Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին Aravot.am-ը հարցրեց՝ ձեզ եւ առհասարակ քաղհասարակության ներկայացուցիչներին մեղադրում են, որ նախկին իշխանություններին անխնա քննադատում էիք, նրանց օրոք ոգեւորված պայքարում էիք չարաշահումների դեմ, ամեն մի խախտմանը ընդդիմանում ու աղմուկ էիք բարձրացնում, իսկ այս իշխանությունների օրոք մի քիչ չեզոք եք ձեզ պահում. Օրինակ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ԶՊՄԿ աշխատողներին սպառնում էր, մասնավոր հիմնարկի աշխատողներին ասում էր, որ հատ-հատ բոլոր դուրսպրծուկներին կհանի, սեփականության իրավունքի հարց էլ կար այդտեղ, ձեզ մեղադրում են, որ լռում եք, առաջվա պես աղմուկ չեք բարձրացնում, ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը:
Սաքունցը պատասխանեց. «Ոչ, չեմ ընդունում: Ովքե՞ր են քննադատողներն ընդհանրապես, կամ իրենք ի՞նչ բարոյական իրավունք ունեն մեզ քննադատելու: Երբ որ սեփական պատասխանատվության գիտակցումը, խոստովանությունը անպատժելի համակարգի ձեւավորման մեջ, այս խայտառակ Սահմանադրության, միակուսակցական կառավարման մեջ ուղղակի պատասխանատու են, իրենք չէ, որ պետք է քննադատեն: Կամ եթե նույնիսկ քննադատում են, ինձ համար այդ քննադատությունը որեւէ արժեք չունի:
Իսկ ինչ մնում է, որ մենք համարժեք արձագանքում ենք, թե ոչ՝ մենք լավ էլ արձագանքում ենք: Տոնը գուցե իրենց դուր չի գալիս, բայց մենք իրենց դուր գալու համար չենք քննադատում: Մենք այնուամենայնիվ գտնում ենք, որ կա շատ ավելի ռեալ հնարավորություններ փոփոխությունների հասնելու, քան իրենց ժամանակ, կամ նախկինում, երբ որ մեզ թիրախավորում էին ու շարունակում են թիրախավորել որպես հակապետական կառույցներ, նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում: Ի՞նչ էին ուզում, որ մենք իրենց քննադատությունը բանի տե՞ղ դնենք, նշանակությո՞ւն տանք: Կներեք, մենք շատ լավ քննադատել ենք նույն ՏԻՄ մարմինների նկատմամբ ապօրինի պահանջների վերաբերյալ, հայտարարությամբ հանդես ենք եկել: Դատաիրավական համակարգի ձախողման հետ կապված նույնպես հանդես ենք եկել, խոշտանգումների հետ կապված: Չէ, լավ էլ հանդես ենք գալիս: Ուղղակի կներեք, մի բան է, երբ դու գիտես, որ կառավարման համակարգը, կոպիտ ասած, թքած ունի եւ հստակ սահմանել ու արձանագրել է, որ ինքը ընդհանրապես մարդու իրավունքների առջեւ որեւէ պատասխանատվություն չի ցանկանում վերցնել եւ անպատժելիությունն է կառավարման, մեկ այլ բան է մի կառավարություն, որը չունի պատշաճ կարողություն, բայց այնուամենայնիվ ձգտում է ինչ-որ քայլեր անել: Բավարա՞ր է: Իհարկե, բավարար չէ: Դրա մասին մենք խոսում ենք»: