Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Եթե «գործ տալու» քրեական մշակույթը գործում է իրավապահ մարմիններում, ապա այն իր ողջ դրվածքով կոռուպցիոն է

August 9, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապահ մարմիններում կոռուպցիոն տարբեր ռիսկերի, գործողությունների վերաբերյալ չկա հրապարակային խոսք, ուղերձ, մթնոլորտի փոփոխությանն ուղղված իրական քայլեր, իսկ լռությունը վկայում ու հիմնավորում է, որ համակարգերը մնացել են կոռուպցիոն մշակույթի ու ընթացակարգերի տիրույթում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Խոսելով իրավական համակարգում՝ դատախազությունում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում տարիներ շարունակ տիրող կոռուպցիոն մեխանիզմների մասին, իրավապահ մարմինների գործառույթների ու դրանց չկատարման մասին, Սաքունցը նշեց՝ իրավական նորմատիվ բազան՝ գերատեսչական ակտեր, հրամաններ, կարգադրություններ, ներքին կազմակերպական խնդիրները կարգավորող նորմեր, շատ դեպքերում անգամ հայտնի չեն եղել հենց համակարգի աշխատողներին։

 

«Տարիների ընթացքում գիտակցաբար ու տրամաբանորեն ձևավորված համակարգ է, որի էությունն ու բովանդակությունը կոռուպցիոն է եղել։ Կոռուպցիոն է հանդիսանում, որովհետև բոլոր ընթացակարգերը, որոշումները հայտնի չեն եղել նույնիսկ մարդկանց, որոնց վերաբերյալ կայացվել է։ Շատ դեպքերում, եթե անգամ հայտնի է եղել, ապա դրանք այնքան որոշակի չեն, որ որոշում կայացնողի սուբյեկտիվ մոտեցումը որոշիչ նշանակություն ունի, թե տվյալ իրավիճակում որ նորմը կարող է կիրառվել կամ ոչ։ Դրա դեմ մարդը մնում էր մեն-մենակ՝ չունենալով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ։ Ընթացակարգերը ձևակերպվել են մարդուն կախվածության մեջ գցելու ու անպաշտպան դարձնելու նպատակով։ Ավելին ասեմ, այն բնագավառները, որոնցում իրավապահ մարմինները պետք է ինչ-որ գործառույթ իրականացնեն, ասենք՝ գնահատեն այս կամ այն նորմատիվ ակտի կիրառումը, խախտումները, այդտեղ նույնպես հստակ չէ, որոշակի չէ, ինքնին իրավապահ մարմնի ներկայացուցիչն, ըստ հայեցողության, կարող է դա կիրառել կամ ոչ՝ նայած, թե դիմացինն ով է»,- մանրամասնեց Արթուր Սաքունցը։

 

Ի դեպ նշենք, որ օրերս ոստիկանության պետ Վահե Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի մասով։ Ոստիկանապետը կարևորել է իրենց համակարգում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Սաքունցը կարևոր շեշտադրում արեց՝ ոստիկանական համակարգում ատեստացիա հասկացությունը վաղուց վերացվել է։

 

«Ի՞նչ չափանիշներով է որոշվում, որ այս կամ այն մարդուն պետք է նշանակել աշխատանքի կամ հեռացնել, ի՞նչ չափանիշներով են իրականացվում ծառայողական քննությունները, ի՞նչ չափանիշներով են որոշում պաշտոնական առաջխաղացումը, խրախուսանքները։ Մեկ օրինակ թեկուզ բերեք, որ համակարգում աշխատողը երբևէ բողոք ներկայացրած լինի իր վերադասի ոչ հիմնավոր որոշումների վերաբերյալ։ Համակարգը պետք է լինի այնպիսին, որ աշխատողները ոչ թե լինեն հպատակներ, այլ ենթականեր։ Իհարկե, հրամանի ուժով նրանք դեռ ենթականեր են, բայց չպետք է հպատակ լինեն։ Նրանք կարող են չկատարել ոչ օրինական կամ ապօրինի հրամանները։ Ավելին՝ այդ ապօրինությունների դեպքերում կարողանան անվտանգ, ապահով բողոքարկել դրանք՝ ունենալով երաշխիք, որ դրա համար չեն հետապնդվի, չի վտանգվի թե՛ իրենց, թե՛ իրենց մերձավորների ֆիզիկական գոյությունը և, ի վերջո, չեն կորցնի աշխատանքը։ Հայտնի «գործ տալու» քրեական մշակույթը, եթե գործում է իրավապահ մարմիններում, իհարկե, այդ իրավապահ մարմինը իր ողջ դրվածքով կլինի կոռուպցիոն։ Տարիներ շարունակ այդպես է եղել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Խնդրի լուծումը Արթուր Սաքունցը տեսնում է վեթինգի իրականացման մեջ, որի ակնկալիքն իրավապաշտպան հանրությունն ուներ հենց հեղափոխությունից հետո։ «Մենք, երբ պնդում էինք ու պնդում ենք, որ պետք է իրականացնել վեթինգ, դրա էությունն այն էր, որ պետք է ազատվել նման մշակույթը կրողներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մեջ, ջանքեր չեն խնայել ապահովելու քաղաքական իշխանության ապօրինի հրահանգների կատարումը։ Տարիներ շարունակ այդ մարդիկ գործել են այդ համակարգում ու շարունակում են լինել։ Հետևաբար՝ վտանգված է իրավական անվտանգությունը։ Մթնոլորտի փոփոխման հայտարարված մոտեցումների՝ որպես փոփոխության մասին վկայության նյութականացված առաջին քայլը պետք է լիներ վեթինգը՝ ցույց տալու համար, որ հռչակված մոտեցումները տեսական չեն, այլ իրական են»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Սաքունցի պնդմամբ՝ հակառակ պարագայում, կոռուպցիան, կոռուպցիոն մտածելակերպն ու մշակույթը կշարունակեն գործել, իհարկե, ավելի զսպված ձևով, քանի որ քաղաքական իշխանության կողմից չկան երաշխիքներ, որ նման վարքագիծը կունենա աջակցություն։

