Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Չեմ կարող ողջունել փոխադարձ ոչնչացման լուծումները». իրավապաշտպանը՝ ՊՆ-ի պարգևատրման մասին

June 13, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հունիսի 1-ին Արցախի Մարտունու դիրքերում հակառակորդի կրակոցից մահացավ Կոտայքի մարզի Քասախ գյուղի 19-ամյա բնակիչ Սիփան Մելքոնյանը: Ըստ Արցախի ՊՆ-ի՝ մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ադրբեջանական զինուժն արձակել էր շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

 

Ավելի վաղ՝ Արցախի ՊՆ-ն հերքել էր մայիսի 30-ին Ադրբեջանի տեղեկությունն առ այն, թե Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը՝ ադրբեջանական կողմին հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվությունով իրադրությունն արհեստական սրելու անհեռանկար քայլերից:

 

Իսկ ահա նախօրեին հայկական կողմը չհերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի 19-ամյա զինծառայող Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն:

 

 
Ավելին, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը»: 

 

Դատելով տեղեկությունից՝ հայկական կողմը ստանձնեց պատասխանատվությունը՝ 19-ամյա ադրբեջանցի զինծառայողի սպանությունը ներկայացնելով իբև վրեժ և որակով կատարված աշխատանք:

 

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ղեկավարությունը և որ Հայաստանի իշխանությունը «նպատակ ունի տապալել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները և մեծացնել տարածաշրջանում առկա լարվածությունը»:

 

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ նման իրավիճակներից, փոխադարձ մեղադրանքներց ու վեճերից խուսափելու համար պետք է 2016-ին ձեռք բերված Վիեննայի պայմանավորվածությունները իրացնել՝ հետաքննության մեխանիզմներ տեղադրել սահմանին: «Ու մինչ դա չարվի, էլ ոչ մի բանի մասին Հայաստանը չպիտի խոսի Ադրբեջանի հետ, պետք է հրաժարվի»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե Արդրբեջանը հրաժարվում է տեղադրել այդ մեխանիզմները, հայկական կողմին այլ բան չի մնում, քան պատժելով խոսել:

 

«Դա պատժիչ ակցիա է: Նման գործողությունները պետք է ճիշտ մտածել, քանի որ Ադրբեջանին ուրիշ դաստիարակելու ձև չկա: Պատժիչ գործողությունները ընդունված են ամբողջ աշխարհում և էֆեկտիվ կարող են գործել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ադրբեջանին պետք է հարցնել՝ ինչո՞ւ եք 19 տարեկան զինվոր սպանել, պայմանավորվածություններ կան և այլն»,-նշեց քաղաքագետը:

 

Մանվել Սարգսյանի խոսքով՝ կատարվածի միակ նորությունն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ դա պատժիչ գործողություն է՝ հրամանով կատարված:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իրավիճակը բավական մտահոգիչ է համարում. «Չեմ կարող ողջունել փոխադարձ ոչնչացման լուծումները: Պատժիչ գործողությունը գոնե դիվանագիտական տեսակետից, չեմ կարծում, որ կարող է ընդունելի լինի: Չեմ գտնում, որ պետք է զինվորի թիրախային ոչնչացման համար պարգևատրել: Դրա ռազմական նպատակահարմարությունը որևէ կերպ արդարացված չէ: Հակառակորդին լռեցնելու շատ այլ տարբերակներ կան, բայց ոչ այս ձևով»,-մեր հարցին ի պատասխան ասաց իրավապաշտպանը։

 

Նրա համոզմամբ՝ վերջին օրերի ռազմական հռետորիկան նպաստավոր չի լինելու բանակցությունների համար. «Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ հայկական կողմը միայն խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կողմնակից է, դրան հակասում է պատժիչ գործողության վերաբերյալ հայտարարության այդ տարբերակը»:

 

Ուստի՝ իրավապաշտպանի կարծիքով, պետք է զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից, որը պաշտոնական մոտեցմանը չի համապատասխանում: Նա նույնպես ընդգծեց, որ սահմանին հետաքննության մեխանիզմների կիրառումը ավելի քան անհրաժեշտ է: Հարցին, թե իր կարծիքով ի՞նչն է պաճառը, որ հետաքննության մեխանիզմները ոչ նախկին իշխանության ժամանակ ներդրվեցին, ոչ այս, չնայած Ապրիլյան պատերազմից հետո հստակ խոսվեց դրա մասին, իրավապաշտպանն ասաց. «Համաձայն եղած տեղեկատվության՝ այդ մեխանիզմների ներդրմանը դեմ են ադրբեջանական իշխանությունները»: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր միջադեպը պետք է բավական լուրջ քննության առարկա դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 

«Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է սահմանին հետաքննության մեխանիզմների տեղադրման ուղղությամբ քայլ կատարել, ապացուցում է, որ չի հրաժարվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր մտքից»,- նշեց իրավապաշպանը՝ հավելելով, որ պետք է ջանքեր գործադրել, որ հրադադարի ռեժիմի խախտումները դիտարկվեն որպես մարդասիրական իրավունքի հետ անհամատեղ և անհամապաասխան: «Առանձին  դեպքերի հետ կապված նաև հետաքննական մեխանիզմների ներդրման ուղղությամբ»:

 

Իրավապաշտպանի խոսքով՝ նման դեպքերն ավելի են մեծացնում ատելության մթնոլորտը: «Ես որևէ արդարացում չեմ գտնում, որովհետև հիմա իրենք իրենց հասարակության առաջ արդարանալու համար են փորձելու մեր զինվորի վրա հարձակում կատարել, հետո՝ նույնը մենք ու էստեղ երկուստեղ ոչնչացման միտումը խայտառակություն է»,-ասաց Սաքունցը՝ շարունակելով. «Չի կարելի էնպիսի գործողություն կատարել, որը կվտանգի զինվորի կյանքը: Դա այն գործողությունը չէ, որը կարող ենք համարել համարժեք: Համարժեքությունը չի կարող դրսևորվել նման կերպ: Դրանք պատերազմական գործողություններ չեն: Սա կոնկրետ սպանություն է: Եթե դիվերսիայի փորձ չեզոքացվեր, դա այլ բան է: Բայց այս դեպքում չկա ռազմական նպատակահարմարություն»:

 

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ադրբեջանական կողմը կարող է այդ պարգևատրումը «որպես հիմնավորում ներկայացնել իր կողմից էսկալացիան ու պատժիչ գործողություններն ուժեղացնելու համար: Պետք է շատ ավելի պատասխանատու լինել»:

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ իհարկե վատ է, որ մարդիկ են զոհվում. «Բայց նույն 19-ամյա զինվորը մեծ հավանականությամբ առանց վարանելու կկրակի մեր 19-ամյա զինվորի վրա»։

 

Փորձագետը կարծում է, որ կատարվածը համարժեք է և տեղավորվում է «պատերազմի լոգիկայում»։ Նա նորմալ է համարում նաև պարգևատրումը՝ հրամանը կատարելու համար։ «Ուղղակի ես համարում եմ, որ պետք չէր այդ մասին պաշտոնական կանալներով հայտարարել, որովհետև Ադրբեջանը սա միանգամից օգտագործեց որպես առիթ հայկական կողմին մեղադրելու և ինչ-որ գործողություներ իր կողմից արդարացնելու»,-նշեց Վրթանեսյանը՝ չբացառելով, որ լարվածությունը կարող է շարունակություն ունենալ։     

 

forrights.am

views: 1074

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color