Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) RElection [#6] Ընտրական հանձնաժողովների՝ քաղծառայողների թվից ձևավորման փոփոխությունն այդքան էլ չեմ ընդունում․ Վարդինե Գրիգորյան

September 24, 2019

Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Rights | Media about us | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ։ Թեման Ընտրական օրենսգիրքն է, մասնավորապես՝ ՏԸՀ կազմավորման արդյունավետ մեխանիզմի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրության, կանանց ներկայացվածության, հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի վերաբերյալ հարցերը։

 

-Անդրադառնանք ընտրական վարչարարությանը, մասնավորապես տարածքային և տեղամասային հանձնաժողովների կազմավորմանը։ Նախորդ տարի ներկայացված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով երկու տարբերակ էր ներկայացվում՝ անդամների նշանակում քաղծառայողների թվից և ՏԸՀ կազմավորում բաց մրցույթի միջոցով։ Ո՞ր տարբերակն է Ձեզ համար ավելի նախընտրելի, և ինչու՞։

 

-Մենք հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ ունենք խնդիր․ որակավորումը բարձր չէ, և վերապատրաստումներ բավարար քանակով չեն անցնում։ Հիմնականում սպոնտան ձևավորվելով տարբեր ազատ մարդկանցից՝ նրանց որակավորումը կարող է բավարար չլինել, ու կուսակցությունները, չունենալով բավարար ռեսուրսներ՝ հրավիրելու այդքան մարդկանց իրենց ներկայացնելու հանձնաժողովներում, ինչը փաստացի տրամաբանության մեջ էր՝ խմբակցությունները պետք է կարողանային ներկայացված լինել Տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ունենում են խնդիր՝ այդ տեղերն ուրիշներին փոխանցելու։

 

Սրա հետ կապված այդ կարգավորումն իրականում չէր ծառայում իր նպատակին։ Բայց փոփոխությունը՝ քաղծառայողների թվից կամ այլ մեթոդով ձևավորման, ես անձամբ այդքան էլ չեմ ընդունում։ Տարբերակը, որը մենք էինք մտածում, այն էր, որ հաշվի առնելով՝ իրականում կա կուսակցականացվածություն և քաղաքական նախապատվությունը տարածքային մակարդակում, իրականում ավելի ազնիվ կլիներ, որ մենք ունենայինք քաղաքական ուժերի կողմից ձևավորված տարածքային ընտրական հանձնաժողով նաև։

 

Մեր մոտեցումն այն էր, որ հանձնաժողովները՝ թե՛ տարածքային, թե՛ տեղամասային ձևավորվեին հավասարաչափ բոլոր խմբակցությունների կողմից՝ անկախ նրանից, թե իրենք այդ պահին ինչ կարգավիճակում են։ Նույնիսկ կարող է մեխանիզմներ մշակվել թեկնածուների միջոցով տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորելու, իհարկե, խոսքը կուսակցություններին է վերաբերում, ոչ թե անհատներին։ Դա մեկնարկային հնարավորություններ էլ կտար մնացած կուսակցություններին, որովհետև ներկայիս կարգավորումով, երբ հանձնաժողովի նախագահ ու քարտուղար նշանակվում են արդեն իսկ մեծամասնություն ունեցող խմբակցության կողմից, ի սկզբանե վերջինիս առավելություն է տրվում նաև տեղամասում։ Եթե այդ հնարավորությունները լինեին հավասարաչափ, այդ դեպքում մենք կունենայինք իրավիճակ, որ տեղամասային կենտրոնում խնդիրները լուծվում են հավասար ձայների հնարավորությամբ, և իշխող ուժն այլևս չունի այն իշխանությունը, որն ունի ներկայիս կարգավորումներով։



Որ մեխանիզմը լինի պրոֆեսիոնալ, իհարկե, շատ ավելի ընդունելի է։ Ի սկզբանե, երբ չէինք դիտարկում քաղծառայողի տարբերակը, մտածում էինք այս տարբերակի մասին, հետագայում, երբ ներկայացվեց դրա դրական կողմերը, մենք հասկացանք, որ այո՛, դա ընդունելի է, նույնիսկ կարելի է մշակել մեխանիզմներ, որոնցով ավելի անկախ կդառնա հանձնաժողովը, հանձնաժողովի անդամների համար խրախուսական ինչ-որ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք ցանկանան այս աշխատանքներում ավելի ներգրավված լինել՝ ավելի երկարաժամկետ առումով։

