Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ստամբուլյան կոնվենցիայի չվավերացումն ակնհայտ նահանջ է լինելու

August 15, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ինձ համար շատ տարօրինակ է, երբ ներքաղաքական հարցերում բռնությունը որպես միջոց ժխտող և նման մեթոդները դատապարտող իշխանության քաղաքական թևը՝ հանձինս Ազգային ժողովի մեծամասնության, հայտնվում է մի իրավիճակում, երբ իրե՛նք են հանդես գալիս բռնությունը կանխող Ստամբուլյան Կոնվենցիայի ընդունման դեմ», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

«Հրապարակ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարարի հետ իրավիճակ է փոխել և կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա։

 

Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հաշվի առնել, որ, անկախ ամեն ինչից, բոլոր հասարակություններում կա և կլինի «ժխտողական վերաբերմունք որոշ թեմաների հետ կապված», սակայն հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ իշխանությունը ձևավորող քաղաքական ուժն ինքն է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը, և պետք է վերցնի՝ հակադարձելու, արձագանքելու բոլոր այն ժխտողական մոտեցումներին, որոնք կարող են խոչընդոտել իր քաղաքացիների առջև պետության պարտականությունների կատարմանը։

 

«Ի վերջո, ցանկացած իշխանության և այդ իշխանությունը կազմող քաղաքական ուժի գլխավոր պարտավորությունը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտի ձևավորումն է, մարդու իրավուքների արժանապատվությունն ապահովող իրավական դաշտի ձևավորումը և դրա պրակտիկ իրագործումը։ Ինձ համար շատ տարօրինակ է, երբ ներքաղաքական հարցերում բռնությունը որպես միջոց ժխտող և նման մեթոդները դատապարտող իշխանության քաղաքական թևը՝ հանձինս Ազգային ժողովի մեծամասնության, հայտնվում է մի իրավիճակում, երբ իրե՛նք են հանդես գալիս բռնությունը կանխող Կոնվենցիայի ընդունման դեմ։

 

Սա ակնհայտորեն նահանջ է քաղաքացիների առջև պետության պարտավորությունների կատարման տրամաբանությունից։ Եվ սա նույնիսկ նշանակում է հրաժարվել հռչակված սկզբունքներից։ Ավելին, այնպիսի ծայրահեղական մոտեցումների զիջում անելու պահվածք է, որի հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, որովհետև, ըստ էության, լեգիտիմացնում են և նպաստում այն միտումների հիմքերի առաջացմանը, ըստ որոնց, կան որոշակի խմբեր, որոնց ներկայացուցիչների իրավունքները կարող են պաշտպանված կամ հարգված չլինել։ Իհարկե, խոսքը վերաբերում է ԼԳԲՏ֊համայնքին։ Որոշ ժամանակ առաջ՝ կրոնական փոքրամասնությունների, ժամանակ առ ժամանակ, ոչ միշտ, բայց ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդ ծայրահեղական խմբերն ամեն առիթ օգտագործում են իրենց մոտեցումները ներկայացնելու և դրանով իսկ, կարծես, ինքնադրսևորվելու համար։

 

Բայց, մյուս կողմից, եթե քաղաքական մեծամասնության էդ առանձին խմբի թիվը, ինչպես ասում են, հասնում է 40 պատգամավորի, ապա նրանք ի՞նչ են անում ընդհանրապես այդ քաղաքական ուժում։ Ես հասկանում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»֊ը ժամանակ չի ունեցել իր կազմը ձևավորելու։ Շատերը խոսում են, թե իբր այս հեղափոխությունը պլանավորված էր, բայց հենց այս փաստն է վկայում, որ չէր կարող ծրագրավորված լինել, երբ թիմը չի կարողացել ձևավորվել այնպես, որ ցուցակային ներկայացուցիչներն անցնեն այնպիսի ֆիլտրերով, որի արդյունքում այնպիսի մարդիկ թեկնածություն կառաջադրեին, որոնք իրենց արժեքային մոտեցումներով ամբողջովին համապատասխանում են ժողովրդավարական և իրավական պետության արժեքներին, բայց դա չի նշանակում, որ պետք է տուրք տալ քաղաքական կոնյունկտուրային», ֊ մանրամասնել է իրավապաշտպանը։

 

Նման զիջման գնալն, ըստ Սաքունցի, բերելու է այլ զիջումների, ինչն, իր հերթին, ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանության տարածքի փոքրացում՝ հենց իշխանության մեղքով, որովհետև հենց իշխանությունն է մարդու իրավունքների պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն, և իշխանությունը պետք է սկզբունքայնություն և հետևողականություն դրսևորի՝ անկախ նրանից, թե արդյունքում կարող է ձայներ կորցնել կամ այս քաղաքականությունը կարող է որոշ խմբերի կողմից ընդունելի չլինել․ «Ի վերջո, բոլորի կողմից սիրված կամ բոլորի համար ընդունելի լինել չես կարող։ Նման բան չի լինում։

