Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

102-րդ ռազաբազայում Շչետինինի զինվորական ծառայության անցնելը՝ պատանդ վերցնելու երևույթ. Սաքունց

May 2, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանների կողմից ձերբակալված Անատոլի Շչետինինը, Հայաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ, ծառայության է անցել այդ նույն ռազմաբազայում։

 

Անցած նոյեմբերին Հայաստան ժամանած Շչետինինին Ռուսաստանում մեղադրում են ծառայության վայրն ինքնակամ լքելու համար, նրա նկատմամբ միջպետական հետախուզում կա հայտարարված։

 

«Նրա զինվորական ծառայության անցնելը 102-րդ ռազմական բազայում որակում եմ որպես ռուսական բազայի կողմից Շչետինինին պատանդ վերցնելու կամ ապօրինի անազատության մեջ պահելու երևույթ», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Երիտասարդի ծանոթներն ավելի վաղ «Մեդիազոնա»-ին ասել էին, թե նա պայմանագրային զինծառայող է եղել ու փախուստի է դիմել, երբ հրամանատարությունն ասել է, որ շուտով ուկրաինական ճակատ են ուղարկելու։

 

Շչետինինին երկու անգամ փորձել են Ռուսաստան տեղափոխել, առաջին անգամ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ՝ ապրիլի 8-ին։ Ընդ որում, ըստ դատախազության՝ երկու անգամն էլ զինվորին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են ուղեկցել, ու երկու անգամն էլ նրան արգելվել է հատել սահմանը՝ միջպետական հետախուզման մեջ գտնվելու հիմքով։

 

Ըստ կարգի՝ միջպետական հետախուզման դեպքում պետք է հետախուզում հայտարարած կողմի դիմում լինի, դա քննարկվի, դիմումը բավարարելուց հետո նոր քաղաքացին կարող է արտահանձնվել։

 

Շչետինինի հարցով Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրած իրավապաշտպան Սաքունցը պնդում է՝ ռուսական կողմը հայտնվել է պատային իրավիճակում, մի կողմից՝ Շչետինինին ազատ արձակել չի ցանկանում, մյուս կողմից՝ Ռուսաստան տեղափոխել չի կարող։

 

«Շչետինինի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, հակառակ դեպքում միայն քրեական հետապնդման դադարեցման դեպքում կվերացվեր հետախուզումը, իսկ հետախուզման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը արդեն հիմքեր չէր ունենա՝ արգելելու նրա տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս», - նշում է նա։

 

Շչետինինը Երևանում է բնակվել։ Իրավապաշտպանին կասկածելի է թվում, թե ինչու է երիտասարդը մայրաքաղաքից Գյումրի հասել ու հյուպատոսարան դիմել։ Սաքունցը շարունակում է պնդել, թե երիտասարդին պարզապես առևանգել են. - «Անձին ՀՀ տարածքում առևանգել են, որովհետև եթե նույնիսկ հյուպատոսարան է դիմել, ապա հյուպատոսարանից ռազմական բազա տեղափոխել են ՌԴ ռազմական ոստիկանության ծառայողները, որի իրավունքը ու լիազորությունը չունեին»։

 

Հավելում է՝ ռազմաբազան քրեակատարողական հիմնարկ չէ, որ հետախուզման մեջ գտնվող անձին այդտեղ են տեղափոխում ու պահում։ Իրավապաշտպանը կարծում է, որ ռուսական ռազմական ոստիկանության գործողությունների դեմ փաստի ուժով պետք է հարուցվեր քրեական վարույթ։

 

«Ըստ էության, հետախուզման մեջ գտնվող անձը գտնվում է մեկ այլ տեղ, որի իրավասությունը պահելու հետախուզման տակ գտնվող անձին այդ մարդիկ չունեն, թե ՌԴ ռազմական ոստիկանության աշխատողները, թե նաև ռուսական բազան չունի նման լիազորություն՝ հետախուզման տակ գտնվող անձին պահելու իր մոտ», - նկատեց Սաքունցը։

 

Որ ռազմաբազայում անօրինական է պահվում Շչետինինը, պնդում են նաև ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները։ «Հանրային դատավճիռ» կազմակերպության փորձագետ Հասմիկ Նովիկովան և «Միջազգային պաշտպանության համագործակցության կենտրոնի» փաստաբան Նարեկ Հակոբյանը ռազմաբազայում երեկ կրկին հանդիպել են Շչետինինի հետ։ «Հանրային դատավճիռ»-ը տեղեկացրել է, որ Շետինինը այս անգամ գրավոր համաձայնություն է տվել, որ Նարեկ Հակոբյանը զբաղվի իր շահերի պաշտպանությամբ։

 

Ավելի վաղ ռուսական կողմը կարողացել էր շատ արագ դասալքության մեղադրանքով հետախուզվող մեկ այլ զինծառայողի՝ Դմիտրի Սետրակովին ձերբակալել Գյումրիում։ Նրան, ի տարբերություն Շչետինինի, անարգել Ռուսաստան տեղափոխեցին ու կալանավորեցին։ Արթուր Սաքունցը Եվրադատարան է դիմել՝ բողոքելով հայ իրավապահների անգործությունից։

 

Դիտումներ՝ 44

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????