 

Այստեղ ամենակարևորը վերապատրաստման մասն է․ այն չպետք է լինի պայմանական մի քանի ժամանոց դասընթաց, որոնք նրանք ունենում են ամեն ընտրությունից առաջ, այլ իրականում կրի պարբերական բնույթ, ու փաստացի, հանձնաժողովի անդամները դիտարկեն սա որպես իրենց կողմնակի կարիերա, աշխատանք, որն իրենք անում են ընթացիկ ձևով ոչ այնպես, ինչպես եղել է մինչև հիմա։ Ոչ թե այնպես, ինչպես դպրոցի տնօրեններն էին աշխատում, որ գիտեին՝ իրենք պարբերաբար ինչ-որ մի ֆորմատով ծառայելու են իշխանություններին, այլ շատ ավելի պրոֆեսիոնալ մոտեցումով։ Օրինակ՝ վերջին ընտրություններին, որ շատ լավն էին, տեսնում էինք՝ հանձնաժողովի որակն իրականում բարելավված չէր։



-Ո՞ր մարմինը պետք է ստանձնի այդ երկարաժամկետ դասընթացներն իրականացնելու պարտավորությունը։



-
Պատասխանատվությունը միանշանակ պետք է լինի Տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովինը։ Տարբեր երկրներում ԿԸՀ-ն ունի նաև մշտական գործող վերապատրաստման կենտրոն, որը, բնականաբար, շատ ավելի օգտակար է։ Այն անձնակազմը, որն ունի այս պահին ԿԸՀ-ն, դա թույլ չի տալիս, ու իրենք հիմնականում ընտրություններից առաջ կարճ ժամանակով վարձում են վերապատրաստողներին։ Իսկ մենք փաստացի ունենք տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք մշտական կառույցներ են, բայց իրականում ընթացիկ գործունեություն չունեն։ Նրանք ռեսուրս են, որը չի օգտագործվում։ 



-Անցում կատարենք ազգային փոքրամասնություններին, այս մասով կարծես, նախապատվությունը տրվել էր այն տարբերակին, որ յուրաքանչյուր կուսակցությունից պահանջվում էր համամասնական ցուցակում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նվազագույն քվոտա։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք քվոտան պետք է նախատեսված լինի բոլոր ազգային փոքրամասնությունների համար ամբողջությամբ, թե յուրաքանչյուրի համար առանձին, և եթե առանձին է, ապա ի՞նչ սկզբունքով է նախատեսվելու՝ որ ազգային փոքրամասնությանն է տրվելու քվոտան, արդյոք ժողովրդագրական ցուցանիշն է ազդեցություն ունենալու։ 



-
Այս պահի քվոտայով ժողովրդագրական ցուցանիշն ազդեցություն չունի, մենք ունենք 30-40 հազարանոց համայնք, ու իրենք փաստացի ունենում են մեկ պատգամավոր։ Ու այն մեթոդը, որը նախատեսվեց փոփոխություններով, որոնք չընդունվեցին, իրականում նույնն էր, ինչ կար գործող օրենսգրքով։ Սահմանվեց ընտրության նույն կարգը, ինչն իմ կարծիքով ընդունելի չէ, որովհետև սա իրականում չի ապահովում կոնկրետ մասնակցությունը, ակնհայտ է, որ հիմնականում  ազգային փոքրամասնությունների թեկնածուներ կարողանում էին ունենալ ավելի շատ իշխանություն, հնարավորություններ ունեցող կուսակցությունները, և եթե մենք դա ունենում ենք որպես պարտադիր բաղադրիչ, բավականին դժվարանում է կուսակցությունների գրանցումը։

 

