Այսօր խորհրդարանը փակ նիստով քննարկում էր ապրիլյան պատերազմի հանգամանքները քննած քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ քանի դեռ զեկույցը գաղտնի է՝ դժվար է որևէ դիրքորոշում, տեսակետ հայտնել դրա վերաբերյալ, դժվար է ասել, թե ինչ է բացահատվել և ինչ շարունակություն պետք է ունենա զեկույցը։ Բայց առանց զեկույցի էլ ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ հրապարակումներ են եղել, բոլորին պարզ է եղել, որ կոռուպցիայի հետ կապված հարցեր են եղել, մատակարարումների, սպառազինության հետ կապված խնդիրներ են եղել, սոցիալական անարդարության խնդիր է եղել և այն ամենը, ինչ եղել է մամուլում այդ ժամանակ, արդեն իսկ քրեական գործի հիմք էր։ «Իսկ զուկույցը պետք է պարզեր, թե ինչու է այդպես եղել, այլ ոչ թե՝ նման բաներ եղել էին, թե ոչ։ Բայց հիմա ասում են՝ զեկույցը գաղտնի է, եթե հրապարակվի, կուղարկվի իրավապահ մարմիններին և այլն։ Չի կարող ամբողջ զեկույցը գաղտնի լինել, որոշ հատվածներ, որոշ փաստեր կարող են գաղտնիությամբ պաշտպանված լինել, բայց ամբողջական զեկույցը գաղտնի լինել չի կարող։ Ավելին, մարդու իրավունքների խախտման հանգեցրած գործողությունների վերաբերյալ տեղեկությունները չեն կարող գաղտնի լինել»,-ասաց Սաքունցը։