Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մերժվածները հույս ունեն, որ իշխանությունները կհրաժարվեն դատաիրավական բարեփոխումներից

February 4, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն են արտահայտել վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ: Ընդդիմությունն ասում է, որ սա քննադատություն էր ուղղված իշխանություններին, իշխանությունն էլ ողջունում է հայտարարությունը՝ նշելով, որ այնտեղ չկա որևէ տող, որտեղ ՀՀ իշխանությունների հասցեին քննադատություն կա։ Ձեր կարծիքով՝ սա նախազգուշացո՞ւմ էր Հայաստանին, թե ոչ։

 

Ձեր նշած, այսպես կոչված, որպես ընդդիմություն հանդես եկողները, որոնք ամեն ջանք գործադրում են որպես ընդդիմություն երևալու համար, բարոյական պատասխանատվություն ունեն այն ամենի համար, որ Հայաստանում եղել է և կա։ Խոսքը վերաբերում է նրան, որ առնվազն 20 տարի ՀՀ-ում իշխանություն ունեցած մարդիկ բացարձակապես ձախողել են թե դատական իշխանության, թե ժողովրդավարական պետության, թե իրավական պետության, թե տնտեսական, սոցիալական ապահովության բոլոր ոլորտներում։ Ավելին, ձախողել են, որովհետև նպատակը եղել է ոչ թե այդ խնդիրների լուծումը, այլ խմբային, կոռուպցիոն շահերը, որը դրսևորվել է անպատժելիությամբ։ Այդ ամենի հետևանքով տեղի է ունեցել հեղափոխությունը։ Երկրորդ, Հայաստանը որպես ԵԽ անդամ այլևս այն Հայաստանը չէ, որը գոյություն ուներ 2018-ի ապրիլից առաջ։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունները ստացել են այնպիսի գնահատական, որը նախկիններն իրենց ողջ իշխանավարման ընթացքում երբևէ չեն ստացել և կերազեին ստանալ։ Չնայած բոլոր ջանքերին՝ թաքցնելու աղաղակող խախտումները, սակայն որևէ ընտրությունից հետո չեն ստացել այդպիսի գնահատական։ Այնպես որ, ԵԽԽՎ ցանկացած բանաձև, որ կընդունվի, իր բովանդակությամբ և իր նպատակով բոլորովին այլ բնույթ ունի, քան նախորդ բանաձևերը։ Ես ուղղակի իրենց կհիշեցնեմ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բոլոր բանաձևերը, որտեղ խայտառակ արձանագրումներ կան։ Այսինքն ԵԽԽՎ-ն արձանագրում է խնդիրներ, որոնք վերաբերում են ավտորիտար կառավարումից ժողովրդավար կառավարման, անպատժելի կառավարումից իրավական պետության, իրավունքի գերակայության պետության անցման շրջանում առկա խնդիրներին։ Մենք էլ ենք այստեղ բազմիցս մեր պահանջները, մտահոգությունները ներկայացրել։ ԵԽԽՎ-ն արձանագրում է այդ անցման ժամանակ մտահոգող խնդիրը. այն է, որ Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական իշխանության հետ կապված խնդիրները պետք է լուծել ոչ լարված մթնոլորտում։ Այսինքն պետք է լուծել բացարձակապես իրավական ճանապարհով։

 

Այսինքն՝ այս հայտարարությունից հետո իշխանության մտադրությունները չե՞ն կարող փոխվել։

 

Չեն կարող փոխվել իշխանության մտադրությունները, դա աբսուրդ է։ Ի դեպ, նախկին մերժվածները հույս ունեն, որ իշխանությունները կհրաժարվեն դատաիրավական այն բարեփոխումներից, որը վերջնականապես կվերականգնի լեգիտիմությունը թե ՍԴ-ի, թե դատական իշխանության նկատմամբ։ Նախկինները ձգտում են նրան, որ կասեցվի այդ գործընթացը, խափանվեն լեգիտիմության վերականգնման ուղղված գործողությունները։ Ուղղակի այստեղ ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ լեգիտիմության ապահովման ուղղությամբ ջանքերը չպետք է կասկածելի լինեն, պետք է լինեն բացառապես իրավական մեթոդներով։ Իսկ եթե նախկին իշխանությունները փորձում են այս օբյեկտիվ արձանագրումն օգտագործել քաղաքական նպատակներով և փորձեն այս իշխանություններին նույնականացնել իրենց հետ, չարաչար սխալվում են։ Ժողովրդավարական իշխանությունն էլ կարող է ունենալ խնդիրներ, և ժողովրդավարական իշխանության խնդիրները բոլորովին այլ են ավտորիտար կառավարման իշխանության խնդիրներից։ Անպատժելիության ինստիտուտը, որ ձևավորվում էր տարիներ շարունակ՝ համակարգային կոռուպցիայով, պետության ռեսուրսները մսխելով, այդ ժամանակ խնդիրները բոլորովին այլ բովանդակություն ունեին, քան տարիներով կուտակված խնդիրների լուծման պատասխանատվությունը վերցրած իշխանության խնդիրները։ Սրանք բոլորովին այլ չափման համակարգեր են։ Նախկինների այդ քննադատության իմաստը հենց դա է, որ նույնականացնեն, որ իրենք նույնն են բովանդակությամբ։ Նույնը չեն, և այսօրվա խնդիրների առաջացման ուղղակի պատասխանատվությունն իրենք են կրում։ Այսօրվա իշխանությունը պատասխանատու է տարիներ շարունակ չլուծած խնդիրների լուծման համար։ Այստեղ պետք է գիտակցել, որ այն մեխանիզմները, այն մեթոդները, որ կիրառվեցին գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության լեգիտիմության ապահովման համար, դրանք չեն կարող կիրառվել դատական իշխանության և ՍԴ-ի լեգիտիմության ապահովման համար։ Դրա համար անհրաժեշտ է մեկ քայլ՝ նոր Սահմանադրության ընդունում։

 

Սահմանադրական փոփոխությունները մոտ մեկ տարի կտևեն, բայց իշխանությունները հայտարարում են, որ ՍԴ-ում առկա խնդիրը շուտով կհանգուցալուծվի։

 

Հասկանում եմ, որ մեկ տարի կտևի, բայց դա ավելի շուտ պետք էր անել։ Չպետք է հապաղել։ Կամ պետք է շատ արագ գործող սահմանադրության գործողությունները առանձին իսնտիտուտների վերաբերյալ դադարեցնել հանրաքվեով, կամ շատ արագ նոր Սահմանադրության նախագիծ մշակել և հանրաքվեով ընդունել։ Այս Սահմանադրությունը պետության զավթման Սահմանադրություն է, պետության զավթումն արձանագրող Սահմանադրություն, որի շուրջ եթե որևէ մեկը հակաճառի, կարող եմ առանձին նորմերով ապացուցել, որ գործող Սահմանադրությունը չի կարող ժողովրդավարական և իրավական պետության զարգացումն ապահովող Սահմանադրություն լինել։ Բայց հապաղել պետք չէ, այդ ամենը շատ շուտ պետք է անել, քան մեկ տարին է։

 

lragir.am

views: 568

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color