Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Սաշիկ Սարգսյանը պետք է հստակ հիմնավորի այդ գումարների առաջացման, ծագման օրինաչափությունը, օրինականությունը». Արթուր Սաքունց

September 19, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

- Պարո՛ն Սաքունց, Սաշիկ Սարգսյանն անդրադարձել և պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գումարները վերադարձնելու պահանջին։ Նա պարզաբանել է, թե այդ փողերը դրսում է աշխատել, օրինական փողեր են։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ հայտարարությունը։

- Սաշիկ Սարգսյանի այդ հայտարարությունն իսկապես անսպասելի էր, որովհետև գոնե ինքը շատ շատ լավ գիտի, թե քանի՛ սփյուռքահայ գործարարներ, որոնք փորձել են աշխատել, գործել Հայաստանում, բիզնես դնել, իր հետ խնդիր են ունեցել։ Ես հիշում եմ առնվազն 47 գործարարի, որոնք ժամանակին բավականին խնդիրներ են ունեցել։

Օրինակ՝ Էդմոն Խուդոյանը և այլք։ Տվյալներն առավել քան բավարար են, որ դրանց հիման վրա, պատշաճ քննության արդյունքում հերքվեր Սաշիկ Սարգսյանի կողմից, այսպես կոչված, հաջողակ բիզնեսմեն լինելու կեղծ հասկացությունը։

Առավել կարևոր փաստը, որը Սաշիկ Սարգսյանը կարծես թե կանխամտածված փորձում է մոռացության տալ, այն է, որ ինքը Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Անկախ այն հանգամանքից՝ երկար ժամանակ պաշտոն ունեցե՞լ է, թե՞ ոչ, ԱԺ պատգամավոր եղե՞լ է, թե՞ ոչ, Հայաստանի նման պետությունում, որտեղ միանձնյա և մեկ կուսակցության իշխանություն էր, և բազմաթիվ գնահատականներով՝ երկրի տնտեսությունը մոնոպոլացված էր, և այդ փաստը ընդունել էին նաև երկրի վարչապետները, ընդունել էին, որ մրցակցություն չկա, որ օլիգարխիկ համակարգ գոյություն ունի Հայաստանի տնտեսության ոլորտում, նման պարագայում, բնականաբար, հաջողակ բիզնեսմեն լինելու համար պետք էր անպայման իշխանության հովանավորությունը։ Իսկ առավել քան ով կարող էր ունենալ նման հնարավորություն, եթե ոչ Հայաստանի նախագահի եղբայրը։ Ու հիմա այնպես է չքմեղանում, կարծես թե դա ոչ մի նշանակություն չունի։

Մեկ այլ հարց. ինձ ցույց տվեք գոնե մեկ հաջողակ բիզնեսմեն Հայաստանում, որը կամ ազգակցական-բարեկամական կապ չունենար իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, կամ հենց ինքը իշխանության ներկայացուցիչ չլիներ։

Գոնե մեկ օրինակ հնարավոր չէ բերել։ Միայն դա հնարավոր կլինի բերել այն դեպքում, երբ կա արտասահմանյան բիզնես ներկայացուցիչներ, բայց նրանք էլ անպայման իշխանության հետ պետք է ունենային կոռուպցիոն համաձայնություն, եթե չլիներ միջազգային կազմակերպությունների կամ պետությունների քաղաքական հովանավորությունը։

Այնպես որ, երբ Ռոբերտ Քոչարյանը ասում է, թե իր որդիները հաջողակ բիզնեսմեններ են, կամ Սաշիկ Սարգսյանը, բոլոր ՀՀԿ գործարար պատգամավորները կամ ՀՅԴ պատգամավորները կամ նրանց որդիները և հարազատները «զարմանալիորեն» հաջողակ բիզնեսմեններ են դառնում, այս փաստն արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ առանց իշխանության հովանավորության հաջողակ լինել չէին կարող պարոն Սարգսյան և պարոնայք, որոնք հիմա փորձում են չքմեղանալ։

Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք գիտակցաբար մոռացության են տալիս այդ պարզ փաստը։ Չէր կարող Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը բիզնեսում լինել հաջողակ, թե՛ դրսում, թե՛ ներսում, եթե չունենար իշխանության հովանավորությունը։ Իսկ դրսում բիզնես դնելու կամ գործարարությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գումարներ, իսկ այդ գումարները ձեռք են բերել Հայաստանում տարբեր կոռուպցիոն սխեմաներով։ Հարցը միայն այն չէ, որ բյուջեից են գողացել։

Իսկ արագաչափերի ու տեսախցիկների գումարներն ո՞ւր էին գնում։ Կոռուպցիոն սխեմաները վերաբերում էին ոչ միայն բյուջեի միջոցների մսխմանը կամ տիրապետման հաշվին, այլ նաև հարկային պարտավորությունների չկատարմանը։

- Փաստորեն այս հայտարարությունը Սաշիկ Սարգսյանի կողմից արդարանալու փո՞րձ էր։ Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին դիմելն ի՞նչ նպատակ էր հետապնդում, ինչո՞ւ այսքան տարվա մեջ առաջին անգամ որոշեց հանրային արձագանք հնչեցնել։

- Անկեղծ ասած, ինձ զարմացրեց այդ գրագետ տեքստը, որ նա իբր գրել էր։ Ես հաստատ կարող եմ ասել, որ նա չէր կարող այդպես շարադրել մտքերը։ Երկրորդ՝ հրապարակային հանդես գալու նման համարձակությունը ես պայմանավորում եմ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման փաստով։

Մարդիկ, կարծես թե ոգևորվել են, մտածում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավական նեղ վիճակում է, և կարող են իրենց թույլ տալ նման հաբռգած տեքստով հանդես գալու։ Ես կարծում եմ՝ նրանք չարաչար սխալվել են։ Այն, ինչ տեղի է ունեցել, նկատի ունեմ անհամաչափ հարստություն դիզելը, եղել է մեր բոլորի աչքի առջև։

- Կարծում եք՝ Սաշիկ Սարգսյանն այդ փողերը պետք է վերադարձնի՞ պետական բյուջե։

- Ես կարծում եմ, որ նա պետք է հստակ հիմնավորի այդ գումարների առաջացման, ծագման օրինաչափությունը, օրինականությունը։ Հակառակ պարագայում պետք է լուրջ քննություն իրականացվի այդ գումարների ձեռքբերման հիմնավորվածության ուղղությամբ։

Օդից գումարներ չեն առաջանում, և Հայաստանի նման սահմանափակ տնտեսական, շուկայական պայմաններում դրանք չէին կարող առողջ մրցակցության պայմաններում առաջանալ։

- Փաշինյանը նաև հայտարարել էր, որ օլիգարխների ու պաշտոնատար անձանց թիկնազորի անդամներին պետք է «ասֆալտին պառկացնել»։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս բառապաշարը։

- Նման բառապաշար ես չեմ ընդունում։ Ես լավ հասկանում եմ տվյալ պահին քաղաքական խոսքի, տվյալ պահին էմոցիաների պատճառները, որ ոտնձգություն կատարեցին հեռախոսազրույցի գաղտնիության նկատմամբ։ Այդուհանդերձ, ես չեմ ընդունում ո՛չ ռեյդ հասկացությունը, ո՛չ հրապարակային պահանջները, որ պետք է այդ փողերը վերադարձնել։

Ես կարծում եմ, որ պետք է թեկուզ դժվարությամբ, թեկուզ ժամանակատար լինի, թեկուզ հասարակությունը օր առաջ ուզում է տեսնել արդարադատության վերականգնումը, բայց սա այն դեպքն է, երբ ասում են՝ մի հիմար քարը գցեց ջրհորը, տասը խելոք չկարողացան հանել։

medialab.am

views: 955

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color