Մյուս կողմից իրենք փաստացի ներգրավում են մարդկանց, որոնք համայնքը չեն ներկայացնում, ու մեխանիզմներ չկան նախատեսված, որոնք կօգնեին համայնքին իր ներսում որոշել, թե ում են ներկայացնում որպես թեկնածու։ Բայց սա ավելի ընդհանրական խնդիր է՝ կապված նրա հետ, թե ինչպես են ձևավորվում կուսակցությունների ընտրական ցուցակները։ Խնդիր կա, թե ով է որոշում՝ ովքեր են թեկնածուները, ու այն դեպքում, երբ մենք խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, պետք է ուշադրություն դարձնենք՝ արդյոք ցուցակները, որոնք կազմվում են կուսակցությունների կողմից, ժողովրդավարական մեթոդնեով են կազմվել, թե մի անձի կամ միայն կուսակցության վարչության կողմից։ Եվ այս դեպքում, թե համայնքները կամ տարբեր խմբեր ինչպես են ներկայացված։



Ազգային փոքրամասնությունների հետ կապված գործընթացը մի քիչ արհեստական է այն առումով, որ փաստացի բոլոր խմբերին ներկայացնում է մեկ անձ, բայց եթե ընդհանուր նայենք ազգային փոքրամասնություններին, նրանք շատ ավելին են, տարբեր ազգեր կան, ու եթե ներկայացնում ենք ամեն մի ազգից մի ներկայացուցիչ, մենք իրենց վրա դնում ենք հենց այդ ազգային փոքրամասնությանը ներկայացնելու գործը, երբ մեր նպատակն ընդհանուր առմամբ ներառականություն ապահովելն էր։ Այսինքն՝ այստեղ պետք է խրախուսվի նաև այն, որ ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ներկայացնում է նաև մյուս ազգային փոքրամասնություններին ու չի սահմանափակվում միայն իր համայնքով։



Այստեղ քննարկումը մի քիչ ավելի բարդ է դառնում։ Այն մեթոդը, որը սահմանվել է Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով այդքան էլ հնարավորություն չի տալիս իրոք ներկայացուցչական դարձնելու։ Բայց միաժամանակ ես անձամբ չէի ուզենա, որ ներկայացուցչականությունը, որը մենք կպարտադրենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակին, չլինի նաև մյուս ցուցակում։ Չլինի այնպես, որ նույն ներկայացուցչականությունը մենք չենք ակնկալում մնացած ընդհանուր ցուցակից՝ այդ թվում տարածքային ներկայացվածություն, կանանց ներկայացվածություն։ 



Մեթոդը, որը մենք ենք առաջարկում, ենթադրում է, որ կուսակցությունն, օրինակ, ստանալով 20 մանդատ, պարտավոր է այդ 20 մանդատից մեկը տալ ազգային փոքրամասնության իր ցուցակից։ Եթե չունի, այդ մանդատը փոխանցվում է մյուս կուսակցությանը։ Պատկերացնում էինք, որ դա հնարավորություն կտա և՛ ներկայացնելու ազգային փոքրամասնություններին ինչ-որ մի քանակով, և՛ հնարավորություն կտա կուսակցություններին այդ մանդատն ունենալ իրենց ընդհանուր հաշվեկշռի մեջ, ոչ թե որպես լրացուցիչ։ Այն տարբերակը, որը սահմանված է գործող օրենսգրքով, Սահամնադրությունն էլ ասում է՝ պատգամավորներն առնվազն 101 են, բայց իրականում գործող ընտրական օրենսգրքի կարգավորումներով առնվազն 105 են, որովհետև նախատեսվում է 101+4, ինչը կոպիտ ասած շատ դրսից է դարձնում այդ պատգամավորներին, չի դարձնում ամբողջ պրոցեսի մաս, ոչ թե ներառված, այլ ուղղակի կողքից միացող։ Դա ընդունելի չէ, քաղաքական ուժը պետք է մի ամբողջականություն լինի՝ իր ներառականության, բազմազանության մեջ։ 



-Ի՞նչ տարբերակ եք առաջարկում սեռերի համամասնությունն ապահովելու և կանանց ներկայացվածության ցուցանիշը բարելավելու համար։



-Փաստը, որ ներկայումս տարբեր հաշվարկներով կուսակցության անդամների 30-40%-ը կանայք են, նշանակում է, որ կանայք, այնուամենայնիվ, ներկայացված են քաղաքականության մեջ, այլ խնդիր է, որ այդ նույն կուսակցությունների վարչություններում կամ ավելի բարձր պաշտոններում տղամարդիկ շատ ավելի շատ են։

 

