Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Վանեցյանին լրջագույն մեղադրանք է ուղղվում. պարոն Հակոբյանը այդ հարցերը պետք է տար հենց ԱԱԾ-ին

May 2, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաև վարչապետ Փաշինյանի աներորդին է,  ուշագրավ ֆեյսբուքյան գրառում է արել՝ կապված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես, անդրադառնալով Արցախի բանակցության բովանդակության վերաբերյալ վարչապետ Փաշինյանին ուղղված նրա հարցին՝ Հրաչյա Հակոբյանը գրել է, որ գալիս է նաև Վանեցյանին հարցերի ժամանակը: Մասնավորապես, պատգամավորը խոսում է այն մասին, որ վարչապետը Վանեցյանին կարող էր պաշտոնանկ արած լինել օտարերկրյա պետությունից Վանեցյանի հավաքագրված լինելու պատճառով։ Իր իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Վանեցյանը պաշտոնանկ եղել, ոչ թե ձերբակալվել հավաքագրված լինելու պատճառով, Հրաչյա Հակոբյանը ինքն էլ պատասխանում է, որ ձերբակալում են, երբ տվյալ հավաքագրող պետության հետ գնում են հարաբերություն փչացնելու, իսկ այլ կերպ ուղղակի չեզոքացնում են հավաքագրվածին: Պատգամավորը նշել է, թե Հայաստանը չի պատրաստվում որևէ պետության հետ հարաբերություն փչացնել:

 
 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ նման հրապարակային հարցադրումներ պետք է անի ոչ թե ԱԺ պատգամավորը, այլ նման լուրջ  ահազանգերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն. «Եթե պարոն Հակոբյանն ունի նման հարցադրումներ, դրանք պետք է տրվեին ավելի շուտ, ոչ թե նման իրավիճակում, երբ Վանեցյանի կողմից ակտիվություն է  դրսևորվում։ Անկախ  նրանից՝ այդ ակտիվությունը կլիներ, թե ոչ՝ այդ հարցադրումները պետք է  ուղարկվեին Ազգային անվտանգության ծառայությանը»:

 

Ըստ Սաքունցի՝ խնդիրն այստեղ շատ խորքային է. «Ես ավելի շատ հարցն ուղղում եմ քաղաքական իշխանությանը՝ ինքը տեղյա՞կ է, թե ինչով է զբաղվում Ազգային անվտանգության ծառայությունն ընդհանրապես։ ԱԱԾ-ի համար ո՞ր գործոններն են համարվում մարտահրավեր Հայաստանի Հանրապետությանը։ Ես առիթ ունեցել եմ բազմիցս ներկայացնելու, որ Ռուսաստանի Դաշնության, պուտինյան ռեժիմի կարևոր օղակներից մեկը՝ ՖՍԲ-ն, մինչև հիմա ԱԱԾ-ի կողմից չի դիտարկվում որպես մարտահրավեր մեր ազգային անվտանգության ծառայությանը։ Ի դեպ՝ հանրային պատկերացումներում սովորաբար օգտագործում էին ամերիկյան լրտեսներ, ադրբեջանական լրտեսներ, թուրքական, եվրոպական լրտեսներ հասկացությունը։ Ռուսական լրտեսներ հասկացությունը չկար, և ես պնդում եմ, որ դա պայմանավորված էր նրանով, որ ԱԱԾ-ն չի համարում, որ Հայաստանում գոյություն ունեն ռուսական ՖՍԲ-ի լրտեսներ։ Հանրային տիրույթում տեղեկատվության արտահոսքի աղբյուրներից մեկը հենց ԱԱԾ-ն է՝ իր գործակալների ու ագենտուրայի միջոցով։ Ես չգիտեմ՝ Հրաչ Հակոբյանը խորհրդակցե՞լ է քաղաքական իշխանության հետ։ Հարց ենք տալիս՝ քաղաքական իշխանությունը տեղյա՞կ է, թե ԱԱԾ-ի համար ո՞ր գործոններն են առաջնահերթ դիտարկվում որպես Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության մարտահրավերներ, և ի՞նչ ուղղությամբ են աշխատում. դա պատահական հարց չէ։ Չիրազեկվածության կամ անտեղյակության պարագայում Հրաչ Հակոբյանի ասածը լիովին տեղավորվում է տրամաբանության մեջ։ Հակառակ պարագայում Հրաչ Հակոբյանը նման բան չէր ասի, այլ արդեն իսկ այդ հարցադրումների ուղղությամբ գործողություններ կատարված կլինեին»։