 

Իրավապաշտպանի խոսքերով՝ կոռուպցիոն մշակույթի կրող համակարգի կողմից ինչ բնույթի տեղեկատվություն էլ եթե դրվի, կառավարության կամ վարչապետի սեղանին, վստահության իմաստով կասկածելի կլինի։ «Կոռուպցիոն մշակույթի մեջ գործող կառույցի տրամադրած տեղեկատվության նկատմամբ վստահություն չի կարող լինել։ Երբ ասում ենք՝ կոռուպցիոն ռիսկեր կամ դրսևորումներ, պետք է հականալ, թե ինչով է դա պայմանավորված։ Տենում եք, չէ՞, ոստիկանապետը նշանակումներ է կատարում։ Նախկինում էլ էին անում, հիմա էլ են անում։ Ինչի՞ հիման վրա են անում։ Որո՞նք են այն չափանիշները, որոնց հիման վրա արվում են այդ նշանակումները։ Այստեղ խնդիրն այն չէ, որ իրենք գիտեն՝ ում են նշանակում։ Չափանիշները հանրության համար պետք է լինեն հստակ։ Նշանակողներ ու նշանակվողները տնօրինում են հանրային ռեսուրսները հանրային խնդիրներ լուծելու համար։ Պետք է լինեն վստահելի, հասկանալի որոշումներ։ Հակառակ պարագայում, մարդը զբաղվում է հասարակական կարգի պահպանությամբ, ու ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա է այդ որոշումը կայացվել, ի՞նչ արժանիքների համար։ Աշխատանքից հանում են, կադրերի ռեզերվ են ուղարկում, ինչո՞ւ, գուցե հանցագործություններ եք կոծկում։ Կառավարման համակարգը պետք է լինի հաշվետու ու թափանցիկ, ոչ միայն ոստիկանական համակարգը։ Բարեվարք, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքների երաշխավորման միջոցով կարող է լինել երաշխիք, որ հանրային կառույցները կգործեն առաջին հերթին հանրային վստահության մթնոլորտու ու հանրության շահերի օգտին, ոչ թե անձնական կամ խմբային նկատառումներից ելնելով։ Եթե սա ապահովված չէ, ապա կոռուպցիոն կլինի ու լինելու է, անկախ քաղաքական իշխանության ցանկությունից։ Քաղաքական իշխանության կամքը կարևոր է, բայց բավարար չէ։ Քաղաքական կամք դրսևորողները, եթե չեն իրականացրել համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, շատ շուտ դարձել են կա՛մ կոռուպցիայի զոհը, կա՛մ կոռումպացված։ Խաղի կանոնները իրենք են թելադրում այլևս։ Եվ այդ պարագայում բարեխիղճ մարդը կամ պետք է դուրս մղվի՝ չհարմարվելով այդ վարքագծին, կա՛մ ինքը պետք է հարմարվի այդ մշակույթին ու դառնա կոռումպացված համակարգի մաս»,- տեսակետ հայտնեց Արթուր Սաքունցը։

 

Իրավապաշտպանի վստահեցմամբ՝ նախկինում Հռոմի պապից ավելի կաթոլիկ եղածները պետք է վեթինգի ենթարկվեին անհապաղ, որպեսզի ցույց տրվեր, թե ուղերձն իրականում ինչպիսին է։ «Հեղափոխությունից հետո բովանդակային փոփոխություն ես չեմ տեսել։ Ես սպասում էի, որ ոստիկանության, դատախազության, քննչականի, ԱԱԾ-ի կողմից պետք է հնչեին ահազանգեր, թե ինչ անօրինություններ են թույլ տրվել այս համակարգերում։ Ո՞ւր են։ Ինչպես եղել են ծպտված, լուռ, այնպես էլ շարունակում են մնալ ծպտված, լուռ ու բերանները ջուր առաջ։ Ինչո՞ւ։ Որովհետև համակարգի ներսում իրավիճակ չի փոխվել»,- իր խոսքն ամփոփեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

1in.am

views: 161

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color