 

Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ֊համայնքի մասին չէ, այլ՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման։ Այն բացարձակապես առնչություն չունի ԼԳԲՏ֊համայնքի ներկայացուցիչների հետ, բայց դա չի նշանակում, որ տվյալ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հետ կապված հարցերը պետք է անտեսվեն։ Ուղղակի խնդիրն այն է, որ հանուն Կոնվենցիայի ընդունման չենք գնալու սեգրեգացիայի սկզբունքով, որովհետև ԼԳԲՏ֊համայնքի ներկայացուցիչներ կարող են լինել հենց այդ ծայրահեղական պատկերացումներ ունեցող մարդկանց ընտանիքներում։ Նաև այդ մարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան»։

 

Իրավապաշտպանի համոզմամբ՝ անհրաժեշտ է նաև խոսել այն մասին, որ բռնության ընտրողաբար ժխտումն արդեն իսկ խտրականություն է․ շեշտում ես, որ Կոնվենցիան կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելմանն է նվիրված, ստացվում է, կարծես, ընտանիքում չեն կարող նաև այլ՝ բռնության ենթարկվող մարդիկ լինել։

 

«Եվ ի՞նչ է ստացվում։ Նրանց նկատմամբ կարող են, հա՞, դա անել։ Կոնցեպտուալ հարց կա․ բռնությունն ընդհանրապես մերժե՞նք, թե՞ բռնությունը մերժում ենք ընտրողաբար՝ ըստ նախասիրության կամ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Այս մոտեցման տրամաբանական արտահայտումն «Իմ Քայլը» պատգամավորների մի մասի կողմից պարզապես նահանջ է պետության կողմից մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններից։ Այս Կոնվենցիան չի ավելացնելու կամ նվազեցնելու պարտավորությունները։ Պարտավորություններն արդեն իսկ վերցված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով, վերցրված են Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով, վերցրված են Սահմանադրությամբ, ի վերջո։ Այս Կոնվենցիան ընդամենը նպաստելու է իրավական միջոցների դաշտի և, ինչը շատ կարևոր է, պրակտիկան ուժեղացնելով, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, որպեսզի բռնությունների դրսևորումների կանխման ու բռնության զոհերի աջակցության հնարավորությունները զարգանան։

 

Կոնվենցիան վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ ցանկացած մարդու, որը կարող է լինել ՀՀ տարածքում։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնությունն ինքն է պատասխան տալու, թե, ի վերջո, կանխատեսելի և բռնությունը ժխտող մեծամասնությո՞ւն է, ինչի մասին հայտնում է, թե, այնուամենայնիվ, թույլատրելի է համարում բռնության դրսևորումները որոշ մարդկանց նկատմամբ։ Եվ այս հարցի պատասխանը ստիպված են լինելու տալ։

 

Երբ անցած տարի մենք զգուշացնում էինք, որ ԼԳԲՏ Երիտասարդ Քրիստոնյաների համաժողովի ձախողումը լուրջ խնդիր է առաջացնելու, երբ ոստիկանությունը հրապարակավ հայտարարեց, որ չի կարող ապահովել այդ համաժողովի անվտանգությունը, շատերը մատների արանքով էին նայում դրան, բայց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը հստակ արձանագրեց, որ դա նահանջ է։ ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողն, ով այդ ամիսներին գտնվում էր Հայաստանում, իր զեկույցում անդրադարձավ։ Երկուսն էլ զեկույցները հրապարակել են։ Դրանց պետք է պատասխան տրվի․ ի՞նչ քայլեր ես արել։ Ոչ թե ՄԱԿ֊ին կամ ԵԽ֊ին հաշվետվություն ներկայացնելու տրաբամաբանությամբ, այլ քո քաղաքացիներին, նաև այլ երկրների քաղաքացիներին, որոնք կարող են գտնվել ՀՀ տարածքում։

 

Դու ի՞նչ պարտավորություններ ես ստանձնում որպես պետություն նրանց՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու, հնարավոր խախտումներից զերծ պահելու, նաև խախտողներին սաստելու, նաև՝ խախտումների դեպքում, փոխհատուցում տրամադրելու․․․Այս հարթության վրա է պետք հարցերը դիտարկել, իսկ մնացած ծայրահեղական դրսևորումներն ավելի շատ միջազգային քաղաքակրթական հանրույթից մեկուսացման տրամաբանության շրջանակներում են։ Դա ամենևին չի համապատասխանում քաղաքական մեծամասնության կողմից բազմիցս հնչեցված միջազգային հանրության լիարժեք անդամ դառնալու, ժողովրդավարական և իրավական պետության հայտ ներկայացնելու մասին հայտարարություններին», ֊ եզրափակել է զրուցակիցը։

 

epress.am

views: 469

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color