Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Եթե եղել է այնպիսի որոշում, որի վրա հրամանատարները որևէ կերպ չէին կարող ազդել, պետք է այստեղ հարց բարձրացնել

February 4, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երեկ Արցախի զորամասերից մեկում հերթական դեպքն է գրանցվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։

 

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց վերջերս իրենց կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ 2010-19թթ. ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահացության 633 դեպք, որից հրադադարի ռեժիմի խախտումները 249-ն են, ինքնասպանություն՝ 89, տարբեր պատճառներով սպանություններ՝ 72, և այլն: Իրավապաշտպանի համար առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ պաշտոնական հրապարակումներով այս թվերն ավելի քիչ են, մինչդեռ իրենց հրապարակած թվերի տարբերությունը շատ մեծ է:

 

«Փաստորեն կան դեպքեր, որոնք չեն էլ հրապարակվում: Շատ քիչ դեպքերում է, որ մեր և պաշտոնական տվյալները համընկնում են: Յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ քննության ենթարկվի, և պատճառները բացահայտվեն»,- ասաց նա։

 

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցածին՝ Սաքունցը նշեց, որ պետք է պարզվի՝ ինչն է դրդել այդ քայլին. եթե եղել է այնպիսի որոշում, որի վրա հրամանատարները որևէ կերպ չէին կարող ազդել, պետք է այստեղ հարց բարձրացնել՝ ինչ աշխատանք է տարվել բացահայտելու, պարզելու զինվորի հոգեվիճակը, վերաբերմունքը զինվորական ծառայությանը, ինչ աշխատանքներ են տարվել նպաստելու կամ ուղղելու ուղղությամբ:

 

«Զենքով ինքնավնասումն այնպիսի գործողություն է, որի միտումը ծառայությունից խուսափելն է կամ հեռանալը: Սա հոգեբանի, հրամանատարի, անձնակազմի աշխատանք է պահանջում և ոչ թե միայն հրամաններ տալ: Պետք է պարզել՝ որոնք են դրդապատճառները, որ ստիպել են զինվորին այդ քայլին գնալու: Արդյոք այդ զինվորը գտնվե՞լ է ուշադրության կենտրոնում: Եթե չի գտնվել, ապա ինչո՞ւ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանը պիտի տա ՊՆ-ն:

 

Փաստաբան Նորայր Նորիկյանը տեղի ունեցածը ահազանգ և տագնապ է համարում։ Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ տեղի ունեցածը պետք է մտորելու առիթ տա։

 

«Պետք է դասեր քաղեն, բայց ես դա չեմ տեսնում: Դատելով երեկվա՝ մամուլում տարածված էլիտար զորամասի վերաբերյալ հաղորդագրությունից և ՊՆ-ի կողմից հրապարակված հայտարարության բովանդակությունից՝ ակնհայտ է, որ հասարակության և պաշտպանության բանակի վերնախավի պատկերացումները բացարձակապես չեն համապատասխանում միմյանց: Հակառակ ռեակցիան է՝ մի բան էլ իրենք են «մունաթ գալիս» հասարակության վրա, թե ինչեր են ասում, մեր ազնիվ, բարի համբավի հետ են խաղում: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք պայմանավորված են ոչ միայն բանակով: Օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ սա նաև հասարակության խնդիրն է: Կարծում եմ՝ հասարակությունն ինքն էլ պիտի գտնի միջոցներ այդ արատավոր բարքերը վերացնելու համար»,- հավելեց Նորիկյանը։

 

1in.am

views: 801

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color