Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Շատ կարևոր է ՊԵԿ-ի քննչական բաժնի հանումը և տեղափոխումը Քննչական կոմիտե. սրանք պահանջում են լուծումներ

April 28, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրերս հարցազրույցում ասել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում «երկրաշարժեր» են սպասվում, և որ առաջիկա ամիսներին սպասվող բարեփոխումների մասին կլսենք: «Իհարկե, բարդ փուլում ենք, բայց վեթինգը քայլ առ քայլ առաջ է գնում և սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամբողջական վեթինգ կլինի, որովհետև չի լինի մեծ վեթինգ առանց այդ փոփոխությունների»,-ասել է նախարարը:

 
 

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է, որ ջանքեր գործադրվում են դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով վեթինգի գործընթաց իրականացնելու ուղղությամբ. «Իհարկե, դեռ իրապես հանդիպում ենք սահմանադրական որոշակի սահմանափակումների: Այդ ուղղությամբ էլ սահմանադրական բարեփոխումների գործընթացը մի քիչ դանդաղ է ընթանում, բայց այդ ուղղությամբ էլ են գնում: Եթե այս գործընթացը սկսվեր հեղափոխությունից հետո, մենք հիմա այլ իրավիճակում կլինեինք: Այնուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք: Հստակ է, որ վեթինգի համար պետք է առանձին օրենք ընդունել, կամ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ անել, որոնք անխոցելի դարձնեն իրավական տեսակետից վեթինգի գործընթացը: Մյուս կողմից էլ պետք է իրավունքի գերակայության սկզբունքի վրա դա արվի: Նաև պետք է հանրային շահի տեսակետից վստահելի դատական իշխանության ձևավորման կոնցեպտի տեսակետից մոտենալ: Բոլոր դեպքերում, ես կարող եմ արձանագրել, որ կա ձգտում դատական համակարգում իրավիճակը փոխելու: Ճանապարհները, միջոցները դեռևս ձևավորման փուլում են»,-ասաց Սաքունցը:

 
 

Նրա խոսքով, այն, ինչ պետք է արվեր հեղափոխությունից հետո՝ սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն, ցավոք ուշացան. «Դա, իհարկե, պայմանավորված էր նաև օբյեկտիվ պատճառներով, կորոնավիրուս, պատերազմ, բայցևայնպես, պետք է այդ գործընթացն իրականացնել»:

 
 

Հարցին, թե կարծում եք, որ ամբողջական վեթինգ հնարավոր կլինի իրականացնել միայն սահմանադրական փոփոխություններից հետո՞, Սաքունցը պատասխանեց. «Միանշանակ է, որ կան սահմանադրական նորմերով պայմանավորված սահմանափակումներ: Վեթինգը միանգամյա գործողություն է, իսկ որպեսզի համակարգը մշտապես գտնվի արդարադատություն իրականացնողի դիրքերում, այդտեղ շատ կարևոր են բարեվարքության մեխանիզմները, որոնք պետք է անպայման հաջորդեն կամ զուգահեռվեն վեթինգին: Այնպես որ, այո, այս տեսակետից, սահմանադրական լուրջ երաշխիքներ պետք է ձևավորվեն, որը ներկա Սահմանադրությունը չի կարող տալ»:

 

 

Ինչ վերաբերում է պնդումներին, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում իշխանությունն ավելի շատ իմիտացիոն գործընթացներով է զբաղված, քան իրական փոփոխություններով, իրավապաշտպան արձագանքեց. «Ես արդեն ասացի, որ իշխանությունը ջանքեր գործադրում է, Վենետիկի հանձնաժողովի հետ են աշխատում, մենք ենք այդ պրոցեսների մեջ ներգրավված, որպեսզի գտնենք այն լավագույն տարբերակը գոյություն ունեցող սահմանափակ հնարավորությունների շրջանակում, որպեսզի իրավիճակը տեղից հանվի: Չնայած, մյուս կողմից, կարելի էր շատ ավելի արմատական քայլերի գնալ, ընդհուպ մինչև որոշ սահմանադրական նորմերի դադարեցման, եթե դրանք խոչընդոտում են դատական իշխանության բարեփոխմանը: Բայց դատաիրավականը շատ ավելի լայն հասկացություն է, դրա մեջ մտնում է և դատախազությունը, և ոստիկանությունը: Ոստիկանության մասով շատ բարդ է, ճիշտ է պարեկային ծառայությունը ներգրավվեց, բայց մինչև հիմա հասկանալի չէ, թե ՆԳՆ-ն, որ պետք է ձևավորվի, ընդհանրապես ինչ փուլում է, ինչ վիճակում է: Նաև քննչական մարմինների հետ կապված ունենք խնդիրներ, որովհետև, գիտեք, ՀՔԾ-ի լուծարումից հետո կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահվեց Հակակոռուպցիոն կոմիտեին, խոշտանգումների հետ կապված, պաշտոնատար անձանց կողմից ոչ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահվեց ԱԱԾ-ին, ինչը ես ճիշտ չեմ համարում: Պետք է պահպանվեր ՀՔԾ-ն և նրա կողմից այդ գործառույթն իրականացվեր»:

 

 

Սաքունցի խոսքով, ցավոք, հեղափոխությունից հետո 2-3 տարի կորսվեց. «բայց որ հիմա կա ձգտում, փնտրտուքներ, անհաջող մոտեցումներ, հետո ուղղումներ և այլն, այդուամենայնիվ, գտնում եմ, որ կարելի էր շատ ավելի համակարգված, հիմնավորված այդ գործընթացը իրականացնել, որպեսզի կանխատեսելի լինեին նաև արդյունքները: Իսկ առայժմ դեռ հասկանալի չէ, թե դատախազության հետ կապված ինչ է արվում: Դատախազությունը ևս պետք է փոփոխությունների ենթարկվի, միանշանակ»:

 

 

Արթուր Սաքունցը կարևորեց նաև քննիչների բարեվարքությունը ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի, այլ նաև Քննչական կոմիտեի. «Շատ կարևոր է ՊԵԿ-ի քննչական բաժնի հանումը և տեղափոխումը Քննչական կոմիտե: Սրանք պահանջում են լուծումներ»:

www.1in.am

views: 42

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color