Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ողբերգության մասշտաբները պահանջում են թափանցիկ տեղեկություն սեփականատերերի ու մենեջերների հարցաքննության վերաբերյալ

August 17, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները:Ըստ հաղորդագրության,. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:Նախաքննությունը շարունակվում է:

 

Պարզվում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից փլված 3500 քմ-անոց երկհարկանի շենքը՝ կահավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով ու հակածխային պաշտպանության համակարգով,հանրային սննդի օբյեկտները հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր չեն ունեցել, եղածներն էլ չեն աշխատել,շինություններում կրակմարիչներ չեն եղել,դռները դեպի դուրս չեն բացվել,հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով անցկացված են եղել օդային էլեկտրագծեր,շինարարական հիմնատարրերը պատված չեն եղել հրապաշտպան լուծույթով,կրպակաշարերը, տաղավարները տեղակայված են եղել շենքից 8մ-ից պակաս հեռավորության վրա,արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում հակահրդեհային ջրավազան չի եղել,շենքերում չեն եղել հրշեջ ծորակներ` ներքին հակահրդեհային ջրացանցով։

 

Սրանք հակահրդեհային կանոնների այն բոլոր խախտումներն են, որոնց մասին ո՛չ «Սուրմալուում» աշխատող առևտրականները, ո՛չ այստեղ այցելող հազարավոր քաղաքացիները տեղյակ չէին ու պարտավոր էլ չէին տեղյակ լինել։

 

Փոխարենը այս ամենի մասին առնվազն 1.5 տարի տարի առաջ իմացել են քաղաքացիների հրդեհային անվտանգության համար պատասխանատու կառույցի աշխատակիցները։ Իմացել են, կազմել են արձանագրություն, տուգանքի որոշում կայացրել և այդքանով սահմանափակվել։

 

Խորհրդային տարիներին Երևանի Արշակունյաց 15 հասցեում աշխատած գործարանը ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես արտադրական շատ այլ տարածքներ, մասնավորեցվել ու դարձել էր  միլիոնների եկամուտ բերող տոնավաճառ։

 

Առևտրի կենտրոնի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը։ Առ այս պահը ո՛չ նա ո՛չ էլ այլ անձ բացատրությամբ հանդես չեն եկել, նույնսիկ ցավակցական խոսքեր չի հղել մահացածների հարազատներին։ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողներին ասել է, որ իրենք հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկին․«Մենք աշխատում ենք կամ բաժնետիրոջ կամ համասեփականատիրոջ հետ, ով տեղանքին ամբողջությամբ ծանոթ է։

 

Քանի որ նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ զննում և որոնողափրկարարական աշխատանքներ կատարել», – ասել է նախարարը՝ չհստակեցնելով սեփականատիրոջ անունը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ տեղի ունեցած ողբերգության մասշտաբներն ու ենթադրյալ պատճառները պահանջում են շատ ավելի օպերատիվ տեղեկության ներկայացում հանրությանը․ «Հաշվի առնելով, որ զուգահեռ տեղի ունեցան թե՛ շահարկումներ և թե՛ ապատեղեկատվության տարածում, օբյեկտիվ և նույնիսկ ամենօրյա տեղեկատվության տարածումն առավել, քան պահանջված է հանրային իրազեկման ապահովման համար։ Ի վերջո տարատեսակ կեղծ տեղեկությունների տարածման պայմաններում, հանրությունը պետք է իմանա կոնկրետ արդյունքներ՝ տեղի ունեցածի հիման վրա հարուցված քրեական գործի ընթացքի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ Սաքունցի՝  «Սուրմալու» առևտրի կենտրոնը ոչ միայն զուտ տարածք է, այլ իրավաբանական կարգավիճակ ունեցող մի հաստատություն, որն ունի թե՛ սեփականատերեր և թե՛ կառավարողներ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում այդ տարածքում գործունեության իրականացման, անվտանգային բոլոր միջոցառումները ըստ օրենքի սահմանելու և  իրականացնելու ու վերահսկելու համար․ «Տարածքը տված չէ միայն այն բանի համար, որ վարձակալության գումարները հավաքեն ու վերջ։ Թե այնտեղ ինչ տեղի կունենա ևս իրենց պատասխանատվության շրջանակներում է։ Տարածքում պահվող,պահեստավորվող ու վաճառվող իրերի անվտանգային պահանջներին համապատասխան պայմաններում պահելու հարցերում ևս պետք է պատասխանատուներ լինեն։ Ստացվում է, որ հրդեհը բռնկվել է, իսկ այնտեղ հակահրդեհային սարքեր չեն եղել, այն դեպքում, երբ դա պետք է ԱԻՆ-ի հսկողության ներքո լիներ։ Պետք է ոչ միայն պահանջներ ներկայացվեին, այլ հետևողական լինեին, որ դրանք կատարվեին։ Միայն արձանագրումները բավարար չեն, պետք է նաև կատարում լինի։ Բոլոր առևտրի մեծ կենտրոններում հակահրդեհային կանոնները պետք է լինեն պատշաճ մակարդակի՝ հատկապես այս եղանակային ֆոնի վրա։ Արտակարգ բարձր ջերմաստիճանային ֆոնը պահանջում էր արտակարգ վերահսկողություն  կանոնների պահպանման ուղղությամբ»։

 

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ երբ քննչական մարմինը քրեական գործ է հարուցում փաստի առիթով, բայց անհասցե՝ առաջանում են մի շարք հարցեր․ «Ի վերջո հարցաքննվել են սեփականատերերը, մենեջերները և դրանց մասին բոլորը գիտեն։ Ամեն ամիս, եթե ոչ ամեն օր մարդիկ վճարել են տարածքի համար, ամեն մեկը չէր կարող իր համար հակահրդեհային միջոցներ սահմանել, դա պետք է արվեր  բյուջեի, եկամուտների հաշվին, որն առևտրի կենտրոնի շահագործման ժամանակ են ձեռք բերում։ Այդ բոլոր հարցերը պետք է քննության առարկա  դառնան և այդ գործողությունների վերաբերյալ պետք է լինի հստակ տեղեկություն։ Էլ չեմ խոսում տարրական մի բանի մասին։ Հաստատ տեսախցիկներ եղել են, քննության գաղտնիությունը չի խաթարվելու, եթե ներկայացվի գործողությունների որոշակի ցանկ, թե ինչն է ուսումնասիրվում, ովքեր են հարցաքննվելու, ովքեր են կասկածյալները։ Պատասխանատուն պարզ է։ Ընդհանուր իրավիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող պատասխանատու անձինք պետք է լինեն։ Սա տիպիկ օրինակ է, որ իրավապահ մարմինը՝ հանձինս քննչական կոմիտեի ինչպես չպետք է կոմունիկացվի հասարակության հետ։ Ընդհակառակը պետք է շատ ավելի պրոակտիվ լինեն ու բավարարի հասարակության բնական ու օբյեկտիվ պահանջը՝ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն ստանալու հետ կապված։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ քննչական մարմինը պետք է այս ամենի վերաբերյալ տեղեկություններ հաղորդի»,-եզրափակեց նա։

 

1in.am

views: 65

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color