Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ալիևի սպառնալիքների մասին․ Սաքունց

October 17, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Արցախը հետևողականորեն, ծրագրված էթնիկ զտման ենթարկելուց, սեպտեմբերի 19-ին ռուսական կողմի հետ համախոհությամբ  արցախահայության  ահաբեկման և բռնի տեղահանման օպերացիան  իրականացնելուց, մի խոսքով՝ «Ղարաբաղն առանց հայերի» «իդեա ֆիքսը» գլուխ բերելուց հետո Ալիևն անցել է «հաղթական ակորդի» հնչեցմանը՝ Ստեփանակերտի կառավարական շենքերի վրա իր երկրի  դրոշի  ծածանում և տալիս է ՀՀ-ին ուղղված սպառնալիքների հերթական դոզան։ Բաքվի բռնակալը նշել է՝  «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի  Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը»։ «Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կհամարձակվի՞ այսօր մեզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան նույնպես թեյ են մատուցում...»,- ցինիկաբար հայտարարել է Ադրբեջանի նախագահը, «ծաղրածու» անվանել Արցախի նախկին նախագահներին՝ հոխորտալով՝ ադրբեջանցիները «հավերժ» կմնան Ղարաբաղում։ 

 

Իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը,  civic.am-ի հետ զրույցում, հարցին, թե ինչպես կգնահատի Ալիևի նման կեցվածքը միջազգային իրավունքի տեսանկյունից, այն դեպքում, երբ Արցախի  շուրջ  այս պահին կա միջազգային կոնսոլիդացիա, որով արձանագրվել է Արցախի էթնիկ զտման փաստը՝ նկատեց․ «Այն վարքագիծը, որն այժմ ցուցաբերում է  Ալիևը, բովանդակային առումով անակնկալ չէ, ուղղակի հիշեցնեմ որպես փաստ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած  Ռամիլ Սաֆարովի հերսացումը, 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ռազմավարի պուրակի ստեղծումը, հայ զինվորների մանեկենների ցուցադրումը լայն հասարակությանը, և ընդհանապես՝ Իլհամ Ալիևի կողմից մարդու, կամ ընդհանրապես՝ իրավունքի նկատմամբ վերաբերմունքը հենց իր քաղաքացիների նկատմամբ (Ադրբեջանում առնվազն 200 քաղբանտարկյալ կա) խոսուն վկայությունն են այդ մարդու տեսակի և ինքնության մասին՝ գործ ունենք  բռնապետի հետ։ Երկրորդ՝ ինքը մարդատյաց է ընդհանրապես, և ամբողջ իր գոյության ընթացքում, ինչպես նաև  իր կողմից իրականացված արտաքին քաղաքականության հիմքում այդ մարդը դրել է էթնիկ հայերի նկատմամբ ատելության քարոզը,  իսկ իր երկրի ներսում՝ մարդատյացությունը։ «Մարդու իրավունք»  և, կրկնում եմ,  ընդհանրապես «իրավունք» հասկացությունն  իր համար ուղղակի գոյություն չունեն, հետևապես՝  իրավունքի մասին խոսողները նրա կողմից որակվում են որպես «ռևանշիստներ»։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այն, ինչ կատարել և կատարում է, չի կարող մարդկանց մոտ չառաջացնել ատելության վերաբերմունք, ընդհուպ մինչև՝ իր որակմամբ «ռևանշ», դա անխուսափելի է, պատմությունն է միշտ ցույց տվել այդ օրինաչափությունը՝ երբ դու հաղթողի դիրքերից շարունակում ես նվաստացումը,  չի կարող դա ընդվզում չառաջացնել նվաստացողների կողմից»։  

 

