Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Բիոլաբորատորիաները ՀՀ սեփականությունն են. պետք է բացառել դրանց վրա ռուսական վերահսկողությունը

June 15, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի և ՌԴ-ի միջև կենսաբանական լաբորատորիաներին վերաբերող հուշագրի հարցը միջգերատեսչական համաձայնությունների փուլում է։ Այդ մասին հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Գործընթացը ներկայում դադարեցված է՝ կապված համաճարակային իրադրության հետ։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, մենք հուշագրի շուրջ մեր հայ գործընկերների հետ բանակցությունների շուտափույթ ավարտի և համաձայնեցման հույս ունենք»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ համաձայնագրի հարցի լուծումը բարերար կազդի Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական, համաճարակային վիճակի վրա:

 
 

Դեսպանի հավելումը, սակայն, բավականին տարօրինակ է, քանի որ հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ այդ լաբորատորիաները հայկական են, վերակառուցվել են ԱՄՆ աջակցությամբ, այնտեղ աշխատելու են բացառապես հայ մասնագետներ։

 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ դեսպանի այդ ակնարկը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն ամեն դեպքում չի հրաժարվում հայկական բիոլաբորատորիաների վրա իր վերահսկողության սահմանելու մտքից։ «Բայց դեսպանը չարաչար սխալվում է իր ակնկալիքների մեջ։

 
 

Դեսպանի կողմից բարձրացված հարցին հայկական կողմից բազմիցս համապարփակ և սպառիչ, հոդաբաշխ ձևով, բանավոր և գրավոր բացատրել են։ Պարոն դեսպանը ճիշտ կանի Google-ով որոնի այդ հայտարարությունները և ստանա իրեն հուզող հարցերի բոլոր պատասխանները, եթե միանգամից իր համար դժվար է հասկանալը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը՝ հավելելով. «Այո, իրենք ցանկանում են բիոլաբորատորիաները վերցնել իրենց հսկողության տակ։ Մինչդեռ դրանք ՀՀ սեփականությունն են։ Ռուսաստանը ուզում է ամեն ինչ անել Հայաստանում սուվերենությունը մինիմալիզացնելու համար, սակայն Հայաստանը դա իրենց թույլ չի տա։ Թող պարոն դեսպանն ավելորդ երազանքների մեջ չընկնի»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ դեսպանի ակնարկները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ԱՄՆ աջակցությամբ վերակառուցված հայկական բիոլաբորատորիաները իրենց վերահսկողության տակ վերցնելու Ռուսաստանի նկրտումները դեռևս պահպանվում են։ Ավելին, դա ոչ թե նկրտում է, այլ ուղղակի ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։ Սաքունցը, սակայն, հարկ է համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանին հիշեցնել, որ սա որևէ ինքնիշխան պետությունների հարաբերությունների կոնտեքստում չտեղավորվող հարց է։ «Բայց սա ակնհայտ գործիքներից մեկն է, որ Կրեմլը՝ հանձինս պուտինյան ռեժիմի, կիրառում է հետխորհրդային տարածաշրջանի պետությունների նկատմամբ քաղաքական վերահսկողությունը ձևավորելու նպատակով, որը անթույլատրելի է։ Դա անթույլատրելի է նաև մեկ այլ պետության հետ միջպետական հարաբերությունների տեսակետից։ Ուզում եմ հիշեցնել, որ վարչապետը ժամանակին հայտնել է, որ որևէ պետության հետ հարաբերությունները չպետք է կարգավորվեն մեկ այլ պետության հետ հարաբերություններով։ Իսկ հայկական բիոլաբորատորիաների վերազինման համար միջոցները տրամադրել է ԱՄՆ-ն։ Սա Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակում է եղել, որը չպետք է առնչություն ունենա հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Այն, որ Կրեմլը ունի նման նկրտումներ և հետխորհրդային պետությունների ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ է իրականացնում, դա պարզ է։ Դա պայմանավորված է պուտինյան ռեժիմի բնույթով և տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Եթե բիոլաբորատորիաները չլինեին, ապա ռուսական կողմը մի ուրիշ առիթ կփնտրեր իր հիբրիդային պատերազմն իրականացնելու համար»,- ասաց Սաքունցը՝ ընդգծելով, որ այստեղ գալիս է արդեն Հայաստանի իշխանությունների հարցը։ ՀՀ իշխանությունները չպետք է թույլ տան, որ ՌԴ-ն որևէ ոտնձգություն թույլ տա թե՛ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, թե՛ ՀՀ-ի ու մեկ այլ պետության հետ հարաբերությունների նկատմամբ։

