Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Համաձայնագրի 8-րդ հոդվածը դատախազության կողմից սխալ է մեկնաբանվում․ անդրադարձ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործին

March 28, 2019

Media about us | Julieta Ghukasyan

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Օրեր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդիևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը: Այն մերժելիս մեջբերվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997-ին կնքված «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 8-րդ հոդվածը՝ նշելով. «Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Անդրեյ Ռազգելդիևը չէր կարող ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»։



Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը սխալ է մեկնաբանում 8-րդ հոդվածը։

 

Նա նշեց, որ գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ ռուս զինծառայողի՝ ռուսական ռազմաբազայում գտնվելը։ «Ես գտնում եմ, որ գործի օբյեկտիվ քննության վրա էական նշանակություն կարող է ունենալ մեղադրյալի նկատմամբ ճնշումների առկայությունը, ինչի հավանականությունը մեծ է նրա՝ ռուսական ռազմաբազայում գտնվելու պարագայում»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Այս թեմայի շուրջ զրուցել ենք նաև ՔՈ ՍԴԿ-ի մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանի հետ: Նշենք, որ կուսակցությունը հանցագործություն կատարելու մասին հաղորդագրություն է ներկայացրել դատախազություն` հիմք համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը՝ դատական ակտը չկատարելու մասին:

 

«Մենք գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ. երբ անձը կալանավորվում է, նա պետք է պահվի կալանավայրում: ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կալանավայր է համարվում Կառավարության կողմից ստեղծված և ՀՀ պետական կառավարման մարմինների կառուցվածքում գործող համապատասխան վայրը, ինչպիսին չի հանդիսանում ռուսական ռազմաբազան: Եթե կալանավորը չի պահվում այնպիսի վայրում, որը համապատասխանում է մեր օրենսդրությանը, նշանակում է, որ այդ անձի կալանքը ի կատար չի ածվում, մինչդեռ դատարանը որոշել է, որ նա պետք է կալանավորվի: Սրա հետ կապված դատախազությունն ունի անմիջական պատասխանատվություն և պետք է գտնի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք չեն կատարում այս որոշումը: Դատարանի պաշտոնատար անձի կողմից դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն է: Տեղյակ եմ, որ մեր կուսակցության քարտուղարությունը ստացել է դիմումի պատասխանը: Ինքս դեռ չեմ հասցրել պատասխանի բովանդակությանը ծանոթանալ, որովհետև այն մեր իրավաբանական խմբի ուսումնասիրությունների դաշտում է»,- նշեց Միքայել Նահապետյանը:

 

Հարցին` տեղյակ է արդյոք, թե ՌԴ որ օրենքին է հակասում մեղադրյալին ռազմաբազայի տարածքից տեղափոխելը, Նահապետյանը պատասխանեց՝ չգիտի, թե ՌԴ օրենսդրության որ կետին է դատախազությունը հղում անում: «Որքանով տեղյակ եմ, դատական գործում էլ չի ներկայացվել կոնկրետ այդ հոդվածը: Եվ պաշտպանը դրա հետ կապված հայտնել է իր առարկությունը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական հիմք են մեջբերում, ապա դատախազությունը իրավական փոխօգնության պայմանագիրն է մեջբերում, որի 8-րդ հոդվածն ասում է՝ եթե անհրաժեշտություն է առաջանում բազայի տարածքում դատավարական, քննչական, օպերատիվ հետախուզական կամ այլ բնույթի գործողություններ իրականացնելու, դրանք իրականացվում են Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից համատեղ կամ ՀՀ-ի իրավապահ մարմինների գրավոր միջնորդությամբ ՌԴ-ի իրավապահ մարմինների կողմից, եթե դրանց իրականացումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:



Միքայելի կարծիքով դատախազությունը սխալ է մեկնաբանում այս հոդվածը։ Իրենք լրիվ այլ կերպ են մեկնաբանել և գտնում է, որ դա է միակ ողջամիտ մեկնաբանությունը։ «Կա՛մ հայկական կողմը պետք է գործողություն իրականացնի ռուսական կողմի հետ համատեղ, կա՛մ դիմի, որ ռուսները միայնակ իրականացնեն: Բայց, որպեսզի այս երկրորդ տարբերակը լինի, ռուս իրավապահները պետք է օրենքով իրավունք ունենան նման գործողություն իրականացնելու, և սրան է վերաբերում պայմանագրի հիշյալ մասը, որ դրանց կատարումը չպետք է հակասի ՌԴ օրենսդրությանը: Պայմանական մի այլ օրինակ բերեմ. երկու պետությունները երբևէ չեն պայամանավորվել միևնույն օրենսդրությունն ունենալու, և ենթադրենք՝ ինչ-որ պահի ՌԴ-ում ապաքրեականացվում է, օրինակ, մարիխուանայի օգտագործումը, իսկ ՀՀ-ում այն շարունակում է քրեականացված մնալ: Հիմա եթե հայկական կողմը ռուս իրավապահներին միջնորդություն ներկայացնի ձերբակալելու թմրամիջոց օգտագործածին, ՌԴ իրավապահները կարող են պատասխանել, որ իրենք ձերբակալելու իրավունք ունեն միայն այն անձին, որին կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, իսկ նրա արարքն իրենց օրենսդրությամբ հանցագործություն չէ: Ահա նմանատիպ դեպքի համար է նախատեսված 8-րդ հոդվածը»,- պարզաբանեց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի անդամը:

 

Գործող իշխանությունների կողմից հարցի նկատմամբ ցուցաբերած պասիվության վերաբերյալ Նահապետյանն ասաց, որ տեսնում է հստակ ուղղորդում. «ՀՀ վարչապետը հայտարարում է՝ դե լավ, ձեզ համար որն ա ավելի կարևոր, որ գործը պատշաճ քննվի, թե որ այդ մարդը պահվի ՀՀ կալանավայրում: Սա ծիծաղելի հայտարարություն է: Հուսով եմ, որ այս հայտարարությունն անելը անմեղսունակություն չէ, երբ պետության իրավունքներին վերաբերող հարցը զիջվում է ինչ-որ արդյունավետության փաստարկով: Եվ բնականաբար, վարչապետի այս հայտարարությունից հետո գլխավոր դատախազը անգործություն պիտի ցուցաբերեր: Որովհետև մենք ունենք մի գլխավոր դատախազ, որը սովոր է եղել քաղաքական ղեկավարության աչքունքին նայելու: Արթուր Դավթյանը Սերժ Սարգսյանի աչքունքին նայելու սովորություն ունեցած դատախազ է: Երբ նա տեսնում էր, որ շեֆին ինչ-որ բան դուր չի գալիս, դա պատշաճ չէր քննվում, իսկ երբ դուր էր գալիս, քննվում էր չափից ավելի մանրամասն ու կանխակալ: Այս տրամաբանությամբ աշխատող դատախազությունը, հին Հայաստանի դատախազը, բնական է, որ պիտի նայեին Նիկոլ Փաշինյանին ու այդ գործը մոռացության մատնեին, պատշաճ չքննեին: Նիկոլ Փաշինյանն էլ, կարծում եմ, այդքանը հասկանալով է այդ հայտարարությունն արել»։

 

Սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու հարցին Infocom-ի հետ զրույցում անդրադարձավ նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

 

«ՀՀ-ում պետք է գերակա լինեն ՀՀ օրենքները: Ես հասկանում եմ` հնարավոր է, որ ժամանակին կնքվել են այնպիսի համաձայնագրեր, որոնց հիման վրա այժմ դատարանները ստիպված են այսպես արձագանքել, և հնարավոր է, որ դա շատ օրինական որոշում է, բայց, միևնույնն է, անթույլատրելի է: ՀՀ տարածքում որևէ մեկը չի կարող անպատիժ կատարել հանցագործություն, այն էլ առանձնապես ծանր հանցագործություն, իսկ այդ հանցագործությունները պարբերաբար կատարվում են և մնում մեզ համար անհասկանալի կարգավիճակով: Իրավապահները պետք է հնարավորություն ունենան ամբողջական ծավալով աշխատել կասկածյալի, մեղադրյալի հետ, իսկ ռազմաբազայում գտնվելու պարագայում դա գրեթե անհնար է»,- ասաց Նինա Կարապետյանցը: 



Նրա խոսքերով` պարզ չէ անգամ, թե ինչ պայմաններում են պահվում այնտեղ մեղադրյալները, ինչ մշակման են ենթարկվում այդ տարածքում: «Օրինակ՝ Ավետիսյանների գործով ինձ համար առնվազն անհասկանալի ու տարօրինակ էր Պերմյակովի պահվածքը։ Այդպես անհաղորդ նստել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվելուց հետո... Կասկածում եմ, որ նրան տարբեր տեսակի ինչ-որ մշակումների են ենթարկել, որոնց տիրապետում են հատուկ ծառայությունները։ Հետևաբար, ինձ համար անընդունելի է սա։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն ամբողջովին պաշտպանված զգա, և դրա երաշխիքը լինելու է այն, որ ՀՀ տարածքում գործեն մեր օրենքները»,- նշեց Կարապետյանցը:

 

Իրավապաշտպանն ասաց, որ ծանոթ չէ իրավական փոխօգնության պայմանագրին, բայց եթե հնարավորություն լիներ, կարծում է` ներկայիս իշխանություններն ավելի խիստ, ավելի պահանջատեր կլինեին:

 

infocom.am

views: 1162

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color