Իրավապաշտպանի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի հրապարակային նվաստացումը՝ շինծու դատավարության տեսքով, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախկին նախագահների և այլ պաշտոնատար անձանց  ձերբակալման հրապարակային տեսարաններով Ալիևը փորձում է ցույց տալ իր՝ հաղթողի դիրքը։ «21-րդ դարում երկրի ղեկավարի նման պահվածքը կոչվում է մանր մարդու պահվածք, լակոտություն։  Եվ աշխարհի կողմից թեկուզ ուշացած վերաբերմունքին ինքը պատասխանում է անպատժելիությամբ, ցինիկությամբ, ցուցաբերելով  հաբռգած երեխայի վարքագիծ, որը տարրական քաղաքակիրթ վարվեցողության կանոններից անգամ հեռու է։ Ինքը, հավանաբար, մեծացել և դաստիարակվել է որպես երես առած, և այդպես էլ, որպես երես առած երեխա, շարունակում է իր պաշտոնավարումը։ Որպես պետության ղեկավար նրա կողմից ցուցաբերվող այս վերաբերմունքն ունի հեռուն գնացող նպատակ, այն է՝  ինքը չի բավարարվել ԼՂ-ի հայերի նկատմամբ ցեղասպանությամբ, էթնիկ զտմամբ ու բռնի տեղահանմամբ, նա իր հոխորտանքն ու սպառնալիքները շարունկում է տեղալ նաև ՀՀ-ի նկատմամբ։ Կրկնում եմ՝ ինքը, իր ամբողջ քաղաքական  գործունեությամբ հենվում է  հայատյացության վրա, կապ չունի՝ այդ հայը բնակվում է ՀՀ-ու՞մ, Արցախո՞ւմ, թե՞ որևէ այլ երկրում։ Նրա ինքնության հիմքում դրված է ատելությունը հայերի նկատմամբ, այդ մարդը ֆաշիստ է իր ամբողջ էությամբ»,- նշեց Սաքունցը։  

 

Նրա խոսքով՝ 9 ամիս շարունակ, երբ 120 հազար հոգի գտնվում էր բլոկադայի մեջ, բացի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներից և միջազգային մակարդակում մի շարք պաշտոնատար անձանց արձագանքից և գնահատականներից, որևէ բովանդակային, էական քայլ՝ ուղղված բլոկադան վերացնելուն, չարվեց։ «Բայց բոլորի համար սարսափելի էր այն տեսարանը, երբ  հարյուր հազարավոր մարդիկ, օրը ցերեկով բռնի տեղահանվեցին ԵԽ-ի տարածաշրջանում (հարցն ամենևին էլ այն չէ, որ ԼՂ-ն չճանաչված պետություն էր   և աջակցություն էր ստանում ՀՀ-ից), խնդիրն այն է, որ անգամ եթե Ադրբեջանը Արցախը համարում էր իր մասը,  ԵԽ անդամ պետությունների  տարածքում տեղի ունեցավ այն, ինչին աշխարհն ականատես եղավ։ Մինչդեռ այստեղ պետք է գործեին և շարունակում են գործել մարդու իրավունքների վերաբերյալ  միջազգային փաստաթղթերն ու կոնվենցիաները։  Մի կարևոր հանգամանք էլ․ շատ ադրբեջանցիներ, որոնք ոգևորված են ԼՂ -ի տարածքների նկատմամբ վերահսկողությամբ և ԼՂ-ի  էթնիկ զտմամբ, մոռանում են մի բան՝ այսպիսով  Ալիևը վերջին մեխը խփեց ազատության դագաղին, այսինքն՝ Ադրբեջանը ամբողջացավ որպես  բռնապետական ռեժիմ և ադրբեջանցիները շատ երկար տարիներ կմոռանան ազատության մասին։ Սա գուցե ասեք, որ ադրբեջանցիների խնդիրն է, սակայն նման բովանդակությամբ քաղաքականություն իրականացնողը շարունակելու է վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար։  Եվ այդ առումով է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ցանկացած խոսույթ նման ռեժիմի հետ ՝ անիմաստ է։  Խոսք կարող է գնալ սպառնալիքների կանխման, միջազգային ներգրավմամբ զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման մասին, ոչ ավելին։ Ակնհայտ է, որ Ալիևը շարունակելու է ոտնձգությունները ՀՀ-ի նկատմամբ»։ Սաքունցը հիշեցրեց, որ 1994-ին ստորագրվել է զինադադարի մասին համաձայնագիր, որը Ալիևը չխորշեց տարիներ շարունակ խախտել, 2020-ի նոյեմբերի 9-ին էլ ստորագրվեց հրադադարի մասին  և  9 կետ ներառող հայտարարությունը։  «Սակայն այդ փաստաթղթերը որևէ արժեք չունեցան նրա համար։ Ալիևը ճանաչում է ոչ թե թուղթը կամ իրավունքը, այլ՝ ուժը։ Եվ մինչև ինքը չգիտակցի և չտեսնի, որ իր սպառնալիքները կունենան հակազդեցություն և իր վրա թանկ  կնստեն ՀՀ-ի դեմ տնձգությունները, ինքը չի հանդարտվելու»,-նշեց իրավապաշտպանը։

