Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արթուր Դավթյանի ու Վահագն Հարությունյանի միջև քիմիա կա. ակնհայտ միտում է նկատվում, որպեսզի Վահագն Հարությունյանը չարտահանձնվի ՀՀ-ին

April 9, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մինչ կորոնավիրուսի համավարակի տարածումը և դրա հիմքով արտակարգ դրության հայտարարումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գլխավոր դատախազությանը հրապարակավ պահանջ էր ներկայացրել հրապարակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին ուղղված միջնորդության տեքստը՝ կապված Մարտի 1-ի գործով անցնող Վահագն Հարությունյանի արտահանձնման հետ։ Գլխավոր դատախազությունից, սակայն, առ այսօր որևէ արձագանք չի եղել դրա վերաբերյալ, ոչ էլ հրապարակվել է միջնորդության տեքստը։

 

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մարտի 15-ին ձերբակալվել էր ՌԴ իրավապահների կողմից և տեղափոխվել էր Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար։ Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց, սակայն մարտի 16-ին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը Վահագն Հարությունյանին ազատ էր արձակել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

 

Արթուր Սաքունցի կողմից դատախազությանն այդ հրապարակային պահանջը ներկայացնելու անհրաժեշտությունը բխել էր նրանից, որ եթե այդ միջնորդությունը պատշաճ ներկայացվեր, ապա այն չէր կարող մերժվել։ Իսկ եթե մերժվել է, ապա դա նշանակում է, որ գլխավոր դատախազությունը իր գործը լավ չի կատարել։ «Մենք ունենք երկու ինֆորմացիա. մեկը, որ Վահագն Հարությունյանի արտահանձնման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, և ունենք երկրորդ տեղեկատվությունը, որ ՌԴ գլխավոր դատախազությունը, հղում անելով ԱՊՀ-ի Մինսկի կոնվենցիայի համապատասխան հոդվածին, վաղեմության ժամկետի հիմքով հրաժարվել էր արտահանձնել Վահագն Հարությունյանին, և նա ազատ էր արձակվել։ Վաղեմության ժամկետ կարող էր կիրառվել միայն 2008 թվականի Մարտի 1-ի գործով ապացույցների կեղծման հիմքով հարուցված քրեական գործի վրա, բայց Վահագն Հարությունյանի նկատմամբ հարուցված է երկու այլ հոդվածներով քրեական հետապնդում, որոնցից մեկը Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնությունների հիմքով հարուցված քրեական գործն է, որի նկատմամբ ՌԴ գլխավոր դատախազության կողմից վկայակոչված Մինսկի կոնվենցիայի համապատասխան դրույթը չէր կարող տարածվել»,- ընդգծեց Սաքունցը՝ հավելելով, որ այս իրավիճակում հարց է առաջանում, թե ՀՀ գլխավոր դատախազը արտահանձնման միջնորդության մեջ բոլո՞ր հոդվածներն է վկայակոչել, որոնցով Հայաստանում քրեական հետապնդում իրականացվում է Վահագն Հարությունյանի նկատմամբ, թե՞ ոչ։

 

Հիշեցնենք, որ 2018-ին դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է։ Բացի Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեղադրանքից, նա որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

 

Հիմա իրավապաշտպանը հարց է բարձրացնում՝ թե արդյոք արտահանձնման միջնորդության մեջ այս երկու մեղադրանքները ևս ներառվե՞լ են, թե՞ ոչ։ «Որպեսզի կասկածները վերանան, ՀՀ գլխավոր դատախազը պետք է հրապարակի այդ միջնորդության տեքստը, որը չի կարող համարվել նախաքննական գաղտնիք։ Ավելին, այդ միջնորդության մեջ չի կարող լինել այնպիսի տեղեկություն, որը կարող է համարվել նախաքննական գաղտնիք։ Ավելին, իմ հրապարակավ հարցադրումից հետո ես գլխավոր դատախազությունից, ոչ անձամբ դատախազից, ոչ էլ այլ պատասխանատուներից որևէ արձագանք չեմ լսել այս հարցի հետ կապված։ Կարծես գիտակցաբար խնդիրը լռության մատնելու վարքագիծ է որդեգրվել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Մեր դիտարկմանը՝ եթե ՌԴ գլխավոր դատախազությունն ազատ է արձակել Վահագն Հարությունյանին՝ հղում անելով կոնվենցիայի համապատասխան հոդվածը, դրանից ենթադրելի՞ չէ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Վահագն Հարությունյանին առաջադրված մյուս մեղադրանքների մասով ոչ մի պահանջ չի ներկայացրել արտահանձնման միջնորդության մեջ, Սաքունցը պատասխանեց. «Կարող ենք նման ենթադրություն անել, այո։ Ավելին, հիմնովին են մեր կասկածները, որ միջնորդության մեջ այդ հոդվածները ներառված չեն, բայց որպեսզի մենք ելնենք ոչ թե ենթադրություններից, այլ հիմնվենք փաստերի վրա, ապա հարկավոր է, որ գլխավոր դատախազությունը հրապարակի միջնորդության տեքստի ամբողջական տարբերակը։ Դա կփարատի բոլորիս կասկածները»։

 

Ի դեպ, իրավապաշտպանի խոսքերով՝ առ այսօր հայտնի էլ չէ նաև, թե ՌԴ գլխավոր դատախազության կողմից արտահանձնման միջնորդության մերժումից հետո ՀՀ գլխավոր դատախազը ինչ քայլեր է կատարել։ Արդյոք ներկայացրե՞լ է նոր միջնորդություն արդեն իսկ առկա քրեական գործերի հիմքով։ «Բայց իրադարձությունների հաջորդականությունը, Վահագն Աբգարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշումը և այլ գործողություններ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ կարծես թե գնում է ինչ-որ ստվերային համաձայնություն, ստվերային գործընթաց, միայն թե ընդհանրապես քննարկման հարց չդառնան Վահագն Հարությունյանի արտահանձնման հետ կապված այն անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է կատարի ՀՀ գլխավոր դատախազը, և որոնց դեպքում ՌԴ գլխավոր դատախազությունը չէր կարող ունենալ որևէ հիմնավորում արտահանձնման միջնորդությունը մերժելու համար։ Ակնհայտ է միտումը, որպեսզի Վահագն Հարությունյանը ոչ մի պարագայում չարտահանձնվի Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծեց Սաքունցը։

 

Ի դեպ նշենք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մեղադրյալ Վահագն Հարությունյանը մտերիմ ընկերներ են։ Սաքունցի խոսքերով՝ ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու և հիմնավոր կասկած առաջադրելու, որ «Արթուր Դավթյանի ու Վահագն Հարությունյանի միջև այնպիսի քիմիա կա, որ որոշիչ նշանակություն ունի գլխավոր դատախազի կողմից օրենքով սահմանված պարտավորությունները չկատարելու վրա»։

 

«Առաջին լրատվական»-ը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ՌԴ իրավապահների կողմից Վահագն Հարությունյանի արտահանձնման մերժումից հետո ինչ նոր քայլեր է ձեռնարկում գլխավոր դատախազությունը, արդյոք պատրաստվո՞ւմ են նոր միջնորդություն ներկայացնել Վահագն Հարությունյանին արտահանձնելու հետ կապված՝ հաշվի առնելով այլ քրեական գործերով նրա անցնելու հանգամանքը և խնդրել ենք տրամադրել արդեն իսկ ներկայացված միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունից մեր հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

 

1in.am

views: 518

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color