Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

August 24, 2021

Joint | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

 

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

 

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

 

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

 

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

 

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

 

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։ Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

 

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.

  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները․

  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել, ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին․

  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

 

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

 

Ստորագրություններ

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Լոգոս» Իրավապաշտպան ՀԿ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ
«Համայնքների Ֆինանսիստների միավորում» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«ԷկոԼուր տեղեկատվական» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Արազա» ԲՀԿ
Գայանե Շագոյան, քաղաքացի

views: 82

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color