Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԱԱԾ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը, որ չի հանդիսանում քաղաքական նպատակներով օգտագործվող գործիք

December 18, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախօրեին տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

 

Ուշագրավ է, որ ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ հանձնարարականները հաջորդում են ԱԱԾ նախավերջին հայտարարությանը, որը կապված էր իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, և այդ հաղորդագրության մեջ կարմիր թելով գնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թեզը, թե Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները վտանգ են սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն հիշեցրել էր, որ իրենք գիտեն, թե հասարակական կազմակերպությունները որտեղից են ֆինանսավորվում:

 

ԱԱԾ այդ հայտարարությանը հաջորդել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի արձագանքը, որը չէր տարբերվում ԱԱԾ-ի պաշտոնական արձագանքից:

 

Արթուր Սաքունցը Արթուր Վանեցյանի կարծիքը չի նույնացնում ԱԱԾ-ի կարծիքի հետ, քանի որ նա այլևս պաշտոնատար անձ չէ, բայց խնդիր է համարում, որ ներկայիս ԱԱԾ-ն դեռևս հետևում է նախկին ղեկավարի պատկերացումներին՝ չունենալով սեփական պատկերացումները առկա մարտահրավերների վերաբերյալ։ «Մինչ օրս դեռ պարզ չէ, թե որոնք են համարվում ՀՀ ԱԱԾ-ի կողմից մարտահրավերները, որովհետև իրենց կողմից արված վերջին հայտարարության մեջ մարտահրավերների թվում շարադրվում էր փողերի լվացումը, թմրաբիզնեսը, ահաբեկչությունը, բայց ԱՊՀ-ի շրջանակներում, օրինակ, ՌԴ անվտանգության մարմիններն ազգային անվտանգության մարտահրավեր են համարում նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Ես չգիտեմ, մեր ԱԱԾ-ն էլ է քաղաքացիական հասարակությանը կամ, իրենց ձևակերպմամբ, դրսից, դրամաշնորհներ ստացող ՀԿ-ներին համարում ազգային անվտանգության սպառնալի՞ք, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրենք ուշադրությամբ հետևելու են ԱԱԾ-ի գործունեությանը՝ հասկանալու համար՝ իրենք համարվո՞ւմ են ազգային անվտանգության սպառնալիք, թե՞ ոչ, որից հետո էլ կարվեն համապատասխան հետևություններ:

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ վարչապետը ճիշտ էր, երբ ասում էր, որ հեղափոխությունը կատարվել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ «Այո, մենք հեղափոխությունը արել ենք ի հեճուկս նման մտածելակերպի: ԱԱԾ՝ իմ վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնելու օրակարգը դեռևս մնում է և այն պետք է իրականացվի առանձին պետական մարմիններում՝ մասնավորապես ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատաիրավական համակարգում ընդհանրապես: Իսկ ԱԱԾ-ում հեղափոխությունն ավարտին հասցնելը հատկապես անհրաժեշտ է: ԱԱԾ-ն, եթե ունակ է, պետք է վստահություն ձևավորի իր նկատմամբ և ապացուցի, որ ինքը չի շարունակում մնալ քաղաքական ընդդիմադիրների և ակտիվիստներին հետապնդող մարմնի վիճակում»,- ասաց Սաքունցը:

 

Իսկ թե այդ վստահությունը ինչպես պետք է առաջացնի ԱԱԾ-ն, իրավապաշտպանի խոսքերով՝ դա հնարավոր է կառույցում իրականացվելիք վեթինգի միջոցով, իսկ որպես չափանիշ պետք է լինի այն, որ բոլոր նրանք, ովքեր նախկինում ներգրավված են եղել քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների դեմ գործողություններով, այդ թվում՝ զբաղված են եղել տարբեր անձանց հավաքագրելով, անձանց նկատմամբ ապօրինի տեղեկությունների հավաքագրմամբ, ապա այդ մարդիկ պետք է հեռանան ԱԱԾ-ից։ «ԱԱԾ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ ինքը չի հանդիսանում քաղաքական նպատակներով օգտագործվող գործիք: Բացի դրանից՝ մենք պետք է տեսնենք ԱԱԾ-ի՝ ժողովրդավարական և իրավական պետության վերափոխվելուն, համապատասխանելուն ուղղված հայեցակարգ, որովհետև իրենք շարունակում են մնալ առայժմ այն տրամաբանության մեջ, որում եղել են վերջին երեսուն տարվա մեջ»,-եզրափակեց իրավապաշտպանը:

 

1in.am

views: 493

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color