Հայտարարություններ | Հրապարակումներ
Պետության կողմից մարդու իրավունքների հանդեպ վերցրած հանձնառությունների կատարման կարևոր ցուցանիշներից է՝ ինչպես է պետությունը վերաբերվում անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքներին։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ավելի քան 30 տարի անց, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից շուրջ 5 տարի անց անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները գտնվում են անորոշության մեջ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով 1988-2005 թթ. անհայտ կորած է համարվում 1160 անձ, 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների, կազմում է 195։
2025թ․ ապրիլի 29-ին տեղի ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությամբ ֆինանսավորվող «Դեղին Կակաչներ II» ծրագրի փակման արարողությունը։ Ծրագիրը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։
Ծրագրի փակմանը ելույթով հանդես եկան ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ-ի բաժինների համակարգողներ Նազելի Մովսեսյանը, Անի Չատինյանը, Մարիամ Անտոնյանը և «Այստեղ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Տիգրան Դովլաթյանը։
ՀՔԱՎ գրասենյակը դեռևս 2000-ականներից բարձրաձայնել է անհայտ կորած անձանց և նրանց հարազատներին առնչվող խնդիրները, 2004-ին հրապարակել «Դեղին Կակաչներ I» զեկույցը։ Եվ միայն 20 տարուց ավել ձգվող ջատագովության արդյունքում 2025 թ. մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։
Քննարկման շրջանակներում բանախոսները ներկայացրեցին հրապարակված օրենքի նախագծի շուրջ տարված աշխատանքները, ջատագովության երկարաձիգ 20 տարիները և արձանագրված խնդիրները։ Բանախոսներն անդրադարձան ԵԽԽՎ-ի կողմից 1553 բանաձևով անհայտ կորածների հարցերի վերաբերյալ ՀՀ-ին տրված հանձնարարականներին և դրանց կատարմանը, անհայտ կորած անձանց ընտանիքների իրավական աջակցության շրջանակին, օրենքի նախագծին և ՀՔԱՎ-ի առաջարկություններին, անհայտ կորածների ընտանիքների հոգեբանական վիճակին։ Ելույթներից հետո ծավալվեց քննարկում պետական մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների միջև։