյուջեում հատկացումներ կատարել պարտադիր զինվորական ծառայություն անցնող կանանց հիգիենայի պարագաների տրամադրման համար։

 

Զինծառայողների շրջանում Կազմակերպության կողմից իրականացված հարցազրույցներից պարզ է դարձել, որ կանանց հատկացվող հիգիենայի պարագաները չեն բավարարում կանանց պահանջմունքներին և նրանք ստիպված են լինում սեփական միջոցներով ձեռք բերել համապատասխան պարագաներ։

 

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանել պարտադիր զինծառայող կանանց հիգիենայի պարագաների տրամադրման կարգը՝ հաշվի առնելով վերջիններիս ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Նույնը վերաբերում է նաև պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող կանանց։ 

 

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը»

 

 

   ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 23-րդ հոդվածով սահմանված են զինծառայողներին տրվող կարգապահական տույժերի հետևյալ տեսակները՝ 1) նկատողություն, 2) խիստ նկատողություն, 3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով, 4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, 5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, 6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով, 7) գերատեսչական կրծքանշանից զրկում, 8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին, 9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով, 10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով, 11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով, 12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում, 13) զինվորական ծառայությունից արձակում։ Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը («զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով», «հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով», «կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով» կարգապահական տույժերը։)

 

Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ մասի համար զորամասի տեղաբաշխման վայրից արձակումն ու հիմնական արձակուրդի տրամադրումն ունեն չափազանց մեծ կարևորություն։  

 

Այս առումով հերթական արձակումից մինչև 1 ամիս ժամկետով զրկումը և հիմնական արձակուրդի տրման հետաձգումը` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով տույժերի կիրառումը, որոնք նախատեսված են զորքերում կարգապահության ապահովման համար, չպետք է տարբերակված կիրառվի զինծառայողների նկատմամբ ըստ նրանց սեռային պատկանելիության։  Մասնավորապես «կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով» տույժի տեսակի կիրառումը չպետք է պայամանվորել զինծառայողի սեռային պատկանալիությամբ։ 

 

«ՀՀ զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը»

 

   ՀՀ ԶՈւ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ կին զինծառայողները կայազորային և պահակային ծառայություններում չեն ընդգրկվում, բացի զինծառայողների թաղման ժամանակ հարգանք մատուցելու և հուշարձանների ու հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհված զինծառայողների գերեզմաններին պսակ դնելու, ինչպես նաև կայազորային միջոցառումների ապահովմանը մասնակցելու դեպքերի:

 

Հայտնի է, որ յուրաքանչյուր զորամասում ներքին ծառայությունը կազմակերպվում է ամենօրյա, անընդհատ ռեժիմով, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը կայազորային և պահակային ծառայությունն է։ Ծառայության այս տեսակի մեջ ներառվում են օրվա վերակարգերը, զորամասում տեղակայված կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների վերահսկողությունը, սակայն ՀՀ ԶՈւ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքն արգելում է կին զինծառայողներին ընդգրկել այդ ծառայությունում։ 

 

 

Անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել ներքին ծառայության կազմակերպման կարգը այն զորամասում, որտեղ բոլոր ծառայողները կանայք են։

Դիտումներ՝ 97

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????