Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ստացվում է, որ ՀՀ օրենսդրությունը Հայաստանում չի տարածվում ռուսական բազայի ծառայողների նկատմամբ. Սաքունց

October 26, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից 2 ամիս անց Քննչական կոմիտեն (ՔԿ) հրաժարվում է մանրամասներ ներկայացնել գործից՝ նշելով միայն, որ նախաքննություն է ընթանում։

 

Գյումրիում գործող վաճառակետերից մեկի սեփականատերն «Ազատությանը» պատմել էր, թե ինչպես են հարբած զինծառայողները իրենց արված դիտողությունից հետո ծեծել խանութի աշխատակիցներին։ Քննչականն այդ ժամանակ հաղորդել էր, որ ծեծկռուտքի գործով երեք հոգի է ձերբակալվել, բայց այդպես էլ չի հստակեցնում՝ նրանք այժմ ազատության մեջ են, թե ոչ, և արդյոք մեղադրանք ներկայացվել է ռուս զինծառայողներին։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցավոր անգործություն է համարում Քննչականի լռությունը. - «Մենք այս ամենի մասին ինֆորմացիա չունենք, և սա կոչվում է հանցավոր անգործություն, որը նպաստելու է և նպաստում է, ըստ էության, անպատժելի վարքագծին, և հետագա հնարավոր ոտնձգությունները, որոնց մենք ականատես կլինենք, ուղղակի կրելու է Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ հանձինս իր իրավապահ մարմինների»։

 

Անպատժելիությունը վտանգավոր է, շարունակում է Սաքունցն ու պնդում՝ իշխանությունների համար սա լուրջ մարտահրավեր է իր քաղաքացիների անվտանգության ապահովման տեսանկյունից, երաշխիք, որ նման դեպքերը չեն կրկնվի, չկա։

 

«Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, երբ համոզվեն, որ իրենք ընդհանրապես որևիցե պատասխանատվության չեն ենթարկվում նման հանցավոր գործողությունների համար և կշարունակեն։ Եվ մենք երաշխիք չունենք, որ չեն շարունակելու, որովհետև եթե պատասխանատվության ենթարկվեն, ապա այդ դեպքում զսպող նշանակություն կունենա, կանխարգելիչ նշանակություն կունենա», - ասաց նա։

 

Արթուր Սաքունցը ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայող՝ Անդրեյ Ռազգիլդեևի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչն է դատարանում։ Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքի քննությունը մինչ օրս դատարանում շարունակվում է, ու առայժմ պարզ չէ, թե այն երբ կավարտվի։

 

Վերջին դատական նիստը 3 ամիս առաջ է կայացել ու հետաձգվել, դատարանը չէր ստացել ավելի քան 2.5 տարի առաջ նշանակված փորձաքննությունների եզրակացությունը։

 

Արթուր Սաքունցը պնդում է՝ ռազմաբազայի հրամանատարության նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի, որ մեղադրյալին պահում է բազայում և հրաժարվում է հայաստանյան իրավապահներին հանձնել։

 

«Ես զարմանում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ չի հարուցում ռուսական բազայի հրամանատարի դեմ, որը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացմանը։ Պատկերացնում եք՝ եթե ես, Դուք կամ որևէ մեկը իր տանը պահեր հանցագործության մեջ մեղադրվող անձին կամ կասկածյալին, մեր նկատմամբ միանգամից քրեական գործ կհարուցեին՝ արդարադատությանը խոչընդոտելու, հանցագործին պահելու հիմքով։ Սա է օրենքի պահանջը։ Հիմա դուրս է գալիս, որ ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի տարածվում Ռուսաստանի Դաշնության ռուսականի բազայի ծառայողների նկատմամբ», - նշեց նա։

 

Իրավապաշտպանը մեջբերում է հայ-ռուսական միջպետական պայմանագիրը, համաձայն որի՝ ռուս զինծառայողը պետք է հայ իրավապահներին հանձնվեր, քանի որ հանացագործությունը, որի մեջ մեղադրվում է Ռազգիլդեևը, Հայաստանի տարածքում է տեղի ունեցել։ Բազայի հարամանատաության դեմ ներկայացված իր հաղորդումներն, ասաց, անհետևանք են մնացել. - «Կա գիտակցված խոչընդոտում, Ռազդիլդեևին դատարան ներկայացնելու խոչընդոտելը հանդիսանում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը»։

 

Ռուսական բազայի հրամանատարության անպատժելիության մասին մի դրվագ էլ ներկայացրեց, երբ իրավապահները բազա են գնացել Ռազգիլդեևի հետևից. - «Մեր ոստիկանները երբ գնացել են ռազմական բազա, դա էլ ենք արձանագրում, ռուսական բազայում ասել են՝ գնացեք, չեն էլ թույլ տվել, որ մտնեն»։

 

2025-ի հունվարին կլրանա ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայողի՝ Գյումրիում յոթ հոգանոց ընտանիքի սպանած Վալերի Պերմյակովի տասը տարվա պատժաչափը, որը նշանակել է Ռուսական զինվորական տրիբունալը։ Հայաստանում Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ռուսաստանին փոխանցված զինվորը նախ տրիբունալի սահմանած պատիժը պետք է կրեր, քանի որ դատավճիռն ավելի վաղ էր կայացվել, հետո նոր հայկական կողմի ցմահ ազատազրկումը։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ռուսական կողմը Պերմյակովին ետ կփոխանցի հայկական կողմին, թե ոչ։ Այս գործով նաև ՄԻԵԴ հայց է ներկայացվել։

Դիտումներ՝ 71

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????