2018 թվականի հեղափոխությունից հետո նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչներից գրեթե ոչ ոք ներկայումս անազատության մեջ չէ, և որևէ մեկի նկատմամբ չկա ուժի մեջ մտած դատական ակտ։ Հեղափոխությունից հետո կալանավորվածները հերթով հայտնվում են ազատության մեջ, իսկ նորերին դատաիրավական համակարգը «ձեռք չի տալիս»։ Վերջին թարմ դեպքերից էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի օրինակը։ Կա՛մ քննչական մարմիններն են այնքան թույլ մեղադրանք առաջադրում, որ այդ մեղադրանքը դատարանում փլուզվում է, կա՛մ դատարաններն են ինչ-որ պատճառ գտնում նախկին պաշտոնյաներին չկալանավորելու համար։ Օրինակ՝ Ծառուկյանի դեպքում փաստաբաններն ու իրավապաշտպանները փաստում էին, որ դատախազությունը այնքան զավեշտալի մեղադրանք էր ուղարկել դատարան, որ ոչ մի դատավոր չէր կարող դրա հիման վրա կալանքի որոշում կայացնել։
Ինչևէ, ամեն նոր օրինակով ակնհայտ է դառնում, որ, ինչպես պնդում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական համակարգը դիմադրում է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այս իրավիճակն է, քանի որ իշխանությունը հրաժարվեց քաղաքական գնահատական տալ պետության զավթմանը:
«Պետության զավթումը նշանակում է, որ պետական կառավարման բոլոր մարմինները, պետության բոլոր ռեսուրսները, մարդիկ և մարդկանց իրավունքները զավթված են եղել մի խմբի կողմից, որը ձևավորել էր կառավարման մի այնպիսի ոճ, որ բոլոր ռեսուրսները սպասարկեին իրենց խմբային, անձնային շահերը։ Այդ համակարգը եղել է կոռուպցիոն, և տիրել է անպատժելիություն։ Պետական կառավարման համակարգը ձևավորվել էր պետությունը զավթած ռեժիմի շահերը սպասարկելու համար։ Դատաիրավական և ուժային համակարգը ևս ձևավորվել էր նույն ռեժիմի քաղաքական շահերը սպասարկելու համար՝ քաղաքացիական, սոցիալական, տնտեսական իրավունքները սահմանափակելու, այլ կարծիքի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Էլ չենք խոսում քաղաքական հետապնդումների, բռնությունների, ունեզրկումների և այլնի մասին։ Հիմա, երբ որ դու չես գիտակցում պետության զավթման ամբողջ անատոմիան բովանդակությամբ, չես տալիս քաղաքական գնահատական, ապա չես կարող ունենալ ճիշտ ախտորոշում այն վիճակի, որը դու ստացել ես պետությունը բռնազավթածներին իշխանությունից հեռացնելուց հետո։ Բնականաբար չես կարող լուծել նաև այն խնդիրները, որոնք հետևանքն են եղել այդ պետության զավթման ժամանակաշրջանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ շատ տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ, միայն առանձին էպիզոդներով են քաղաքական գնահատականներ դուրս հորդում պատասխանատուների կողմից՝ թե պետական ապարատը սաբոտաժ է իրականացնում, դատական իշխանությունը սաբոտաժ է անում և այլն։ Բայց երբ այդ առանձին էպիզոդիկ գնահատականները չեն վերաճում ընդհանուր իմացության, գիտելիքի, ապա կանգնում ենք այն իրավիճակի առաջ, ինչ կա ներկայումս:
«Պետության զավթումը իրականացվել է ոչ թե առանձին անհատների պատահական, ինքնուրույն գործողությունների հետևանքով, այլ կազմակերպված քրեական խմբավորման կողմից։ Հետևաբար պատասխանատվությունը պետք է լինի ոչ թե անհատական, այլ խմբակային։ Բայց արի ու տես, որ այդ խմբակային պատասխանատվության ոչ մի նշույլ չկա։ Սերժ Սարգսյանը, օրինակ, դուրս է մնում մարտի 1-ի գործից, մինչդեռ նա պետք է առաջիններից մեկը ներգրավված լիներ այդ գործում՝ որպես պետության զավթում իրականացնող խմբի ներկայացուցիչ։ Երբ որ դու հատային ես մոտենում գործին, ապա դու աղճատում ես պետության զավթման ողջ անատոմիան»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ բնավ զարմանալի չէ այն վիճակը, որը ներկայումս կա, քանի որ աղմկահարույց գործերը քննում են քննիչներ, դատավորներ, դատախազներ, ովքեր նախկին ռեժիմի ժամանակ մասնակցություն են ունեցել պետության զավթմանը իրենց պաշտոնների բերումով։
«Վստահություն ունենալ աղմկահարույց գործերով քննությունների նկատմամբ՝ անիմաստ է։ Այդ գործերը քննողները մասնակից են եղել պետության զավթմանը, ավելին՝ ջանքեր են գործադրել պետության զավթումը իրականացնելը պաշտպանելու համար։ Այս իրավիճակում անընդհատ զարմանալ պետք չէ։ Անընդհատ զարմանալը անգրագիտության նշան է կամ պետության զավթման ամբողջ անատոմիան չգիտակցելու հետևանք։ Բայց ես կարծում եմ, որ մի քանի հոգի գիտակցում են այդ անատոմիան, պարզապես անպիտան պետական ինստիտուտներով անպիտանելիությունը հիմնավորող գործողություններ ակնկալել հնարավոր չէ»,- նկատեց Սաքունցը՝ հավելելով, որ պետության զավթմանը քաղաքական գնահատական տալուց հետո հարկավոր էր վեթինգ իրականացնել, մաքրել համակարգը այն ակնառուներից, որոնք Հռոմի պապից ավելի կաթոլիկ իրենց վարքագծով ջանքեր չեն խնայել պետության զավթումն իրականացնելու համար։ Իսկ վեթինգից հետո պետք է լյուստրացիա իրականացվեր, որի արդյունքում կբացահայտվեին իրականացված բոլոր քաղաքական հետապնդումները. «Բայց քանի որ այդ ամենը տեղի չի ունեցել, երբեք չի կարելի ակնկալել, որ քաղաքական հետապնդումներ իրականացրածները քաղաքական հետապնդում իրականացնելու հրաման տվածների դեմ քրեական գործերով նյութեր են հավաքելու»։
Մեր դիտարկմանը՝ երբ ո՛չ պետության զավթմանն է քաղաքական գնահատական տրվել, ո՛չ վեթինգ է իրականացվել, ոչ էլ լյուստրացիա՝ ինչ պետք է անել, իրավապաշտպանը նկատեց, որ երբեք ուշ չէ այդ կարևոր քայլերը կատարելու համար: «Ավելի լավ է ուշ, քան երբեք։ Դրանք այն անհրաժեշտ գործողություններն են, առանց որոնց Հայաստանում ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության մասին խոսելը դառնում է անիմաստ։ Ավելին, հեղափոխություն իրականացրած ժողովրդի ակնկալիքները չեն կարող բավարարվել առանց այդ գործողությունների։ Հետևաբար այդ ակնկալիքները օրակարգում են, և դրանք կատարելը պարտավորություն է ներկայիս իշխանության համար, որոնք իշխանության են եկել ընտրությունների միջոցով, լեգիտիմության բարձր մակարդակում։ Եվ եթե այս իշխանությունը դա չիրականացնի, հաջորդ իշխանությունը դա անելու է։ Այլ տարբերակ չկա։ Այն, որ Հայաստանը լինելու է իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, միանշանակ է»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։