 

Մեր դիտարկմանը՝ հայկական ատոմակայանի վերանորոգման համար ռուսական վարկից հրաժարվելու ՀՀ կառավարության որոշումը հույս ներշնչո՞ւմ է, որ Հայաստանն այլևս ՀՀ ինքնիշխանությունը ամրապնդելու կոնկրետ քայլեր է կատարում, Սաքունցը պատասխանեց, որ դա կարևոր հարց էր։ Եվ, այո, ռուսական վարկից հրաժարվելն ու դա մեր միջոցներով իրականացնելը ողջունելի է, բայց դա ունի նաև մեկ այլ դրսևորում։ Վարկից հրաժարվելը, ըստ մեր զրուցակցի, մեծապես պայմանավորված է ՀՀ իշխանությունների որդեգրած այն դիրքորոշմամբ, որ միջազգային համագործակցությունը չի դիտարկվում որպես կարևոր ռեսուրս պետության զարգացման համար։

 

Դրանից զատ, սակայն, հենց ատոմակայանի օրինակով Սաքունցը նշեց, որ, օրինակ, ատոմակայանի միջուկային ռեակտորների վերաբերյալ գոյություն ունի ՄԱԳԱՏԷ-ի ֆորմատը, որը մշտադիտարկում է իրականացնում և դա միջազգային կոնվենցիայի շրջանակում է, սակայն հայկական բիոլաբորատորիաների հետ կապված նման մեխանիզմ, հնարավորություն չկա, նախ՝ քանի որ այդ լաբորատորիաներում բիոլոգիական զենք կամ նման այլ բաներ չեն պատրաստվում։ Այնտեղ միայն հակահամաճարակային իրավիճակի հետ կապված հետազոտություններ են կատարվելու։ Հետևաբար՝ անթույլատրելի է, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ իր բարդ հարաբերությունները արտապատճենում է ԱՄՆ-ի հետ համագործակցություն ունեցող Հայաստանի վրա։ Ավելին, դա կարող է հանգեցնել նաև հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի մտահոգությունների։ Եթե Հայաստանը գնա որևէ զիջման այս հարցում, դա կնշանակի, որ Հայաստանը կկորցնի իր դեմքը՝ որպես վստահելի գործընկերոջ։

 

Այս ամենից էլ զատ, Սաքունցը, անդրադառնալով հայաստանյան բիոլաբորատորիաների վրա Ռուսաստանի վերահսկողություն սահմանելու ձգտումներին, ռուսական կողմին հիշեցնում է, որ առ այսօր չկա որևէ իրական և արդյունավետ վերահսկողություն ՀՀ տարածքում գործող ռուսական բազաների նկատմամբ։ «Այնտեղ, որտեղ կա իրական վերահսկողության անհրաժեշտություն, որտեղ կա զենք և այդ զինված կառույցը գտնվում է քո տարածքում, թեկուզ միջպետական պայմանագրերով, սակայն հենց նույն պայմանագրերով չի սահմանվում մշտադիտարկում զենք ունեցող հաստատության նկատմամբ։ Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններում որպես օրակարգային հարց պետք է դնի հենց այս խնդիրը։ Բացի դրանից՝ ռուսական կողմը բացարձակ որևէ լումա չի վճարում բազայի տարածքի համար։ Այսինքն՝ մի տեղում, որի համար վճարել է ԱՄՆ-ն, թույլ ենք տալիս ռուսական կողմի ներկայություն, կամ թույլ ենք տալիս, որ իրենք հարց բարձրացնեն՝ վերահսկել այն, իսկ այնտեղ, որտեղ մենք ենք վճարում փաստացի, դրա նկատմամբ որևէ վերահսկողության գործիք չունենք։ Սակայն պարզ է, որ հարաբերությունների նման ասիմետրիկ վիճակը մեկ օրում չի ձևավորվել։ Այն ձևավորվել է նախորդ ռեժիմի ժամանակ, որը հիմա մենք ժառանգել ենք»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ վատ ժառանգության հետևանքները, պատճառները վերացնեն։

 

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը վերջերս կրկին անդրադարձել էր բիոլաբորատորիաների հարցին և ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: «Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է: ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։

 
views: 482

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color