Չգիտեմ՝ դա հավակնություններից է, թե տարբեր այլ պատճառներ կան, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ քանի դեռ չկա ներառականության մշակույթը, քանի դեռ փաստացի ունենք մեծամասնություն կանայք բնակչության մեջ, բայց շատ խիստ փոքրամասնություն քաղաքականության մեջ, պետք է դիմենք այլ միջոցների՝ ավելի արհեստական, ժամանակավոր, որոնք կօգնեն վերջապես դա դարձնել մշակույթ։

 

Իրականում կանայք արհեստականորեն են դուրս մնացել այս գործընթացից, երբ տղամարդիկ ուղղակի որոշել են ձայնի իրավունք չտալ կամ այլ տարբեր միջոցներով պատմականորեն դուրս են թողել կանանց։ Մենք, կոպիտ ասած, պատմական այդ անարդարությունը վերացնելու ճանապարհին ենք, և արդարությունը վերականգնելու համար պետք է նման միջոցների գնանք։ 



Ունեմ խնդիր ներկայիս 30% կարգավորման հետ, որն անցումային դրույթներով նույնիսկ ավելի քիչ է։ Այն իրականում չի ներկայացնում իրական համամասնությունը, բայց միաժամանակ որոշակիորեն կարող եմ հասկանալ կուսակցություններին, որոնք ասում են՝ այս պահին չեն կարող ապահովել կանանց մասնակցայնություն, բայց չեմ կարող դա հասկանալ, երբ ասում են երկարաժամկետ առումով։ Այսինքն՝ եթե մենք այս պահին ասում ենք, որ 2023 թվականին չենք կարողանալու ապահովել 40%-ը, որն ինձ համար առավել ընդունելի է, նշանակում է, որ ասում ենք՝ մինչև 2023 թվականը ոչ մի քայլ չենք ձեռնարկելու, որպեսզի կանայք ավելի մասնակցեն։

 

Մենք, եթե որպես նպատակ չենք տեսնում, որ ԱԺ-ի առնվազն 40%-ը լինեն կանայք, նշանակում է չենք էլ ուզում այդ ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել, նշանակում է՝ այն, ինչ հիմա խոսում ենք կանանց ու տղամարդկանց հավասարության մասին, կամ փորձում ենք դրա հետ կապված իբր ծրագրեր անել, իրականում ոչ մի բան էլ չենք անում։ Ինձ համար այստեղ հստակ քաղաքական կամքի հարց կա․ դնում ենք նպատակ, որ 2023 թվականին Ազգային ժողովի 40%-ը լինեն կանայք, ուրեմն՝ մենք այդ ուղղությամբ քայլեր կանենք, եթե նպատակը կմնա նորից նվազ 30%-ի մեջ, նշանակում է՝ ամբողջ խոսակցությունը կանանց դերի կարևորության մասին ընդամենը պոպուլիստական տեքստեր են։



Կա նաև մյուս մեթոդը, որ ասում են՝ անպայման պետք է 50/50% լինի, ես կարծում եմ՝ դա շատ արհեստական է։ Նախ, ուղղակի 50/50 չի լինելու, արհեստականորեն պարտադրելու ենք, որ անպայման հավասարություն լինի, ու 1%-ի շեղումը խնդրահարույց է դառնալու։ Իսկ երբ նվազագույնը 40% լինի, ոչ ոք չի արգելի ունենալ 50/50, բնականաբար, դա շատ ավելի լավ կլինի։ Ես կարծում եմ, որ կանանց պատրաստվածությունը միանշանակ թույլ տալիս է 40% մասնակցության, ուղղակի պետք է ապահովել միջավայրը, որ կանայք ատելության խոսքով կամ այլ կարծրատիպերով խտրականության չենթարկվեն, որը նրանց կստիպի դուրս գալ այս պայքարից, կստիպի մտածել, որ քաղաքականությունն իրենց ոլորտը չէ։



-Խոսենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքից։ Հայեցակարգով առաջարկվում էր ընտրություններից առաջ հրապարակել մատչելի ընտրատեղամասերի ցուցակը, և տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել իրենց բնակավայրին մոտ գտնվող մատչելի տեղամասում։ Արդյոք սա ևս խտրական չէ՞, քանի որ շատերն այդպես էլ չեն կարողանա մասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով տրանսպորտի անմատչելիությունն ու այլ խնդիրներ։ Առհասարակ երկարաժամկետ առումով ինչպե՞ս է պետք լուծել այս հարցը։



-Հստակ շեշտեմ, որ դա առաջարկվում էր որպես ժամանակավոր լուծում՝ հաշվի առնելով, որ ընտրությունները շատ մոտ էին, լինելու էին ամենաուշը 2019-ի մայիսին։ Իսկ երկարաժամկետ առումով մեր նպատակն այն է, որ բոլոր տեղամասերը լինեն մատչելի։ Դա կազմակերպելն իրականում բարդ չէ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն անցել է համընդհանուր ներառական կրթության, իսկ տեղամասերի 80-90%-ը դպրոցներում են։ Այսինքն՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ այդ դպրոցները պետք է լինեն մատչելի, և սա ևս մեկ առիթ է նրանց համար՝ այդ մատչելիությունն ապահովելու։ Միջոցը, որ մենք առաջարկում էինք տեղամասերի ցուցակները հրապարակելու, դրա հետ կապված էլ խնդիրներ կային՝ իսկ որն ենք համարում մատչելի, որը՝ ոչ, իսկ ով է գնահատում այդ մատչելիությունը, իր բնակավայրից մինչև տեղամաս հասնելու ճանապարհի մատչելիությունը և այլն։



Տեղամասերի մատչելիության ապահովումը, գումարած քվեաթերթիկների պարզեցված տարբերակները կօգնեն, որ մարդիկ հնարավորինս ինքնուրույն քվեարկեն։ Եթե մենք այս պահին ունենք տեսողական կամ այլ խնդիրներ ունեցող մարդկանց կողմից օգնողներին դիմելու բարձր թվեր, քվեարկության՝ հնարավորինս հեշտ տարբերակը կնպաստի, որ մարդիկ ինքնուրույն քվեարկեն, քվեարկության գաղտնիությունն էլ չի խախտվի։



Դրան զուգահեռ մենք առաջարկում էինք, որ լինի շրջիկ արկղով քվեարկության տարբերակը, որովհետև փաստացի որոշ դեպքերում անձը, երբ հնարավորություն չունի բնակարանը լքելու, իր համար արժանապատիվ քվեարկության ձև է, երբ նա հնարավորություն ունենա քվեարկելու տանը։ Չարաշահումները, որոնք կարող են լինել շրջիկ արկղի հետ, առանձին չարաշահումներ չեն։ Այսինքն՝ եթե ընտրությունները կեղծվելու են, դա կլինի այդ կեղծիքներից մեկը։ Եթե ընտրությունները չեն կեղծվելու, այս գործիքը ևս չի չարաշահվի։ Կարելի էր շրջիկ արկղով քվեարկության ցուցակներն առանձնացնել մնացած ցուցակներից, նախատեսել շրջիկ, վիրտուալ տեղամաս, որի միջոցով, եթե չարաշահումներ հայտնաբերվեն, ուղղակի կարելի է այդ տեղամասի արդյունքները չեղարկել։



Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Վարդինե Գրիգորյանի հարցը.



-Մեր առաջարկությունն էր, որ գրանցման համակարգը լիներ միասնական, այսինքն՝ ցանկացած տեղամասում անձը կարողանար գնալ քվեարկելու։ Այս դեպքում նույն այդ ըստ բնակության վայրի քվեարկելու կարիքը չէր լինի, որովհետև համակարգը կլիներ միասնական, անձը մի տեղ քվեարկեց, ոչ մի տեղ այլևս չի կարող քվեարկել, միանգամից կվառվի կարմիր ազդանշանը կամ ինչ էլ որ լինի։ Ու սա նաև մատչելիության առումով օգտակար կլիներ, քանի որ անկախ նրանից՝ ինչպես են տեղամասերը մատչելի դարձվում, էլի կա նույն տեղը հասնելու խնդիրը, ու այս դեպքում անձը կընտրեր այն տարածքը, որն իրեն ավելի հարմար է։ Ու էլի կարիք չէր լինի նախապես գրանցվելու, ընդհանուր ավտոմատացված համակարգ կլիներ։ Ուզում եմ՝ հաշվի առնելով, որ խոսում ենք 2023 թվականի մասին, մյուս խոսնակը գնահատեր դրա հնարավորությունները, ռիսկերը, ու արդյոք ընդունելի տարբերակ է համարում։

 

infocom.am

views: 967

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color