Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Նման կարևորության փաստաթղթերի անհետացումը չի կարող պատահականություն լինել. Նարեկ Բաբայանի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին»

August 4, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը օրերս քննարկում էր կազմակերպել «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության շուրջ: Այս հետազոտությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր գործարքներին:

 

Քննարկմանը մասնակից պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ մինչև 2011 թվականը կատարված պետական գույքի մասնավորեցման մասին տեղեկությունները քիչ են կամ թերի են, քանի որ գրանցամատյաններն ու բազան չկան: Պետգույքի կառավարման այն ժամանակվա վարչությունը 2011 թվականից է սկսել պետական գույքի վերաբերյալ բազա վարել, և ինչպես Նարեկ Բաբայանն ասաց, ահռելի ծավալի տեղեկատվություն կամ բացակայում է, կամ արխիվներում է, և շատ կարևոր, արժեքավոր տեղեկատվություն նույնիսկ արխիվների հատորներից բացակայում են:

 

Բաբայանը հիշեցրեց՝ նախկինում պետական գույքը մասնավորեցվել է առանց պայմանագրային պարտավորությունների, ուղղակի վաճառքով կամ նախապես հայտնի անձանց, ինչը, ըստ նրա, պետգույքի կառավարման տեսակետից խնդրահարույց է:

 

1995-2005 թվականներին օտարվել են արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտի 1500-ից ավելի խոշոր օբյեկտներ: Մասնավորեցման ենթակա խոշոր ձեռնարկությունները գնահատվել են հաշվեկշռային մեթոդով, որը ևս, Բաբայանի խոսքերով,   խնդրահարույց է, քանի որ իրական արժեքից թերագնահատված է եղել:

 

Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը հայտնեց նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ պետական գույքը աճուրդով շատ էժան ձեռք է բերվել, հետո այն ավելի բարձր գնով վաճառվել է, և առաջնային գնորդն է մեծ եկամուտներ ստացել, այլ ոչ թե պետությունը:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ նման կարևորության փաստաթղթերի անհետացումը որևէ պարագայում չի կարող պատահականություն լինել: Նա այստեղ միտում է տեսնում ու շեշտում, որ Նարեկ Բաբայանի վերոնշյալ  հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին:

 

«Նարեկ Բաբայանի հայտարարությունն արդեն իսկ հիմք է առնվազն ծառայողական քննություն սկսելու, եթե, իհարկե, չասենք, որ հիմնավոր կասկածներ կան, որ  արխիվային այդ նյութերը դիտավորյալ են  ոչնչացվել կամ դիտավորյալ չեն պահպանվել:

 

Սրան զուգահեռ նշվում է նաև, որ պետական գույքի մասնավորեցման այնպիսի դեպքեր են եղել, երբ շուկայական գնից անհամեմատ մատչելի գնով է օտարվել պետական գույքը և ձեռք բերողը ակնհայտ ձևով իրացրել է դա. սա հենց հաղորդում է հանցագործության մասին: Այսինքն՝ սրա շուրջ  պետք է ոչ թե մեկ էպիզոդով կամ մեկ հիմքով քրեական գործ հարուցվի, այլ ընդհանրապես պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ ամբողջ փաստաթղթային փաթեթի տիրապետման ու  կառավարման հետ կապված քրեական գործ հարուցվի՝ ելնելով այն հիմնավոր կասկածներից, որ դրանք առնչվել են այնպիսի որոշումների կամ գործողությունների, որոնց հիմքում կան հանցավոր արարքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արթուր Սաքունցն ու միևնույն ժամանակ նկատեց նաև, որ, ընդհանուր առմամբ, արխիվի հետ կապված աշխատանքն ու դրա կարևորությունը նոր իշխանությունների կողմից պատշաճ ձևով չի գիտակցվում:

 

Այս համատեքստում նա հիշեցրեց  ԱԱԾ-ին առնչվող արխիվային որոշ փաստաթղթերի անհետացման մասին դեպքը, որի մասին դեռևս նախորդ տարի հայտարարել էր Արթուր Վանեցյանը, երբ դեռ ԱԱԾ տնօրեն էր:

 

«Առ այսօր մենք այդպես էլ, ի վերջո, չիմացանք, թե արդյոք քննություն իրականացվեց այս մասով, թե ոչ. առնվազն գոնե քրեական գործ պետք է հարուցվեր, որովհետև ԱԱԾ-ին առնչվող փաստաթղթերն այնպիսի նշանակության փաստաթղթեր են, որոնց կորուստը կամ ոչնչացումը կարող է իրապես վնաս հասցնել ազգային անվտանգությանը:

 

Մինչ այսօր այդպես էլ  հանրությանը չտրամադրվեց տեղեկատվություն, թե այդ փաստաթղթերը ո՞ւմ ձեռքին են եղել, ո՞ւմ ձեռամբ են կորել, ինչպե՞ս են դուրս ոչնչացվել, այս ընթացքում ի՞նչ է արվել դրանք վերականգնելու ուղղությամբ կամ ընդհանրապես ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են այս մասով, հնարավո՞ր է ինչ-որ բաներ վերականգնել, թե՞ այլևս ոչ  և այլն և այլն, այսինքն՝ սրանք այնպիսի հարցեր են, որոնք էական նշանակություն ունեն և որոնց  մասին պետք է իմանանք, որովհետև  կորած այդ փաստաթղթերը գուցե առնչվում են մարդկության դեմ ուղղված հանցագործության կամ ազգային անվտանգության բնույթի այլ կարևոր հարցի:

 

Հիմա նույնը վերաբերում է նաև պետական գույքին, դրա հատկապես օտարմանն ու մասնավորեցմանն առնչվող փաստաթղթերի նկատմամբ պետք է չափազանց ուշադիր լինենք,  դրանց կորուստը չի կարող անհետևանք մնալ՝ հաշվի առնելով, որ մենք տարիներ շարունակ գործ ենք ունեցել համակարգային կոռուպցիայի հետ: Ուստի, բնական  և հիմնավոր են այն կասկածները, որ այդ փաստաթղթերում կարող էին արձանագրված լինել  հանցավոր բազմաթիվ գործողություններ: Այստեղ խնդիրը  կայանում է նրանում, թե գիտակցվում է արդյոք այս ամենի լրջությունը, իրավապահ մարմինների կողմից պատշաճ ջանքեր գործադրվում են կամ համապատասխան հանձնարարականներ տրվում են  այս ուղղությամբ նյութեր նախապատրաստելու, դրանց անհետացման հետ առնչություն ունեցող անձի կամ անձանց հայտնաբերելու, այդ փաստաթղթերը վերականգնելու համար, թե ոչ: Այս ամենի վերաբերյալ, ցավոք սրտի,  որևէ տեղեկություն չունենք»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 

Հարցին՝ եթե պետական պաշտոնյաների մակարդակով արխիվային նման փաստաթղթերի կորստի վերաբերյալ հայտարարություններ են հնչում, սակայն իրավական որևէ գործընթաց դրան չի հաջողում, ապա սա ինչի՞ մասին է վկայում, Սաքունցը պատասխանեց.

 

«Շատ ճիշտ և տեղին հարց է, որովհետև պաշտոնյաները, իրականում,  պետք է հայտնեն այդ փաստաթղթերի ոչ միայն կորստի մասին, այլ նաև դրանց անհետանալու  առնչությամբ  նախաձեռնված իրավական գործընթացների մասին, առնվազն ծառայողական քննությունն իրականացնելու մասին, սակայն այս մասով, ցավոք, դեռևս  որևէ խոսք չկա, որևէ հայտարարություն չկա: Հետևաբար, այստեղ վերստին անդրադառնում եմ իշխանությունների կողմից արխիվային փաստաթղթերի նշանակության վերաբերյալ ոչ պատշաճ գիտակցմանը, մինչդեռ դրանք համակարգային կոռուպցիայի  դրսևորման  արտացոլանքներն են, արձանագրումներն են: Այնպես որ իշխանություններից պետք է հարցնել ու պահանջել, թե ինչու չեն  ձեռնարկում անհրաժեշտ գործողությունները»:

 

1in.am

views: 392

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color