Հունիսի 14-ին Հայաստանում թեժ էր։ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ և խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը, նաև ԲՀԿ մի շարք ներկայացուցիչների, ակտիվիստների տներում: Հարուցված է երկու քրգործ, մեկը վերաբերում է բիզնեսներին, մյուսը՝ ԲՀԿ նախընտրական ընտրակաշառքներին: Նախօրեին Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցի և Արթուր Սաքունցի հետ:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ անցյալին քաղաքական գնահատական չտալը, լյուստրացիա չանելը, անցումային արդարադատություն և վեթինգ չանելը հանգեցրեց այս իրավիճակին, որն անխուսափելի էր. «Բոլորս կանխատեսում էինք, որ այս վիճակն ուշ թե շուտ լինելու է. եթե համարժեք գնահատական չի տրվում և եթե միանձնյա ներումներ են շնորհվում այն մարդկանց, ովքեր իրականում ներման արժանի չեն, հետևանքը այսպիսին է լինում»:
Ակնհայտ է, որ Հայաստանում հերթական անգամ արտացոլվում են կապիտալի և քաղաքականության սերտաճածվածության համակարգային չլուծված խնդիրները, որոնք պարարտ հող են նախապատրաստում պարբերական ճգնաժամերի և գուցե նաև արտաքին միջամտությունների համար:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արթուր Սաքունցը նշեց, որ Հայաստանում բիզնեսի և քաղաքականության սերտաճման խնդիրը չէ, որն ավելի շատ բնորոշ է զարգացած, ժողովրդավարական համակարգերին. «Մեզ մոտ քաղաքականությունը քրեական համակարգերից ազատելու խնդիրն է, որի մասին բազմիցս խոսել ենք թե՛ նախորդ իշխանության ժամանակ, թե՛ ներկայումս՝ նշելով, որ քաղաքական և քրեական համակարգերի սերտաճվածությամբ է նաև պայմանավորված պետության զավթումը…
Պետության զավթմանն անմիջական մասնակցածները ոչ թե քննադատում են իշխանությանը օրակարգային խնդիրները չիրականացնելու համար, այլ օգտվում են ստեղծված իրավիճակից և փորձում են իրապես սաբոտաժ անել, խոչընդոտել իրավական և ժողովրդավարական պետության վերականգնումը…»:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ծառուկյանը պետության բռնազավթման օրգանական մասն է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է քաղաքական շահարկում դարձնել:
Մանրամասն՝ տեսանյութում: