Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները ցանկանում են, որ գործը վերաբացվի

January 13, 2021

Տեսադարան

Ուղիղ 6 տարի առաջ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից դաժանորեն սպանված Ավետիսյանների տան դռները ամեն տարի հունվարի 12-ին բացվում են: Հարազատները ամեն տարի տունն ավելի ավերված վիճակում են գտնում։

 

Ավետիսյանների 2 դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը ծնողների, քրոջ ու եղբոր ընտանիքի դաժան սպանությունը բացահայտված չեն համարում: Համոզված են, որ ցմահ ազատազրկման դատապարտված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը պատիժը կրում է Ռուսաստանում, միայնակ չի գործել:

 

«Ինքը մենակ չի գործել, եթե ինքը մենակ գործած լիներ, չէր կարող էդքան բանը մենակ աներ։ Ո՞ր մի հանցագործն է իր իրերը թողում, որ շուտ գտնեն», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

 

Նրանք հիմա ցանկություն ունեն, որ գործը վերաբացվի ու ստանան բոլոր մութ հարցերի պատասխանները. - «Ես ցանկանում եմ գործը վերաբացել, անգամ համաձայն եմ արտաշիրիմում անեն, ես իմ ձեռքով այդ գերեզմանը կքանդեմ։ Ես ուզում եմ ճշմարտությունն իմանամ, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ այս կյանքում։ Ընդհանրապես սկզբից մինչև վերջ մեզ այդ դատավարությունը չի գոհացրել»։

 

Գործը վերաբացելու համար Հայաստանի օրենսդրությամբ անհրաժեշտ է, որ նոր հանգամանքներ ի հայտ գան կամ լինի Եվրադատարանի որոշում, «Ազատության» հետ զրույցում նշեց Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Այս պահին, ասաց, որևէ տեղեկություն չունի նոր հանգամանքի ի հայտ գալու մասին։ Մնում է սպասել Եվրադատարանի որոշմանը:

 

Այսօր Ավետիսյանների դուստրերը նաև նշեցին, որ տեղեկատվություն չունեն՝ գործը հասել է Եվրադատարան, թե՝ ոչ. «Արդյոք թուղթ կա, որ գործը Եվրադատարանում է, ընդունվել է և վարույթը հասել է այսինչ կետին, եթե կա տվեք ես էլ տեսնեմ, չկա նման թուղթ»։

 

Արթուր Սաքունցը նշեց, որ Եվրոպական դատարան գործը ուղարկվել է՝ տուժողի տարբեր իրավահաջորդների կողմից: Հայցերից մեկը վերաբերում է Ավետիսյանների հարազատներին 450 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցմանը, որը հայաստանյան դատարանը մերժեց վարույթ ընդունել: Ի դեպ, տեղական հայցով վնասի փոխհատուցումը Ռուսաստանի Դաշնությունից էր պահանջվում։ Իսկ եթե հայցը բավարարվի միջազգային դատարանում, ապա ինչպես ժամանակին նշում էի տուժողի իրավահաջորդ փաստաբանները, ապա այդ գումարը Հայաստանն է վճարելու, քանի որ վճիռը կկայացվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ինքը՝ Սաքունցը հայցը Եվրադատարան քրեական գործի ու իրավունքների խախտման վերաբերյալ է ներկայացրել:

 

«Դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան այն հիմքով, որ Հայաստանի Հանրապետության դատարանում խախտվել են իրավունքները Արաքսյա Պողոսյանի և նրա երեխաների՝ 6-րդ հոդվածով կյանքի իրավունքի խախտման հիմքով՝ արդյունավետ քննություն չիրականանալու հետևանքով և որպես խախտող պետություն ներկայացրել ենք և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ Ռուսաստանի Դաշնությանը», - ընդգծեց իրավապաշտպանը։

 

Սաքունցն ասում է՝ այս պահին հայտնի է, որ դիմումը ստրասբուրգյան դատարանը ստացել է: Վարույթ ընդունելու մասին տեղեկություն, սակայն, դեռ չկա. «Այս պահին ունենք հստակ տեղեկատվություն, որ դիմումը հասել է տեղ, դիմումի քննության առնելու մասին տեղեկություն չունենք, որովհետև հակառակ դեպքում պետք է մենք տեղեկացնենք, որ հարցադրումներ են ներկայացվել Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը և ինչ պատասխաններ են ստացվել և այդ ստացված պատասխանների վերաբերյալ մեր մեկնաբանությունները, սա է ընթացակարգը, և այդ գործընթացը դեռևս չի սկսվել», - ասաց նա։

 

Սպանվածի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ ասել, թե գործընթացը երբ կսկսվի։ Եվրադատարանում գործերի քննությունը կարող է տարիներ տևել։

 

Դիտումներ՝ 81

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????