Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հայտարարությունն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

March 15, 2022

Համատեղ | Հայտարարություններ

✊ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, որը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների միություն է, իր վրդովմունքն է արտահայտում մարտի 8-ից Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի վերաբերյալ։

⛽ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, ինչն ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է դարձնում ազգությամբ հայերի մուտքը նշված տարածքներ։

♿ Գազամատակարարման խափանումը հանգեցրել է հարյուր հազարից ավելի անձանց մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ անհամեմատ բացասական ազդեցություն ունելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների վրա։

🏫 Գազամատակարարման բացակայությունը, սաստկացնելով հետպատերազմական և համավարակի հումանիտար դժվարությունները, խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող արցախցիների կրթության, առողջապահական և անկախ կյանքի իրավունքների իրականացմանը։ Մասնավորապես՝ գազի և մատչելի հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում բենզինի թանկացումը բերել է տաքսի ծառայությունների գնի բարձրացմանը, ինչը խոչընդոտում է հատկապես տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Վերականգնողական և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները ստիպված են գործել սահմանափակումներով՝ չկարողանալով ապահովել առողջության համար լրիվ անվտանգ միջավայր առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ լիարժեք աշխատանքը կարող է խաթարել երեխաների ներառական կրթություն ստանալու իրավունքի իրացումը՝ հանգեցնելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալուն։

⚠️ Մենք խորապես մտահոգված ենք Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր անձանց անվտանգությամբ և պաշտպանվածությամբ, ինչպես նաև այն հիմնավոր վախով, որն այժմ համակել է հասարակության յուրաքանչյուր անդամի առօրյան։

‼️ Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետությունից լսել արցախցիների հավաքական ձայնը, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները գազամատակարարման հրատապ վերականգնման, խաղաղ բնակչության ահաբեկման ու հայատյացության վրա հիմնված քաղաքականությունից հրաժարման և խաղաղ համակեցության նպատակով։ Վերստին կոչ ենք անում պահպանել և հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանն առնչվող պատերազմի կանոնները, անհապաղ և անվերապահորեն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ծանր ռազմական տեխնիկայի ցուցադրաբար տեղակայումը։

🇦🇲 Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել Արցախում արտակարգ հումանիտար օգնության ծրագրերի իրականացումը՝ առաջնահերթ դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների աջակցությունը, հաստատություններում գտնվող անձանց անկախ կյանքի իրավունքն ու անվտանգությունը։ Հորդորում ենք համագործակցել Հայաստանի և Արցախի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ հումանիտար օգնության բոլոր ծրագրերն ավելի ներառական, հասցեական և մատչելի դարձնելու նպատակով։

🌎 Միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք հստակ կերպով դատապարտել Ադրբեջանի իշխանության կողմից ԱՀ քաղաքացիների մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ միտումնավոր ստեղծված խոչընդոտները հնարավորինս չվերացնելու դեպքում սահմանելով տնտեսական և այլ արգելքներ ու սահմանափակումներ, առկա գործիքակազմերով ուսումնասիրել և արձագանքել հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների կարիքներին։ Առաջնահերթ ենք համարում Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպությունների հզորացումը և աջակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։

🇷🇺 ՌԴ խաղաղապահ առաքելությունից ակնկալում ենք կարճ ժամանակում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համակարգմամբ հասնել Արցախում սոցիալական անվտանգության կենսական երաշխիքների, այդ թվում՝ գազամատակարարման վերականգնմանը։

⛑️ Հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց ուղղվող օգնությունը՝ միաժամանակ խթանելով նրանց և նրանց ընտանիքների զբաղվածությունը։ Հրատապ է Արցախի խնամքի տուն-ինտերնատին, հոգեբուժական կենտրոնին և երեխաներին խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններին էլեկտրական ջեռուցման սարքերով ապահովումը։ Միաժամանակ հորդորում ենք չանել այնպիսի ներդրումներ, որոնք կարող են անորոշ ժամանակով երկարացնել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը խնամքի շուրջօրյա հաստատություններում, այլ աջակցել նրանց համայնքում ապրելու իրավունքին և համայնքահենք ծառայությունների զարգացմանը։

Ստորագրող կազմակերպություններ՝

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն

«Լիարժեք կյանք» ՀԿ

«Փրկություն» ՀԿ

«Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ

«Լռության ձայն» ՀԿ

«Հայկական ճամբար» ՀԿ

Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ

«Հեշտ կյանք» բարեգործական ՀԿ

«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

Դիտումներ՝ 219

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????