 

Մեր զրուցակիցը նշեց՝ հանրությանը պետք է հիշեցնի, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ՖՍԲ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Լիտվինենկոն իր  հուշերում ուղղակի մեղադրում էր ռուսական կողմին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություններին աջակցելու կամ մասնակցելու մեջ. «Մինչ օրս մեր ԱԱԾ-ն բացարձակապես մատը մատին չի խփել հենց ՖՍԲ-ի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված այդ հանգամանքի բացահայտման և իրականացման ուղղությամբ։ Դուք գիտեք, որ Հոկտեմբերի 27-ի զոհվածների իրավահաջորդները դիմել են, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարվի, բայց նույն Վանեցյանը կատարե՞լ է այդ աշխատանքը, կամ  նախորդները կատարե՞լ են, ներկաները կատարո՞ւմ են՝ խորը կասկած ունեմ։ Խնդիրն ավելի շատ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության՝ իր տեղում գտնվելու հարցերին, որը չպետք է  լինի որևէ պատգամավորի գործունեության տիրույթում։ Հակառակը՝ պառլամենտական վերահսկողության տեսանկյունից պատգամավորը պետք է դիմի ԱԱԾ-ին տեղեկատվություն ստանալու համար ու հետո նոր դրանց հիման վրա տա մեկնաբանություններ։ Իսկ ավելի շատ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պատգամավորը հնչեցնում է հարցեր, որոնց վերաբերյալ մինչ օրս ԱԱԾ-ի կողմից չկան պատասխաններ։ Այստեղ անելիք ունի նաև քաղաքական ընդդիմությունը, որը բերանը ջուրն առած նստած է»։

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Վանեցյանին ուղղված մեղադրանքը չափազանց լուրջ է, և  եթե այն իրականությանը չի համապատասխանում, ԱԱԾ նախկին տնօրենը դա պետք է դատարանով ապացուցի: «Իսկ ընդհանրապես ԱԱԾ-ի պորտալարը որտե՞ղ է, երևի պատգամավորը մի բան գիտի, որ ասում է։ Տեղեկությունն, իհարկե, ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել։ Բայց դա լրջագույն սկանդալ է, որը պետք է դատարանում պարզաբանվի։ Վանեցյանը հեղափոխության արդյունքով եկավ իշխանության, որտեղ օրենքի պաշտպանությունը դարձավ գերնպատակ։ Հիմա եթե նա դատարան չդիմի՝ կասկածը կմնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Շիրինյանի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ն նախկին ԿԳԲ-ն է. «Եվ հիմա իրենք պետք է ասեն՝ պորտալարը կտրվա՞ծ է, թե՞ ոչ։ Ավելի կարևոր բան էլ կա՝ իրեն մեղադրում են նաև սեփականություն շորթելու հարցում։ Դա ճի՞շտ է, այդ հարցի պատասխանը ևս պետք է տրվի։ Երբ այդ երկու հարցերը պարզաբանվեն, մենք կունենանք պատկերացում, թե ինչ է կատարվել ԱԱԾ-ում տարիներ շարունակ։ Մի ժամանակ ԱԱԾ-ի պետը Դավիթ Շահնազարյանն էր, այս մեկը նույնպես պետ էր, Եղիազարյան Գուրգենը՝ պետի տեղակալ, Գառնիկ Իսագուլյանն ու մնացածը ինչո՞վ են զբաղվել այնտեղ։ Խայտառակություն է, ով դուրս է գալիս համակարգից,  պարզվում է՝ չգիտես ինչով է զբաղվել։ Հետո՝ ՀՀ իշխանությունն ինչո՞ւ չի հրապարակում, թե ով է եղել իր Ազգային անվտանգության ծառայության պետը։ Հիմա Քոչարյանն էլ ամեն ինչ անում է, որ դատարան չմտնի։ Բա եղա՞վ, բա տղամարդ  չե՞ք, մտեք դատարան ու ապացուցեք ձեր անմեղությունը կամ մեղավորությունը»։

 

1in.am

views: 340

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color