Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ամեն մի մահվան փաստով հարուցված գործով պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն, որի օրինակը մինչ այժմ չունենք». Արթուր Սաքունց

February 23, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
 

– Բանակում վերջին ողբերգական դեպքերից հետո պաշտպանության համակարգում պաշտոնանկություններ տեղի ունեցան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացները, որքանով են դրանք լուծելու խնդիրը, արդյոք դա բավարա՞ր է, թե՞ դրանք պետք է շարունակական լինեն։

 

– Ընդհանրապես պետական կառավարման համակարգում, որը ձևավորվել է թե՛ իր ավանդույթներով, թե՛ աշխատանքի մեթոդներով, թե՛ կառավարման սկզբունքներով և, առավել կարևորը՝ արժեքային հիմքով պետությունը բռնազավթած կառավարման օրոք, առանց դրանց արմատական փոփոխության և առանց դրանց արժեքային հենքի փոփոխության, կառավարման մոդելի փոփոխության և որի միջոցով դրանք պետք է համապատասխանեցվեն ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին, որևէ կադրային փոփոխություն չի կարող հանգեցնել խնդիրների լուծման։ 

 

Որպես դրա օրինակ բերում եմ ԱԱԾ տնօրենի անհաջող փոփոխությունը, ոստիկանության պետի անհաջող փոփոխությունը և այն մարմինների ղեկավարների չփոփոխված լինելը, որի հետևանքով մենք շարունակաբար ունենում ենք և արձանագրում ենք խնդիրներ։ 

 

Ավելին, հատկապես դատաիրավական համակարգը, որի վրա է խարսխված եղել պետության զավթման բուն մեխանիզմը, առանց դրա արմատական փոփոխության որևէ ղեկավարի փոփոխություն չի բերելու այն խնդիրների լուծմանը, որը կոչվում է արդարության հաստատում, մարդու արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունք, և իրավական ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան որոշումների ընդունում և իրականացում։ 

 

Կարող է ասեք, որ կառավարությունը որպես այդպիսին փոփոխված է։ Այո՛, բայց եթե կառավարության մեջ դեռ շարունակում են պաշտոնավարել նախկին մտածողություն ունեցող մարդիկ, ապա քաղաքական կամքը իր տրամաբանական շարունակությունը չի ստանում այդ պետական կառավարման մարմինների բովանդակության անփոփոխության հետևանքով։ 

 

Իսկ երբ փորձ է արվում բարեփոխումներ իրականացնել, մենք տեսնում ենք, որ այդ բարեփոխումներին ընդդիմանալու, դրանք կասեցնելու ուղղությամբ ինչպիսի մեծ ջանքեր են գործադրում արդեն իսկ մերժվածները, որոնց համար կենսական նշանակություն ունեն իրենց կողմից ստեղծված մարմինները՝ որպես իրենց գոյատևման երաշխիքներ։ 

 

Հետաքրքիր է, որ այնտեղ, որտեղ համակարգային փոփոխություններ չեն կատարվում, այնտեղ որևէ քննադատություն չկա։

 

Հիշեք՝ ԱԱԾ-ի հետ կապված բացարձակ որևէ քննադատություն չկար այն ոգևորության ֆոնին, որը հեղափոխության աջակիցներն ունեին սկզբից։ Նույնը՝ ոստիկանության հետ կապված, նույնը՝ դատարանների հետ կապված։ 

 

Այսինքն՝ այն պետական մարմիններում, որտեղ փոփոխություններ չկան, այդտեղ դժգոհություններ չկան։ Համոզված կարելի է պնդել, որ կադրային փոփոխությունները չեն կարող արդյունք ունենալ առանց համակարգային փոփոխությունների։ Իսկ համակարգային փոփոխությունների բուն բովանդակությունը պետք է լինի համապատասխանեցնել պետական մարմինների գործունեությունը, նրանց ձևավորման սկզբունքները, նրանց հաշվետու և թափանցիկ աշխատելակերպը, որի դեպքում միայն կունենանք ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին համապատասխանող պետական ինստիտուտներ։ 

 

– Եթե այդ երկու պաշտոնյաներին ՊՆ-ից հեռացնում են, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը գիտակցում է այդ անձանց պատասխանատվության չափաբաժինը բանակում սպանությունների, ինքնասպանությունների համար։ Եթե այո, ապա չպե՞տք է նաև քրեական գործեր հարուցվեն։

 

– Ամեն մի մահվան փաստով հարուցված քրեական գործով պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն, որի օրինակը մինչ այժմ չունենք, որովհետև, ցավոք սրտի, մահվան փաստով քննությունները սահմանափակվում են միայն կոնկրետ այն հանգամանքներով, որի շրջանակներում տեղի է ունեցել դեպքը։ 

 

Այդտեղ սպաների, ինստիտուտների անկատարության, հրամանատարների պատասխանատվության խնդիրներին, որպես կանոն, չեն անդրադառնում։ 

 

Ուզում եմ ասել, որ չափաբաժինը որոշելու պրակտիկան, մտածելակերպը գոյություն չեն ունեցել։ Սա վարչական մեթոդներով իրավիճակային լուծում տալու փորձ է, բայց եթե ռազմական ոստիկանության ամբողջ գործելակերպը մնալու է նույնը, ապա ով էլ գա, չեմ կարծում, որ մեծ արդյունք է լինելու։ 

 

Մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ իրենք են ամենամեծ պատասխանատվությունը կրելու միայն։ Ինչո՞ւ պաշտպանության նախարարը, որը պատասխանատու է քաղաքականության մշակման համար, չունի պատասխանատվություն։ 

 

Ինչո՞ւ գլխավոր շտաբի պետը և իր տեղակալները, որոնք ուղղակի պատասխանատվություն ունեն զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության ապահովման, ներքին կանոնադրության ապահովման համար, որևէ պատասխանատվություն չպետք է կրեն։ 

 

Այդ ի՞նչ հրահանգներ են տրվել ռազմական ոստիկանության պետին կամ անձնակազմի հետ անհատական աշխատանքների գծով պատասխանատուին, որ չեն կատարել դրանք։ Եվ ընդհանրապես, տրվե՞լ են նման հանձնարարականներ, թե՞ ոչ։ 

 

Այստեղ հանձնարարություն կամ հրահանգներ տվողները պետք է նույնպես հստակ տեսանելի լինեն։ Այսինքն՝ մենք չպետք է գործ ունենանք քավության նոխազների ինստիտուտի հետ, որը բնորոշ է եղել հենց ավտորիտար կառավարմանը, երբ կադրերին զոհաբերում էին՝ համակարգը պահպանելու նպատակով։ 

 

Այդ համակարգը պետք է լինի այնպես, որ հստակ պատասխանատվությունը տեղավորված լինի անձի նկատմամբ պատասխանատվության վրա, ոչ թե կառավարողի առջև պատասխանատվության հիման վրա։ 

 

Զինվորի նկատմամբ պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի որոշիչ՝ գնահատման համար։ Դա չպետք է երևա միայն մահվան դեպքերում։ Դա պետք է երևա մինչ այդպիսի դեպքերը, այլ խախտումների համար։ Այդ խախտումները կարևորություն են ունենում գնահատման համար, երբ ամբողջ ծառայության կոնցեպտի հիմքում ընկած է զինվորական համազգեստով քաղաքացու կոնցեպտը։ Դա մինչ այժմ գոյություն չունի։

 

– Վերջին շրջանում բանակում լուծվել է սննդի հարցը, հագուստի հարցը, նախօրեին էլ վարչապետը իր հարցազրույցում նորից նշեց, որ բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասել։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը։

 

– Մենք արդեն պատմական նվազագույնի մասին հրապարակում արել ենք և համաձայն չենք այդ տեղեկատվությանը։ Որքան հասկանում եմ՝ այդ տեղեկատվության տրամադրողը պաշտպանության նախարարն է, և ինքը պետք է հրապարակավ հիմնավորի, թե ինչի՞ հիման վրա է նման բան ասում, որովհետև մենք բերել ենք կոնկրետ թվեր։ 

 

Ավելին, մենք այն թվերը, որ ներկայացրել ենք, որ եղել են մահացության շատ ավելի քիչ դեպքեր, պայմանավորում ենք նրանով, որ այդ արդյունքը եղել է հանրային բողոքների ազդեցության ներքո։ Ժամանակին, երբ «Բանակն իրականում» շարժումը սկսվեց, դա պայմանավորված էր Աղասի Աբրահամյանի մահվան փաստով, որի նկատմամբ բժշկական օգնություն ստանալու ժամանակ բժիշկը բռնություն էր գործադրել, և նա մահացել էր։

 

Բայց քանի որ համակարգային լուծումներ չտրվեցին և չէին էլ կարող տրվել, մահացության մակարդակը շարունակեց բարձրանալ, ոչ թե պահպանվել, որովհետև պատասխանատվության հիմքում դրված չէ զինծառայողի արժանապատվության նկատմամբ պատասխանատվությունը։

 

Եվ հիմա, այո՛, սննդի, հագուստի, նյութամատակարարման, անվտանգության ապահովման համար միջոցները մենք կարևորում ենք, բայց ես միշտ առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ, որ նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցում կարող են խախտվել մարդու իրավունքները, կարող են հյուրանոցում մարդուն խոշտանգել, բռնությունների ենթարկել և հասցնել ինքնասպանության, եթե այդ բարձրակարգ հյուրանոցի պայմաններում տիրում են անպատժելիությունը, կոռուպցիան, որը չի վերացած։ 

 

Հարուցված քրեական գործերն են ցույց տալիս, որ դեռևս կոռուպցիայից զերծ համակարգ չի հաստատված։ Այո՛, քաղաքական մակարդակով հաստատված է, համակարգային կոռուպցիա չկա, քաղաքական իշխանությունը կոռուպցիոն շահեր չունի, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիոն շահեր չկան այդ համակարգի ներսում, որի մասին շատ լավ գիտի պաշտպանության նախարարը։ Դրա համար պատասխանատվություն կրում են թե՛ գլխավոր շտաբի պետը, թե՛ նախարարն անձամբ։ 

 

Երբ այս առումով իրավապաշտպանները կամ հասարակական գործիչները կամ լրատվամիջոցները հարցերը բարձրացնում են, ապա փոխանակ հարց բարձրացնողներին թիրախավորելու, որոնց նպատակը համակարգային լուծումների հասնելն է, պետք է ճանաչեն, առերեսվեն, ընդունեն այդ խնդիրները և գործ անեն։ Իսկ գործ անելու հիմքում պետք է լինի կառավարման մոտեցումների քաղաքականության արմատական փոփոխությունը։

 

medialab.am

views: 313

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color