 

Մեր հարցին՝ ո՞վ պետք է ցուցաբերի այդ հակազդեցությունը, միջազգային հանրությու՞նը՝ պատժելով, սանկցիաներ կիրառելով Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ իրավապաշտպանը պարզաբանեց․ «Առաջին հերթին, իհարկե,  ՀՀ-ն։ Մենք տեսանք, որ  Իսրայելը  ՀԱՄԱՍ-ի կողմից ենթարկվեց խայտառակ, սարսափելի ահաբեկչական հարձակման, Իսրայելը հետագայում, իհարկե, կվերլուծի իր սխալները, սակայն մենք տեսանք, որ այդ երկրում իշխանության և ընդդիմության կողմից ձևավորեց միասնական կառավարություն՝ հե՛նց հակազդելու նպատակով։ Միջազգայն հանրությունը, իհարկե, կխոսի, կգնահատի, կդատապարտի, սակայն առաջին հերթին Իսրայելը իր քաղաքացիների անվտանգության համար հանձնառություն ստանձնեց։ Այնպես էլ ՀՀ-ի դեպքում է․ ոչ ոք չի գալու ՀՀ քաղաքացիների անվանգությունն ապահովի, եթե մենք մեր պարտավորությունը պատշաճ չկատարենք։ Երբ դու կատարում ես քո հանձնառությունն ու կա լրացուցիչ աջակցման կարիք, ապա այդ դեպքում քեզ կաջակցեն։ Միշտ գործ անողին են օգնում, «գործ անող» ասելով նկատի ունեմ ոչ  թե ուրիշ պետությունների նկատմամբ  սպառնալիքներ ստեղծողներին ու սպառնալիքներ տեղացողներին, այլ՝ անվտանգության ոլորտում   սեփական հանձնառությունները կատարողներին, այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում և Իսրայելում։ Իհարկե, Ալիևին հակազդողը պետք է լինի ՀՀ զինված ուժերը»։ Նկատեցինք՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն ապացուցեց,  որ իր հանձնառությունը կատարում է լիուլի, սա արդյոք  ուղերձ չէ՞ր Ադրբեջանին, որ եթե «թաթերը երկարացնի», ապա կպատժվի։ Մենք տեսանք նաև Պրահայում ստորագրված հայտարարության հիման վրա ԵՄ դիտորդական առաքելության տեղակայում ՀՀ-Ադրբեջանին սահմանին։ Սա արդյոք  նաև ազդակ չէ՞ միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն, այո՛, պատրաստ է իր հանձնառությունը կատարել և լրացուցիչ անվտանգային օժանդակության կարիք ունի։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց․ «Մասամբ համաձայն եմ, սակայն փաստ է, որ ՀՀ 150 քառ/կմ տարածք շարունակում է լինել օկուպացված Ադրբեջանի կողմից։ Այսինքն, նշված տարածքի դեօկուպացիան մինչև այժմ տեղի չի ունեցել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ հայ-ադրբեջանական դեռևս չսահմանազատված սահմանի երկայնքով վտանգները, այդ թվում նաև Նախիջևանի հատվածում հայ-ամերիկյան գործարանի կառուցման սպառնալիքները շարունակվում են։ Այսինքն, այստեղ ասել, որ մենք խնդիրը իրապես արդյունավետ լուծել ենք, ճիշտ չէ։ Մենք, այո՛, «ատամ» ենք ցույց տվել, սակայն արդյունքը պետք է լիներ 150 քառ/կմ-ի դեօկուպացիան, և երկրորդը՝ հնարավոր սահմանային խախտումներին պատասխան տալը։ Եվ այս առումով միջազգային հանրությունը  շատ կարևոր հարցադրում ունի․ մենք շարունակում ենք մնալ անվտանգային մի  համակարգում՝   ի դեմս ՀԱՊԿ-ի, որն իր սնանկությունը ցույց է տվել ու  ապացուցել է կոնկրետ ՀՀ-ի դեպքերով, և հայտարարում ենք (անկախ հիմնավորումներից), թե մենք մեր արտաքին վեկտորը չենք փոխում։ Կներեք,  այդ դեպքում միջազգային հանրությունը չի կարող իր վեկտորը փոխել ՀՀ-ի ուղղությամբ՝ ավելին անելու առումով և առավելագույնը կշարունակի մնալ դիտորդի կարգավիճակում։ Մինչդեռ անվտանգության մակարդակում գործակցություն ասվածը ենթադրում է շատ ավելի լուրջ և արդյունավետ գործիքներ՝ թե՛ սպառազինություն, թե՛  կադրերի պատրաստում, դա ոչ թե մեկուսի է լինում, այլ ուղեկցվում է դիվանագիտական, քաղաքական լուրջ աջակցությամբ։ Երբ քո ռազմավարական անվտանգությունը  սահմանափակված է ՀԱՊԿ-ով ու ԱՊՀ-ով, ապա, կներեք, միջազգային հանրության սուբյեկտների՝  Ալիևի ռեժիմի վայրագություններին և լակոտության դրսևորումներին ցուցաբերվող  (խոսքային մակարդակով) բացասական արձագանքն ու դատապարտումները չեն կարող նյութական աջակցության վերածվել, եթե դու շարունակում ես գտնվել անվտանգային այլ համակարգում։ Դրա համար մենք  առաջարկել ենք ոչ բլոկային փոքր պետության կոնցեպտը։ Մենք չենք ասում ՆԱՏՕ, մենք ասում ենք՝ դու պետք է լինես ազատ քո անվտանգային խնդիրները լուծելու՝ ամենատարբեր ռեսուրսներ ներգրավելու համար»,-նշեց իրավապաշտպանը՝ շարունակելով․ «Հիմա ես ՀՀ կառավարությանը շատ պարզ հարց եմ տալիս՝ փաստ է, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում քո անվտանգությունը, հայ-ռուսական պայմանագրերը չեն ապահովում քո անվտանգությունը, ԵԱՏՄ-ն, որի առանցքային պետության՝ ՌԴ-ի, նկատմամբ պատժամիջոցներ են կիրառված և բնական է՝ շուկան շատ ավելի սահմանափակ վիճակում է և չի կարող զարգացում ապահովել՝ նույնպես փաստ է։ Հետևապես՝ ո՞րն է դրդապատճառը մնալ այդ կառույցներում։ Այո, կան արձանագրումներ, դժգոհություններ, բայց երբ ջուրը բարձրացել է և կամուրջի վրայով է անցնում, այդ կամուրջի վրա գտնվելու միտումը ո՞րն է»։

 

 civic.am

Հ․Մանուկյան

Դիտումներ՝ 88

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????