Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Պետք է շուտափույթ համակարգային փոփոխությունների ենթարկել ԱԱԾ-ն». Արթուր Սաքունց

January 14, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, «Հայկական ժամանակ» թերթում հոդված գրվեց, որում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Դրանից հետո հեռակա բանավեճ ծավալվեց Վանեցյանի և Մարիամ Փաշինյանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։ 

 

– Տվյալ դեպքում ԱԱԾ նախկին տնօրենի պահվածքի ու վերաբերմունքի հետ կապված քննարկումներ են տեղի ունենում, բայց իրականում այդտեղ ոչ թե Վանեցյանի անձի հետ է կապված խնդիրը, այլ ընդհանրապես ԱԱԾ կառույցի։ Մենք մշտապես այդ հարցը բարձրացնում էինք։

 

Լավ է, որ գոնե շուտ առաջ եկավ հարցը, որ ԱԱԾ-ն պետք է արմատապես բարեփոխման ենթարկվի և դառնա այն պետական մարմինը, որը կհամապատասխանի ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին, կզբաղվի միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ և ներքին իրավիճակի հետ կապված որևէ խնդրի չպետք է առնչություն ունենա։

 

Սա ընդամենը այդ խնդրի հերթական արձանագրումն է, և, իհարկե, պետք է շուտափույթ համակարգային փոփոխությունների ենթարկել ԱԱԾ-ն։ Կարծում եմ՝ հարցը պետք է հետևյալ կերպ ձևակերպել՝ որո՞նք են այն երաշխիքները, որ ԱԱԾ-ն տնօրենի փոխվելով փոխել է իր բովանդակությունը։

 

Չկա նման որևէ երաշխիք։ Ես նույնիսկ կարող եմ վստահաբար ասել, որ ԱԱԾ-ն արմատական փոփոխության չի ենթարկվել, և նույնիսկ հիմնավոր են այն պնդումները կամ կասկածները, որ Արթուր Վանեցյանը շարունակում է կապ ունենալ կամ որոշակի տեղեկատվական տվյալներ ստանալ նույն ԱԱԾ-ից։ 

 

– Ընդհանրապես, որքանո՞վ էր համաչափ Վանեցյան-Մարիամ Փաշինյան «փոխհրաձգությունը»։ 

 

– Ես դրա մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև ուշադրություն դարձնել հրապարակային այդ միջանձնային բանավեճին ամենևին այն խնդիրը չէ, որ մեզ պետք է հետաքրքրի։ 

 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունը ԱԱԾ-ն բարեփոխելու կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։

 

– Եթե բարեփոխված լիներ, ապա նման դրսևորումներ չէին լինի։ 

 

– Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ կառույցը որքանո՞վ է հնարավոր բարեփոխել, կամ ընդհանրապես՝ նման տեսքով անվտանգության կառույց մեզ պե՞տք է։

 

– Չի կարող պետությունը, անկախ նրանից տոտալիտար է թե ժողովրդավարական, անվտանգության մարմիններ չունենա։ Բայց ի տարբերություն տոտալիտար պետության, ազգային անվտանգության խնդիրները շատ բազմաշերտ են, և այդ մարմինների բովանդակությունը արմատապես տարբերվում է տոտալիտար իշխանություն ունեցող պետությունից, որովհետև ազգային անվտանգության խնդիր պետք է համարել ժողովրդավարական և իրավական պետության արժեքներին ուղղված մարտահրավերները։

 

Նաև պետք է ժողովրդավարական պետության ազգային անվտանգության ծառայությունը գործի հենց այդ արժեքների հիման վրա՝ այդ արժեքների պահպանման նպատակով։ Ուզում եմ ասել, որ եթե գլուխը հիվանդ է, ոչ թե պետք է գլուխը կտրել, այլ պետք է բուժել։

 

– Հիմա արդեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ձևավորվում։ Կարծում եք նաև սահմանադրակա՞ն փոփոխություններով պետք է ԱԱԾ-ում փոփոխությունների հասնել։ 

 

– Սահմանադրական մակարդակով պետք է ապահովվի արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը, այդ թվում նաև՝ ԱԱԾ-ի ղեկավարի նշանակման առումով խորհրդարանի ուղղակի դերը պետք է լինի։

 

Բայց պետք է նաև հաշվի առնվի այն հանգամանքը, որ խորհրդարանական բացարձակ մեծամասնության պայմաններում փոքրամասնությունը նույնպես որոշիչ մասնակցություն ունենա այդ նշանակման գործում, նաև պարբերաբար հաշվետվության ինստիտուտը պետք է ամրագրվի։

 

Բայց բովանդակային փոփոխության տեսանկյունից բավական լուրջ ինստիտուցիոնալ, օրենսդրական, կադրային, կրթական խնդիրներ պետք է լուծվեն։ Դա պետք է լինի հայեցակարգ, որը մինչև այժմ չունենք։ 

 

– Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է նաև ընդդիմությունը։ Միայն այդ դեպքո՞ւմ հնարավոր կլինի առկա խնդիրներին լուծումներ տալ։

 

– Մենք սահմանադրական փոփոխություններ առաջարկել ենք դեռևս 2018 թվականի վերջին, ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ։ Միայն սահմանադրական փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի սոցիալական բնույթի խնդիրներից զերծ մնալ։

 

– Վանեցյանի մասին աղմուկ հանած այս հոդվածով չպե՞տք է արդեն զբաղվեն իրավապահները, եթե կա կոնկրետ լրատվամիջոց, որն ուղղորդված արշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ։ 

 

– Ճիշտն ասած, ապատեղեկատվության դեմ պայքարի ճանապարհը օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն է։ Եթե լիներ պետական կամ ծառայողական կամ անվտանգության վերաբերյալ տեղեկությունների հրապարակում, դա բոլորովին այլ բան է։

 

– Ձեր կարծիքով՝ հիմա իշխանության զավթման գործընթաց ընթանո՞ւմ է։

 

– Իշխանության զավթման գործընթաց տեղի չի ունենում, բայց իշխանության զավթման գործիքները մնում են։ Ցավոք սրտի, այդ գործիքները ոչ թե զուտ պասիվ գործիքներ են եղել պետության զավթման ժամանակահատվածում, այլ նաև բովանդակային նշանակություն են ունեցել։ Հենց սրանում է ամբողջ խնդիրը, որ մինչև վերջ չեն բացահայտվում խնդիրները։

 

medialab.am

views: 743

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color