«30 տարին բավարար ժամանակ է մեր սեփական փորձառությամբ գալու այն եզրակացության, թե ինչպիսի սահմանադրություն չպետք է ունենալ»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից հրավիրված «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ մեր բոլոր երեք սահմանադրությունները ընդհանրապես չպետք է լինեին՝ որպես այդպիսին, քանի որ դրանք այդ պահին կառավարող քաղաքական ուժի շահերին համապատասխան էին, այլ ոչ թե պետության ընդհանուր շահերին համապատասխան․ «Չպետք է ունենաք այնպիսի սահմանադրություն, որն իշխանության փոփոխության միակ միջոցը համարի հեղափոխությունը։ Հիշում եք, երբ խորհրդարանական դե ֆակտո մեծամասնությունը 2018-ին վարչապետ ընտրեց փոքրամասնության ներկայացուցչին»։
Ըստ Արթուր Սաքունցի՝ առաջին անգամ սահմանադրական փոփոխությունների գործընթացում հասարակության լայն մասնակցության հնարավորություն է ստեղծվել, ինչից պետք է օգտվել։ Նաև շեշտեց․ «Սահմանադրությունը չպետք է դիտարկել՝ որպես խնդիրներ լուծող, այլ այն պետք է դիտարկել մեխանիզմ, որը շարունակաբար հնարավորություն է տալիս խնդիրներին տալ լուծում, որ չունենաս այդ մարտահրավերները։ Մեր որևէ սահմանադրություն ինքնիշխանության, ժողովրդավարության առումով բնականորեն առաջացող խնդիրներին լուծումներ տալու հնարավորություն չի տվել»։