Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ռեյդեր»-ը ավտորիտար կառավարմանը համարժեք իրավապահ մարմնի գործելաոճ է. ոստիկանությունը պետք է բովանդակային փոփոխությունների ենթարկվի

June 24, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունը բավական տարօրինակ գործելաոճ է որդեգրել։ Գրեթե ամեն օր լուրերով, ՈՍ հաղորդագրությունների միջոցով կարելի է կարդալ, որ Երևան քաղաքում, մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացվել, բերման են ենթարկվել տարբեր անձինք, որոնք դրանից հետո ազատ են արձակվել։ Շատ հաճախ անգամ նրանց մոտ ոչինչ չեն հայտնաբերում։ Նախօրեին էլ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից ընդամենը մեկի մոտ է հայտնաբերվել թմրամիջոց։

 

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ ոստիկանությունը ընտրել է այս գործելաոճը, քանի որ իրենք աշխատելու ուրիշ ձև չգիտեն, ոստիկանության ֆունկցիան նախկին իշխանության ժամանակ եղել է բացառապես իշխանության հրահանգներին ենթարկվելը, և իրենք օրինականություն հաստատելու հարցում անհրաժեշտ փորձառություն չունեն։ «Ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի շրջանակներում։ «Ռեյդեր» ասվածը ավտորիտար կառավարմանը համարժեք իրավապահ մարմնի գործելաոճ է, այլ ոչ թե ժողովրդավարական պետության բնորոշ գործելակերպ։ Սա խոսում է այն մասին, որ ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինները՝ ԱԱԾ-ն, որոնք անմիջականորեն շփվում են մարդկանց հետ, պետք է լրջագույն բովանդակային փոփոխությունների ենթարկվեն, քանի որ հեղափոխությունից հետո շատ դժվար է մարդկանց միանգամից փոխել՝ ավտորիտար պետության ղեկավարների հրամանները կատարողներից միանգամից դարձնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխան գործող կառույցների ներկայացուցիչներ»,- ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ իրավապահ մարմինների գործողությունները, ամեն մի քայլը պետք է լինի պատճառաբանված, հիմնավորված։ Բերման ենթարկելու ամեն մի դեպքը չպետք է լինի կամայական։ «Որքան էլ ողջունելի լինի քրեական աշխարհի դեմ պայքարը, այն, այնուամենայնիվ, պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան, օրինականության սահմաններում, հիմնավորված։ Հակառակ պարագայում, այդ գործողությունները, որքան էլ, որ լավ նպատակ հետապնդեն, իրավական նորմերի հետ խնդիրներ ունեցող գործողություններով արդյունքի հասնել հնարավոր չէ։ Անօրինականության դեմ պետք է պայքարել միմիայն օրինական մեթոդներով։ Եթե կան անձինք, որոնք կասկածվում են ինչ-ինչ անօրինական գործողություններ կատարելու մեջ, ապա նրանք պետք է բերման ենթարկվեն կոնկրետ հիմնավորումների դեպքում։ Իսկ հիմա հակառակ իրավիճակն է, քանի որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո չի ենթարկվել արմատական, կտրուկ փոփոխությունների։ Ոստիկանությունը իրապես գտնվում է իրենց համար անսովոր իրավիճակում, քանի որ տարիներ ի վեր իրենց փորձառությունը ձեռք է բերվել քաղաքական իշխանության կողմից հրահանգների շրջանակներում։

 

Իրենք օրինականության շրջանակներում գործելու տրամաբանության մեջ փորձ չունեն, և դա իրապես ոստիկանության համար «դեժավյու» վիճակ է ստեղծում։

 

Դրա համար էլ, ինչ էլ, որ անում են, ստացվում է պրոբլեմատիկ։ Դրա համար պետք է փրկել ոստիկանությանը այն ծուղակից, որում եղել են տարիներ շարունակ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Սաքունցի խոսքերով՝ այն գործելաոճը, որը վերջին շրջանում ընտրել է ոստիկանությունը, զսպող նշանակություն ունի, այլ ոչ թե կանխարգելիչ, բովանդակային ազդեցություն։ Մինչդեռ, այսօր բովանդակային ազդեցության համար առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ «Բովանդակային փոփոխության համար բավական լուրջ աշխատանք պետք է կատարել՝ թե՛ կրթական, թե՛ վերապատրաստման մասով։ Անպայման ոստիկանության համակարգում ևս պետք է վեթինգ իրականացվի։ Պարզապես պետք է այդ մարմնի գործունեության փոփոխության համար հարթակ ձևավորվի։ Բացի դրանից՝ այդ մարմնի ենթակայության հարցը պետք է լուծել։ Հասարակական կարգի պահպանումը և քրեական ոստիկանությունը պետք է տարանջատված լինի, և բազում այլ հարցեր։

 

Ոստիկանությունը պետք է բաց լինի, չխուսափի քննարկել այդ հարցերը, որոնք ուղղված են բացառապես համակարգի առողջացմանը։ Փոփոխությունների ամբողջ փաթեթը, մեր առաջարկությունները մենք ուղարկել ենք նաև ոստիկանությանը, սակայն տեքստային արձագանք դեռ չենք ստացել»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

views: 960

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color